Արտադրության ռացիոնալացում

Արտադրության ռացիոնալացում, արտադրության պրոցեսի բոլոր տարրերի և դրանց զուգակցման մեթոդների կատարելագործման միջոցառումներ, որոնց նպատակն արտադրության արդյունավետության բարձրացումն է։ Կապիտալիստական Արտադրության ռացիոնալացումը ձեռնարկատիրոջ համար առավելագույն շահույթի ստացման ուղիներից է։ Այն ուժեղացնում է աշխատավորների շահագործումը, բարձրացնում աշխատանքի ինտենսիվությունն ու վատթարացնում դրա պայմանները, դառնում գործազրկության աճի պատճառ։ Սոցիալիստական Արտադրության ռացիոնալացումը պլանաչափ պրոցես է, ծառայում է աշխատավորների շահերին, ամբողջ ժողովրդի նյութական ու կուլտուրական մակարդակի բարձրացմանը։ Ռացիոնալացման հիմնական ուղղություններն են․ 1․ աշխատանքի միջոցների ու տեխնոլոգիական պրոցեսների կատարելագործում՝ մեքենաների ու սարքավորումների կոնստրուկցիաների առաջադիմական փոփոխություն, սարքավորումների նորացում, արտադրական պրոցեսների համալիր մեքենայացման ու ավտոմատացման հիման վրա ձեռնարկությունների տեխնիկական վերազինում։ 2․ Աշխատանքի առարկաների կատարելագործում՝ թողարկվող արտադրանքի հատկությունների բարելավում, տեսականու և անվանացանկի կարգավորում, ստանդարտացում, միասնականացում և նորմալացում, նաև ելանյութերի ու հումքի որակական բնութագրերի բարձրացում, հումքի միավորից թողարկվող արտադրանքի ավելացում և այլն։ 3․ Աշխատանքի կատարելագործում, որը կապված է աշխատանքի գիտական կազմակերպման միջոցառումների հետ՝ աշխատանքի առավել նպաստավոր պայմանների ստեղծում, ֆիզիկական և նյարդային լարվածության վերացում։ Այդ նպատակին են ծառայում աշխատանքի և հանգստի ռացիոնալ ռեժիմների սահմանումը, անվտանգության տեխնիկայի, սանհիգիենայի, արտադրական գեղագիտության և այլնի բարելավումը։ Ամբողջ ժողտնտեսության մասշտաբով հասարակական աշխատանքի կազմակերպման ու արտադրության կառավարման ձևերի կատարելագործումը ձեռք է բերվում արտադրության ճյուղային կառուցվածքի բարելավման, մասնագիտացման խորացման ու համակենտրոնացման ուժեղացման, արտադրողների ու սպառողների միջև ռացիոնալ կոոպերացված կապերի հաստատման ուղիով։ Արտադրության ռացիոնալացման համար մեծ նշանակություն ունեն սոցիալիստական մրցությունը, աշխատանքային նախաձեռնությունների և առաջավոր փորձի տարածումը (տես Գյուտարարություն

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։