Արտադրական մարմնամարզություն

Արտադրական մարմնամարզություն, օրգանիզմի ֆունկցիոնալ վիճակի լավացման, աշխատունակության բարձրացման և աշխատողների կամ ուսանողների առողջության պահպանման նպատակով ամենօրյա աշխատանքային ռեժիմում ներառված ոչ բարդ ֆիզիկական վարժությունների համալիրներ։ Արտադրական մարմնամարզությունը նպաստում է որոշ մասնագիտական հիվանդությունների կանխմանը։

Գիտության և տեխնիկայի առաջընթացը, աշխատանքի ավտոմատացումն ու մեքենայացումը թեթևացրին ֆիզիկական աշխատանքը, սակայն միաժամանակ ի հայտ եկան մասնագիտություններ, որոնք պահանջում են ուշադրության, տեսողության, լսողության, նյարդային համակարգի գերլարում։ Որպես կանոն նման մասնագետների (հարահոսի վրա աշխատող, օպերատոր, սրբագրիչ, վարորդ, մեքենագրուհի և այլն) շարժող, ակտիվությունը սահմանափակ է, որի հետևանքով օրգանիզմում վատանում են նյութափոխանակությունը, արյան շրջանառությունը, իսկ փոքր կոնքի օրգաններում և ոտքերում ի հայտ են գալիս կանգային երևույթներ, թուլանում է մկանունքը, վատանում կեցվածքը։ Մասնագիտության բերումով քիչ շարժուն մարդիկ հաճախ տառապում են գլխացավով, սիրտանոթային համակարգի և այլ հիվանդություններով, նյութափոխանակության խանգարմամբ։ Հենց այս դեպքում է, որ արտարդական մարմնամարզությունը լրացնում է շարժողական ակտիվության պակասը։ Ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ մասնագիտություններում արտադրական մարմնամարզությունը բացառում է միևնույն մկանախմբերի վրա միապաղաղ ծանրաբեռնվածության բացասական ազդեցությունը և աշխատանքի մեջ է ներգրավում մինչ այդ անգործունյա մկանախմբեր կամ փոխում է աշխատող մկանների գործունեության բնույթը։

Մարմնամարզական համալրիներ խմբագրել

Արտադրական մարմնամարզության վարժությունների համալիրը, դրանց անցկացման ժամանակն ու մեթոդն ընտրում են՝ ելնելով աշխատանքի առանձնահատկություններից, աշխատողների (ուսանողների) ֆիզիկական զարգացածությունից ու պատրաստվածությունից, աշխատանքային օրվա ընթացքում օրգանիզմի ֆունկցիոնալ վիճակի փոփոխություններից, աշխատանքի (ուսուցման) սանհիգիենային պայմաններից։

Կողմնորոշող կարող են լինել 4 տեսակի աշխատանքների նկատմամբ մշակված տիպային համալիրները, որոնք տարբերվում են մկանային ուժի մեծությամբ ու ծավալով, ինչպես նաև նյարդահոգեկան լարվածությամբ։ Դրանք են՝

  1. ֆիզիկական որոշ լարվածության հետ կապված աշխատանք,
  2. ֆիզիկական (միջին) և մտավոր համաչափ լարվածություն պահանջող աշխատանք,
  3. մտավոր լարվածության հետ կապված աշխատանք,
  4. հիմնականում նստած վիճակում կատարվող, ոչ մեծ ֆիզիկական բեռնվածությունից նյարդային լարվածության գերակայումով աշխատանք։

Մշակված է նաև կանգնած վիճակում աշխատողների համար վարժությունների հատուկ համալիր։

Տարբերում են աշխատանքի սկզբում կատարվող ֆիզկուլտուրային դադարներ և ֆիզկուլտուրային րոպեներ։

Ներածական մարմնամարզություն խմբագրել

Աշխատանքային օրվա սկզբում մարդու աշխատունակությունը մասամբ ընկած է լինում, և օրգանիզմն ամբողջությամբ աշխատանքի և արտադրական լավագույն ընթացքի մեջ ներգրավելու համար ժամանակ է պահանջվում։ Ներածական մարմնամարզության ֆիզիկական վարժությունները նպաստում են աշխատունակության բարձրացմանը և կայունացմանը՝ կանխելով վաղահաս հոգնածությունը։ Ներածական մարմնամարզությունը սովորաբար անցկացվում է աշխատանքը (ուսուցումը) սկսելուց 10 ր առաջ՝ 5-7 րոպե տևողությամբ։ Ընտրվում է հատուկ ֆիզիկական վարժությունների համալիր, հաշվի են առնվում արտադրական շարժումների բնույթը, պարբերականությունը և աշխատանքի այլ առանձնահատկություններ։

Ֆիզկուլտուրային դադար խմբագրել

Ֆիզկուլտուրային դադարը, ֆիզկուլտուրային րոպեն որպես ակտիվ հանգստի ձև, աշխատանքային օրվա կամ ուսումնական պարապմունքների ընթացքում կանխում են հոգնածությունը և պահպանում բարձր աշխատունակություն։ Այն ներառում է 5-7 րոպե տևողությամբ մի քանի վարժություններ։ Աշխատանքային օրվա ընթացքում ֆիզկուլտուրային դադարի ժամկետները սահմանում են՝ ելնելով աշխատանքային գործընթացի առանձնահատկություններից՝ ֆիզիկական, նյարդահոգեկան լարվածության աստիճանից, հոգնածությունը վրա հասնելու ժամանակից և այլն։ Արագ և ճիշտ հակազդեցություն, լարված ուշադրություն (օպերատորներ) պահանջող մասնագիտությունների դեպքում ֆիզկուլտուրային դադարները կարելի է անցկացնել օրը 1-3 անգամ սովորական, խմբային մեթոդով։ Մտավոր, ինչպես նաև թեթև ու միջին ծանրության ֆիզիկական աշխատանքով զբաղված, այդ թվում աշխատանքային օրվա մեծ մասը կանգնած դիրքով աշխատողներին, երկարատև նստելուց, կանգնելուց, հարկադրական անհարմար աշխատանքային դիրքից, ուշադրության ու տեսողության խիստ լարվածությունից առաջացած հոգնածության նվազեցման նպատակով կարճատև ընդմիջումներին խորհուրդ է տրվում 2-3 ր տևողությամբ անհատական ֆիզկուլտուրային դադարներ կամ ֆիզկուլտուրային րոպեներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 122