Ափապաշտպան կառույցներ

Ափապաշտպան կառույցներ, գետերի, ծովերի, ջրամբարների ափերը ալիքների, հոսանքների քայքայող ներգործությունից, ջրի ու սառույցի ճնշումից և այլ բնական գործոններից պաշտպանող կառույցներ։

Ափապաշտպան կառույցները պաշտպանում են բնակավայրերը, արդյունաբերական օբյեկտները, ճանապարհները, դաշտերը, պատմական հուշարձանները հեղեղումներից։ Օգտագործվում են նաև լողափի ստեղծման, պահպանման և ընդարձակման համար։ Ըստ ջրի հոսքի հետ փոխներգործության բնույթի լինում են՝ ակտիվ (օգտագործում են հոսքի էներգիան ափի ջրաբերուկների տղմալցման և պահպանման համար) և պասսիվ (հոսքին՝ ալիքի հարվածին դիմադրում են միայն իրենց կոնստրուկցիայի ամրությամբ և կայունությամբ)։

Ակտիվ ափապաշտպան կառույցներ են ալիքաբեկիչները, ընդլայնական կիսապատնեշները, կարգավորող դամբերը, իսկ պասսիվ՝ ալիքահետահար պատերը, խոշոր զանգվածներից լիցքերը, քարալիցքերը, ցանցարկղները, բետոնե կամ երկաթբետոնե սալերը։ Ափապաշտպան կառույցների համալիրի և նրանց տիպերի ընտրությունը կախված է ափի ռելիեֆից, հիդրոերկրաբանական ռեժիմից, երկրաբանական կառուցվածքից։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 161 CC-BY-SA-icon-80x15.png