Արոտաշրջանառություն, արոտավայրերի արդյունավետ օգտագործման կարգ, երբ արածեցումը հաջորդում է խոտհնձին և հանգստին։ Կիրառվում է արոտավայրերի բուսածածկը բարելավելու և արտադրողականությունը բարձրացնելու համար։ Արոտաշրջանառությունը պետք է համապատասխանի հերթափոխ արածեցմանը և արոտավայրերի բնույթին։ Ամեն տարի, հերթականորեն երկու, երբեմն նաև երեք տարով արածեցումից հանվում է արոտավայրերի որոշ մասը։ Հանգստի ենթակա արոտա կտորներն առաջին տարում չեն օգտագործվում մինչև սերմերի լրիվ հասունանալը և թափվելը։ Սերմերը թափվելուց հետո կենդանիներին արածեցնում են։ Երկրորդ տարում հնձվում է, իսկ երրորդում՝ օգտագործվում որպես արոտ։ Բարձր լեռնային գոտում արոտավայրերին պետք է հանգիստ տալ յուրաքանչյուր 6–7, անտառատափաստանայինում և տափաստանայինում՝ 4–5, չոր տափաստանայինում և կիսաանապատայինում՝ 3–4 տարին մեկ անգամ։ Արոտաշրջանառությունը ուղեկցվում է պարարտացմամբ, ենթացանքով և ագրոտեխնիկական այլ միջոցառումներով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 111