Արտաբերություն, հնչարտաբերություն, մարդու արտասանական գործարանների աշխատանքը, որի շնորհիվ կազմավորվում ու արտասանվում են հնչյուններ։ Լեզվի հնչյուններն ունեն տարբեր արտասանական առանձնահատկություններ։ Յուրաքանչյուր հնչյունի կազմավորման մեջ առանձնացվում է երեք փուլ՝ ելման, կացքի և դարձի։ Ելման փուլը այն վիճակն է, երբ արտաբերության օրգանները պատրաստվում են արտաբերման, կացքը՝ երբ օրգաններն ընդունել են տվյալ հնչյունն արտաբերելու համար անհրաժեշտ դիրքը, իսկ դարձը՝ երբ օրգաններն անցնում են հաջորդ հնչյունի արտաբերմանը կամ դադարին։ Բաղաձայններն արտասանելիս ստեղծվում են արգելքներ (փակվածքներ ու նեղվածքներ), հնչյունները որոշակիորեն տեղայնանում են, և նրանց կազմավորման ծանրությունն ընկնում է արտասանական գործարանների այս կամ այն մասի վրա։ Այսպես՝ բ արտասանելու համար երկու շրթունքները մոտենում են, հպվում, ստեղծում փակվածք և ապա վայրկենաբար հեռանում իրարից։ Ղ–ի կազմավորման համար լեզվի ետին մասը բարձրանում է դեպի փափուկ քիմքը և ստեղծում նեղվածք, որով անցնում է արտաշնչվող օդը։ Եթե արգելքները բնորոշ են բաղաձայններին, ապա ձայնավորների արտաբերման համար կարևոր է կոկորդում ձայնալարերի տատանումների շնորհիվ առաջացած ձայնը։ Այն անցնում է բերանի հնչարանով, և վերջինիս ձևի ու ծավալի փոփոխման շնորհիվ ստացվում են տարբեր որակներ՝ ձայնավորներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 119