Արտաշես Գագիկի Սարգսյան (ռուս.՝ Арташес Гагикович Саркисян, հունիսի 1, 1974(1974-06-01), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայկական ծագմամբ ռուս պրոդյուսեր, դերասան, հեռուստահաղորդավար, ռադիոհաղորդավար։ «Քոմեդի քլաբի» հիմնադիրներից մեկը, «Total Football» ամսագրի նախկին գլխավոր խմբագիր, «Նոր հայեր» թիմի անդամ։ Բեմական կեղծանունն է Տաշ։ 2015 թվականից մինչև 2017 թվականի հունվարը եղել է «Матч ТВ» ալիքի սպորտային հեռարձակումների գլխավոր խմբագիր։

Արտաշես Սարգսյան
Ծննդյան թիվ՝հունիսի 1, 1974(1974-06-01) (50 տարեկան)
Ծննդավայր՝Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն՝ ԽՍՀՄ
 Հայաստան
 Ռուսաստան
Մասնագիտություն՝դերասան, պրոդյուսեր, հաղորդավար, խմբագիր, ռեստորատոր, հեռուստատեսային պրոդյուսեր, հեռուստահաղորդավար, ռադիոհաղորդավար և ՈՒՀԱ-ի խաղացող
IMDb։ID 6600784

Կենսագրություն

խմբագրել

Ավարտել է Երևանի գյուղատնտեսական ակադեմիայի գինեգործության ֆակուլտետը։ Խաղացել է «Ուրախների և հնարամիտների ակումբի»՝ «Նոր հայեր» թիմում։ 1994 և 1995 թվականներին իր կազմով հանդես է եկել ՈւՀԱ-ի առաջին լիգայում։

1996 թվականին Սարգսյանն իր թիմի հետ միասին հանդես է եկել ՈւՀԱ-ի գլխավոր լիգայում, և առաջին իսկ մրցաշրջանից հասել է մինչև կիսաեզրափակիչ, որտեղ նրանք իրենց տեղը զիջել են ապագա չեմպիոններ` «Մախաչկալայի թափառականներին»։ Նույն թվականին Յուրմալայի երաժշտական փառատոնում առաջին անգամ հանդես եկող «Նոր հայերը» անմիջապես արժանացել են երկրորդ մրցանակին՝ «Լուսավոր ՈւՀԱ»-ին։ Նույն մրցանակն Արտաշես Սարգսյանն ու իր թիմը ստացել են նաև հաջորդ փառատոնի ընթացքում։

1997 թվականի մրցաշրջանում նրանք դարձել են բարձրագույն լիգայի չեմպիոն, սակայն այս տիտղոսը կիսել են «Զապորոժիե-Կրիվոյ Ռոգ-Տրանզիտ» թիմի հետ։ 1998 թվականին «Նոր հայերը», որպես չեմպիոններ, բաց են թողել մրցաշրջանը, և կենտրոնացել են հյուրախաղերի վրա։ Այդ թվականին հայկական թիմը նվաճել է ՈւՀԱ-ի Սուպեր գավաթը, ինչպես նաև մասնակցել է ՈւՀԱ-ի երաժշտական փառատոնին, որտեղ մրցանակ չի կարողացել նվաճել։

1999 թվականին Սարգսյանն իր թիմի հետ միասին, լինելով ֆավորիտ, մասնակցել է բարձր լիգայի խաղերին, որտեղ հասել է եզրափակիչ, սակայն իր տեղը զիջել է Բելառուսի պետական համալսարանի երիտասարդ խմբին։ Բացի այդ, «Նոր հայեր» խումբը հանդես է եկել Յուրմալայի և ՈւՀԱ-ի ամառային գավաթի փառատոններում, որտեղ դարձյալ մնացել է առանց պարգևի։ 1999 թվականից հետո մասնակցել է 2000 թվականի երգիծական փառատոնին, որտեղ դարձել է «Նախագահական ՈւՀԱ»-ի մրցանակակիր։ Մասնակցել է նաև 2001 թվականի ամառային գավաթի խաղերին։ Դրանից հետո «Նոր հայեր» թիմը կենտրոնացավ հյուրախաղային գործունեության վրա՝ ելույթներ ունենալով ԱՊՀ-ի տարբեր երկրներում, Եվրոպայում, ինչպես նաև Իսրայելում և ԱՄՆ-ում։

2007 թվականին բացել է իր «TM Cafe» ռեստորանը, որը դարձել է մի քանի մրցանակների դափնեկիր։ 2010 թվականի դեկտեմբերին Արտաշես Սարգսյանը բացել է «Cafe „54“» սրճարանը, մասնակցել է «Tribeca» նախագծի ստեղծմանը[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Cafe 54 — официальное открытие» (ռուսերեն). allcomedyclub.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 28-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել