Արգանդային արյունահոսություն

Արգանդային արյունահոսություն, գինեկոլոգիական որոշ հիվանդությունների (արգանդի հավելումների քրոնիկ բորբոքում, արգանդի ուռուցքներ և այլն), հղիության ընդհատման (սկսված վիժում), ինչպես նաև արյան մակարդելիության խանգարումներով ուղեկցվող հիվանդությունների ախտանշան։

Արգանդային արյունահոսություն
Տեսակկլինիկական նշան և women's disease?
ՀՄԴ-10N93.8

Տեսակներ խմբագրել

 
Սոնոհիստերոգրաֆ, որն իրականացվել է հետդաշտանային արյունահոսության պատճառով։

Արգանդային արյունահոսությունը լինում է սակավ և առատ։ Վերջինս կարող է հանգեցնել կյանքին վտանգ սպառնացող վիճակի (արյան ճնշման անկում, հեմոգլոբինի կտրուկ նվազում), ուստի անհրաժեշտ է շտապ բժշկական օգնություն կանչել, իսկ մինչև բժշկի գալը հիվանդին պառկեցնել առանց բարձի, որովայնի ստորին մասին սառցապարկ դնել։

Արգանդային արյունահոսությունը կարող է համընկնել դաշտանի ժամկետի հետ։ Այդպիսի դեպքերում երբեմն դաշտանը սկսվում է ժամանակին, բայց լինում է ավելի առատ և ուղեկցվում արյան մակարդուկների արտադրությամբ, իսկ երբեմն կորցրած արյան քանակը լինում է նախկինի պես, բայց դաշտանի շրջանում արյունային արտադրության տևողությունը երկարում է (10-12 և ավելի օրեր), միջդաշտանային ժամանակամիջոցը կրճատվում է։ Արգանդային արյունահոսությունը կարող է առաջանալ նաև միջդաշտանային շրջանում։ Երբեմն արգանդային արյունահոսությանը նախորդում է ավելի կամ պակաս տևողությամբ դաշտանի կասեցումը, որը կապված չէ հղիության հետ։ Դրանք կոչվում Են դիսֆունկցիոնալ (ֆունկցիայի խանգարման) արյունահոսություններ և կարող են նկատվել բոլոր տարիքի կանանց մոտ։

Միջդաշտանային շրջանի տևողության կրճատումը կամ երկարատև դաշտանները, դրանց առատությունը կամ սակավ արյունային արտադրությունը, ինչպես նաև անկանոն արյունահոսությունները տարբեր հիվանդությունների ախտանշաններ են, որոնց ի հայտ գալու դեպքում անհրաժեշտ է դիմել գինեկոլոգի։ Արդյունավետ բուժումը հնարավոր է միայն հիվանդության իսկական պատճառների վաղ ախտորոշման դեպքում։ Դաշտանադադարից մի քանի տարի անց արյունային արտադրություն ի հայտ գալիս պետք է անհապաղ դիմել գինեկոլոգի։ Սեռական հասունացման շրջանում հարկավոր է ուշադիր հետևել աղջիկների առողջական վիճակին, ստեղծել մտերիմ և անկեղծ հարաբերություններ, որպեսզի նրանք, առանց ամաչելու, մայրերին հայտնեն արյունային արտադրության առկայության մասին։ Դա հնարավորություն կտա հետևել դաշտանի բնույթին, հայտնաբերել դաշտանային ցիկլի շեղումները և ժամանակին դիմել բժշկի։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։