Արամ Միսակի Թառայան (), հայ բժիշկ, ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ, Երկրորդ աշխարհամարտի մասնակից։

Արամ Թառայան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունբժիշկ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է ծառայողի ընտանիքում։ Սովորել է տեղի, ապա՝ Թիֆլիսի գիմնազիայում։ Ընդունվել է Թիֆլիսի համալսարանի բժշկական ֆակուլտետը, երեք տարի սովորելուց հետո տեղափոխվել Ռոստովի համալսարանի բժշկական ֆակուլտետը, ավարտել 1924 թվականին և վերադարձել Թիֆլիս։ Աշխատել է քաղաքի երկաթգծի հիվանդանոցում որպես թերապևտ՝ ակտիվորեն մասնակցելով վարակիչ հիվանդությունների բաժանմունքի աշխատանքներին։ Մեկ տարի հետո տեղափոխվել է Հայաստան։ Եղել է Մարալիկի հիվանդանոցի առաջին բժիշկը։ Տեղափոխվելով Երևան՝ աշխատանքի է անցել քաղաքի երկրորդ կլինիկական հիվանդանոցի ներքին հիվանդությունների բաժանմունքում։ Երկու տարի աշխատել է Լ. Ա. Հովհաննիսյանի անմիջական ղեկավարությամբ։

1931 թվականին գործուղվել է Լենինական՝ մշտական աշխատանքի։ Սկզբում եղել է դիսպանսերում, այնուհետև՝ քաղաքային պոլիկլինիկայում ու առաջին հիվանդանոցում՝ որպես ներքին հիվանդությունների բաժանմունքի վարիչ։

1941-1946 թվականներին եղել է № 2150 ճակատային հոսպիտալի երրորդ բաժանմունքի պետ (Արմավիր, Նալչիկ, Պրոխլադնի, Մոզդոկ), արժանացել շքանշանների, մեդալների ու պատվոգրերի։ Զորացրվել է 1946 թվականին, վերադարձել Լենինական, ստանձնել քաղաքի առաջին հիվանդանոցի ներքին հիվանդությունների բաժանմունքի ղեկավարի պաշտոնը։ 1949 թվականից միաժամանակ քաղաքի գլխավոր թերապևտն էր։

Գրել է սրտամկանի ինֆարկտի, ռևմատիզմի և այլ հիվանդությունների ու դրանց բուժման մասին գիտական հոդվածներ ու զեկուցումներ։ Ղեկավարել է Լենինականի թերապևտների գիտական ընկերության բաժանմունքի գործունեությունը։ Մասնակցել է թերապևտների համամիութենական 13-րդ գիտաժողովին։

1949 թվականին ընտրվել է Լենինականի քաղաքային խորհրդի պատգամավոր։ Քաղաքի շախմատիստների ակումբի հիմնադիրներից է։ ՀԽՍՀ Նախարարների խորհրդին կից ֆիզկուլտուրայի ու սպորտի կոմիտեն հատուկ որոշումներով բժշկին շնորհել է պատվավոր շախմատիստի կոչում։

Պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով և բազմաթիվ մեդալներով[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ա. Վ. Գրիգորյան, Բ. Գ. Մելքումյան, Հայաստանի բժիշկները Մեծ հայրենականում, գիրք 2, Ե., 1987, էջ 87-89։