Արգելակում (նյարդաբանություն)

Արգելակում, դրդումը ճնշող կամ կասեցնող նյարդային գործընթաց։ Արգելակման երևույթը կենտրոնական նյարդային համակարգում հայտնաբերել է ռուս ֆիզիոլոգ Իլյա Սեչենովը, 1862 թվականին։

Տարբերում են նաև ծայրամասային արգելակում, որն առաջանում է անմիջապես մկաններում կամ գեղձային տարրերում։ Արգելակումն իրականանում է նյարդային վերջույթների կողմից արտադրվող հատուկ քիմիական նյութերի՝ միջնորդանյութերի օգնությամբ։ Վերջիններս, փոխազդելով նյարդային բջջաթաղանթի առանձնահատուկ մոլեկուլների հետ, բարձրացնում են դրա դրդելիության շեմքը կամ «մարում» այնտեղ ավելի վաղ ծագած դրդման գործընթացը։ Հայտնաբերվել են արգելակման մասնագիտացված նյարդային բջիջներ։

Արգելակման մեխանիզմները վատ են ուսումնասիրված, բայց այդ գործընթացի ֆունկցիոնալ նշանակությունը և կարևոր դերը օրգանիզմի տարբեր ֆիզիոլոգիական ֆունկցիաների իրականացման գործում լրիվ բացահա|տված են։ Այսպես՝ ուղղակի (կենտրոնաձիգ) արգելակումը թուլացնում է հակադիր ֆիզիոլոգիական ֆունկցիա իրականացնող տարրերի դրդումը և նպաստում դրանց համաձայնեցված փոխներգործությանը։ Որոշ մկաններ նյարդավորող նյարդային տարրերում ծագած դրդումը նպաստում է հակազդիչ-մկանների (օրինակ՝ հոդի ծալիչ և տարածիչ մկաններ) արգելակմանը։ Կենտրոնախույս (արտատար) և միջադիր նեյրոնների հետադարձ նյարդային թելիկների համակարգի միջոցով իրականացող հետադարձ արգելակումը նպաստում է որևէ ֆունկցիոնալ խմբի նեյրոնների դրդման մակարդակի կայունացմանը։

Արգելակման, ինչպես նաև դրդման գործընթացները կարող են լինել պայմանառեֆլեքսային ծագման։ Ռուս ֆիզիոլոգ Ի. Պավլովն առանձնացրել է արտաքին (անպայման), ներքին (պայմանական) և հատուկ 1 տեսակ՝ պաշտպանական արգելակումներ։ Վերջինս նպաստում է արտակարգ գրգիռներից կամ գերհոգնածությունից նյարդային համակարգի նախապահպանությանը։ Արգելակման պաշտպանահարմարվողական ֆունկցիայի տեսությունը գործնական հետաքրքրություն է ներկայացրել բժշկագիտության համար։ Մասնավորապես, հիմնավորվել է քնաբեր և հանգստացնող դեղանյութերի կիրառումը վնասվածքային շոկի, որոշ տեսակի նևրոզների բուժման համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։