Արամյան թատրոնի ստեղծումը և գործունեությունը խմբագրել

Արամյան թատրոնը ստեղծվել է Կ.Պոլսում` 1846 թվականին։ Առաջին ներկայացումը՝ 1846 թ.-ի մայիսին։ Թատրոնի ստեղծման առաջին տարում այն անվանել են արհեստավորի ընտանիքից սերած, ժողովրդական առողջ զգացողությամբ մեծացած, թատրոնի հիմնադիր և առաջին դերասան Հովհաննես Գասպարյանի անունով։ Հետո միայն` 1847 թվականին, այն վերանվանվում է՝ Արամյան թատրոն։

Թատրոնը գործել է մինչ 1866 թ.` 20 տարի։

Հովհաննես Գասպարյանը քսանամյա երիտասարդ էր, ով նախկինում աշխատել էր ֆրանսիացի Սյուլիեի և իտալացի Գաետանոյի կրկեսներում որպես ուժային ատլետ։ Մինչև 1850-ական թվականների վերջը սա միակ թատրոնն էր Մերձավոր Արևելքում։

1850-1860-ական թվականների մամուլում ոչ մի խոսք չկա Արամյան թատրոնի մասին, մինչդեռ նույն շրջանի թաղային թատրոնների ամեն մի ելույթ արձագանք է ստացել, մամուլում խոսվել է նաև դպրոցական ներկայացումների մասին. Արամյան թատրոնը, կարծես, գոյություն չի ունեցել։

1847 թվականին Պոլսի եվրոպական թաղամասում՝ Բերայում, արդեն կառուցված էր Արամյան թատրոնի շենքը։

Գասպարյանի խումբը կազմակերպում էր կանոնավոր ցերեկույթներ։ Հրապարակախաղերը Պոլսում ավանդույթի պես մի բան են եղել։ Գասպարյանը իր ներկայացումները սկսում է բաց հրապարակում։ Արամյան թատրոնը հիմնականում կրկեսային է եղել։ Արամյան խումբն իր գործունեությունը ծավալում է նաև երկրից դուրս՝ հասնելով մինչև Թիֆլիս։ Այստեղ նրանք գրանցում են երկու թատերաշրջանային գործունեություն։ Ուշագրավ է, որ Գասպարյանը Թիֆլիսից գալուց հետո է խումբը համալրում կանանցով. մինչ այդ Զեննե Գևորգն էր կատարում կանանց դերեր։

Խմբի ներկայացումները բաղկացած են եղել հիմնականում երկու բաժնից։

Առաջին բաժնում եղել են ցուցադրումներ, լարախաղացական և մնջկատակային համարներ, Օրթա օյունուն հիշեցնող խաղեր (թուրքական ժողովրդական թատրոն, «Օրթա-օյունուում դերասանները սովորաբար թուրքեր էին. հազվադեպ…. ընդգրկվում էին նաև հայեր, ավելի հազվադեպ` հույներ։ Կանացի դերերում երբեմն հանդես էին գալիս հայուհիներ, ի դեպ, նրանց միայն հանդուրժում էին… Հանդիսատեսները նախընտրում էին կանացի դերերում տեսնել տղամարդ-թուրքի….»)[1]:

Երկրորդ բաժնում եղել են ներկայացումներ, որոնց մասնակցել են խմբի գրեթե բոլոր անդամները։ Եթե հաշվի չառնենք առաջին բաժնի մասնակիցներին, ապա կունենանք 20-22 հոգուց բաղկացած մի թատերախումբ, որն ունեցել է նյութական միջոցներ, անհրաժեշտ դրամագլուխը, թատերական հարմարություններ (շենք, դեկորներ և այլն), դերասանները վարձատրվել են կայուն աշխատավարձով, ունեցել է իր խաղացանկը, որը բաղկացած է եղել հայ և օտարազգի հեղինակների պիեսներից, թատրոնն ուներ կոմպոզիտոր-դիրիժոր, ով երաժշտություն է գրել ներկայացումների համար, ուներ թատերական ձևավորող նկարիչ, կային երգի-պարի խմբեր, որոնք հանդես էին գալիս ներկայացումներում, երբեմն էլ առանձին համարներով, խումբն իր ներկայացումները հայտարարել է գունավոր աֆիշներով, չորս տարբեր լեզուներով։ Խմբում խաղացել են նաև դերասանուհիներ, որոնց վարձատրման մեջ կիրառվել է նաև եվրոպական վարձատրման տարբերակը (եվրոպայում դերասանուհիներին վարձատրելու սովորություն կար թանկարժեք նվերներով և բենեֆիսների կազմակերպմամբ)։

