Արևադարձի կետեր, Խավարածրի ամենահյուսիսային ու ամենահարավային կետերը։ Ամառային արևադարձի կետում (նշանակվում է b, Այծեղջյուրի համաստեղության նշանով) Արեգակը լինում է հունիսի 22-ին և ունենում է առավելագույն հակում (23°27՛)։ Ձմեռային արևադարձի կետում (նշանակվում է 69, Խեցգետնի համաստեղության նշանով) Արեգակը լինում է դեկտեմբերի 23-ին և ունենում է նվազագույն հակում (-23°27՛)։ Ամառային արևադարձի ժամանակ հյուսիսային կիսագնդում լինում է տարվա ամենաերկար ցերեկը և ամենակարճ գիշերը։ Ձմեռային արևադարձի դեպքում՝ հակառակը։ Առավելագույն ու նվազագույն ցերեկվա ու գիշերվա տևողությունները կախված են տեղի աշխարհագրական լայնությունից։ Հայաստանում դրանց առավելագույն տևողությունը 15 ժ է, իսկ նվազագույնը՝ 9 ժ։

Հունիսի 21-ին, Գրինվիչի ժամանակով առավոտյան 05:04, Արեգակն իր թվացյալ երկնային շարժման ընթացքում անցնում է երկնային հասարակածի նկատմամբ իր ամենաբարձր կետով, ինչն էլ աստղագիտական ամռան սկիզբն է համարվում։ Այդ օրը կոչվում է ամառային արևադարձի օր և դիտվում են տարվա ամենաերկար ցերեկն ու ամենակարճ գիշերը։ Երկրի պտտման առանցքը թեքված է Երկրի` Արեգակի շուրջ պտտման ուղեծրի հարթության նկատմամբ (23°26′), ինչն էլ պայմանավորում է տարվա եղանակների փոփոխությունը։

Տարբերվում են երկու տեսակի արևադարձեր՝ ամառային և ձմեռային։ Երկրի հյուսիսային կիսագնդում ձմեռային արևադարձը ներկայումս տեղի է ունենում դեկտեմբերի 21-ին, իսկ ամառայինը՝ հունիսի 21-ին։ Ամառային արևադարձի ժամանակ, ինչպես նշվեց, դիտվում է ամենաերկար ցերեկն ու ամենակարճ գիշերը, իսկ ձմեռային արևադարձի ժամանակ՝ հակառակը՝ ամենակարճ ցերեկն ու ամենաերկար գիշերը։

Երկրի միջին աշխարհագրական լայնություններում աստղագիտական ամռան և աշնան ընթացքում կեսօրին Արեգակը զենիթից ավելի ու ավելի է ցածր է դիտվելու (ցերեկվա տևողութունը սկսում է նվազել, իսկ գիշերվանը՝ աճել), աշնանային գիշերահավասարի ժամանակ ցերեկն ու գիշերը հավասարվում են, և ձմեռային արևադարձի ժամանակ, գտնվելով հորիզոնի նկատմամբ ամենացածր կետում, Արեգակը կարծես կանգ է առնում, և սկսում է շարժվել հակառակ ուղղությամբ (ցերեկվա տևողութունը սկսում է աճել, իսկ գիշերվանը՝ նվազել) մինչև ամառային արևադարձի ժամանակ կրկին հայտնվում է հորիզոնի նկատմամբ ամենաբարձր կետում։

Հարավային կիսագնդի ձմեռային արևադարձը համընկնում է հյուսիսային կիսագնդի ամառային արևադարձին, իսկ ամառայինը՝ հյուսիսային կիսագնդի ձմեռային արևադարձին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 25