Արևմտականներ, XIX դարի դարի 40-50-ական թվականների ռուսական հասարակական մտքի ուղղություններից մեկի ներկայացուցիչներ, որոնք հանդես են եկել հանուն Ռուսաստանում ճորտատիրության վերացման և Ռուսաստանի արևմտաեվրոպական ուղիով զարգանալու անհրաժեշտության (այստեղից էլ անվանումը՝ «Արևմտականներ»)։

Արևմտականների մեծ մասը ծագումով ու դիրքով ազնվական-կալվածատերեր, հարուստ վաճառականներ, ռազնոչինեցներ էին, որոնք հետագայում դարձել էին գիտնականներ ու գրականագետներ, գրողներ ու հրապարակախոսներ (Պ․Յա․Չաադաև, Իվան Տուրգենև, Ն․ Ա․ Մելգունով, Վ․ Պ․ Բոտկին, Պ․ Վ․ Աննենկով, Մ․ Ն․ Կատկով, Տ․ Ն․ Գրանովսկի, Պ․ Ն․ Կուդրյավցև, Ս․ Մ․ Սոլովյով, Կ․ Դ․ Կավելին, Բ․Ն․Չիչերին, Պ․ Գ․ Ռեդկին, Ի․ Կ․ Բաբստ, Ի․ Վ․ Վերնադսկի, Ն․ Ա․ Նեկրասով և ուրիշներ)։

1840-ական թվականներին, սլավոնաֆիլների դեմ գաղափարական վեճերի ժամանակ, Արևմտականների հետ էին Ա․ Ի․ Գերցենը, Ն․ Պ․Օգարյովը, Վ․ Գ․ Բելինսկին։ Արևմտականներն աշխատակցում էին առավելապես «Օտեչեստվեննիե զապիսկի» («Отечественные записки»), «Սովրեմեննիկ» («Современник»), «Ռուսկի վեստնիկ» («Русский вестник»), «Ատենեյ» («Атеней») և այլ պարբերականների։ Քննադատում և մերժում էին Ռուսաստանի միապետական-ճորտատիրական իրականությունը, դրան հակադրելով արևմտաեվրոպական միապետությունների (հատկապես Անգլիայի և Ֆրանսիայի) բուրժուական պառլամենտական, սահմանադրական կարգերը, հանդես էին գալիս Արևմտյան Եվրոպայի երկրների հետ Ռուսաստանի մերձեցման օգտին, կոչ էին անում զարկ տալ արդյունաբերության և առևտրի արագ զարգացմանը, երկաթուղիների կառուցմանը, պահանջում էին հասարակական մտքի ազատություն։

Ըստ Արևմտականների, այս ամենը իրականացվելու էր «ի վերուստ» կատարվող բարենորոգումների միջոցով, խաղաղ ճանապարհով։ 1850-ական թվականների վերջերին հասունացող հեղափոխական իրադրության և 1861 թվականի գյուղացիական ռեֆորմի նախապատրաստման շրջանում հակասությունները Արևմտականների և սլավոնաֆիլների միջև հարթվեցին, քանի որ և՛ մեկը, և՛ մյուսները օբյեկտիվորեն արտահայտում էին լիբերալ կալվածատերերի և բուրժուազիայի շահերը։ Վերջիններիս գաղափարախոսության դեմ դուրս եկան հեղափոխական դեմոկրատները Չերնիշևսկու և Գերցենի գլխավորությամբ։ Ետռեֆորմյան շրջանում, կապիտալիստական զարգացման պայմաններում, արևմտականությունը, որպես ռուսական հասարակական մտքի ուղղություն, դադարեց գոյություն ունենալուց։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 38