Սրանք հատկանիշներ են, որ հատուկ էին միայն պրոֆեսիոնալ թատրոնին։

Արամյան թատրոնի դերասանները խմբագրել

Հովհաննես Գասպարյան

Աղասի Մինասյան

Միքայել Բամպուքչյան

Զեննե Գևորգ

Մելքոն Գասպարյան

Ալիքսան Սվաճյան

Մարտիրոս Խանճյան

Համբարձում Իտարեճյան

Հարություն Պաղտատլյան

Կարապետ Տեոքմեճյան

Սերովբե Պերպերյան

Քերովբե Հյուսեինճյան

Մկրտիչ Էլմայեմեզ

Գրիգոր Մարանկոզ

Հաճի Սահակ Սկյուտարցի

Գրիգոր Թերզյան

Եղիա Թերզյան

Նշան Թերզյան

Խաչատուր Գրիգորյան

Հաճի Ղազար Բլածյան (Օհաննեսյան)

Ճարտոն Պեթրի

Տիկին Լիզա Ֆերնանտեզ

Տիկին Հայտե

Օրիորդ  Ռոզա (իտալացի)

Օրիորդ Միքելա (իտալացի)

Կարևոր տարեթվեր և իրադարձություններ խմբագրել

1946 թ. մայիս - առաջին ներկայացումը, լարախաղացային խաղերով և երկրորդ մասում զավեշտալի սիրահարական ներկայացում։

1847 թ. մայիս - բարձրաստիճան պաշտոնյաներ և պալատականներ՝ Սյուլիեն և Կալեթանոն հրավիրում են, որպեսզի թատերախումբը մասնակցի նաև իրենց ներկայացումներին։ Գասպարյանը համաձայնում է։

1849 թ. - երևանցի մի վաճառական Հակոբ աղա անունով, տեսնելով Արամյան խմբի ներկայացումները, առաջարկում է խումբը տեղափոխել Թիֆլիս։ Թիֆլիսում կառուցվում է թատրոնի շենք, որտեղ կարող էր տեղավորվել 1000 մարդ։ «Շինեցին նաև 72 հատ կրկնահարկ օթյակներ, բավական շքեղորեն հարդարված. անոնցմե մեկը մանավանդ, որ բեմին ուղղակի դեմը կը գտնվեր և որ փոխարքային պիտի հատկանար, ամբողջովին թավիշներով ծածկված էր»[2]։

1849 թ. հոկտեմբեր - խումբը հասնում է Փոթի։

1850 թ. հունիսի վերջ - Արամյան թատրոնը հասնում է Երևան, կանգ է առնում Ցախի մեյդանում (ներկայիս Արարատ գինու կոմբինատի տարածքում, նախկինում կոչվում էր Բերդի փողոց[3]), որտեղ 10 օրվա մեջ կառուցվում է ժամանակավոր թատրոն։ «Տախտակյա մի շրջափակ պարիսպ, առանց առաստաղի, երկու դռնով, բեմով և պարզ  նստարաններով»[2]։

1850 թ. հուլիս - խումբը մեկնում է Նախիջևան, այնտեղից Թավրիզ, աշնանը նորից վերադառնում է Թիֆլիս։

1851 թ. գարուն - թատերախումբը վերադառնում է Կ.Պոլիս։

Խաղացանկը խմբագրել

Թատրոնի խաղացանկի մասին շատ նյութեր չկան։ Գասպարյանը կիսագրագետ էր, նշանակում է, որ խմբում պետք է լիներ մեկը, ով կզբաղվեր պիեսների վերամշակմամբ։ Այդպիսի դեր կարող էր ստանձնել խմբի ամենազարգացած անդամներից Աղասի Մինասյանը։ Նա եղել է նաև ռեժիսորը։

Օտար լրագրի տվյալներից երևում է, որ Արամյան խմբին հետաքրքրել են ոչ միայն Նապալեոնի, Ալեքսանդր մեծի կյանքն ու գործունեությունը, այլև «թագավորացն հայոց»։

«Արևելքում» տպագրված հոդվածում ասված է, որ խումբը խաղացել է զավեշտներ։ Դրանք մեծ մասամբ շոշափում էին կենցաղային հարցեր։

Արամյան խումբն առաջին անգամ հայ իրականության մեջ ներկայացրել է Շիլլերի «Ավազակների» սյուժեի վրա գրված «Ռոբերտ ավազակապետ» պիեսը, որը հետագայում տեղ գրավեց «Արևելյան թատրոնի» խաղացանկում։


Ծանոթագրություններ խմբագրել

  1. տե՛ս Гордлевский В. А., Избранные сочинения, т. III (История и культура), М., 1962, стр. 56 ըստ Գ.Մելիքյան, Ա.Սաֆարյան «Ակադեմիկոս Վլադիմիր Գորդլևսկին՝ հայագիտական հիմնահարցերի մասին» հոդվածի (http://www.armin.am/images/menus/2713/Melikyan-G_-Safaryan-Al.pdf)
  2. 2,0 2,1 «Մեղու»,1862, թիվ 20։
  3. Հ.Հովհաննիսյան, Հայ թատրոնի պատմություն XIX դար, Եր., 2010, էջ 49։

Գրականություն խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 687