Աստիճանավորում (լատ.՝ gradatio, ռուս.՝ градация, անգլ.՝ gradation - աստիճանական բարձրացում, ուժեղացում), մտքի, հույզի և տրամադրության աստիճանական խորացումը՝ ուժեղացումը կամ թուլացումն է, որը կարող է վերաբերել որևէ դեպքի, գործողության կամ հոգեվիճակի։ Այն խոսքին սաստկական երանգ է հաղորդում, հուզականություն և արտահայտչականություն ապահովում։ Օրինակ՝

Ձենով Օհանը ահից սարսափած`
Թշնամու առաջն ելավ գլխաբաց,
Աղաչանք արավ, ընկավ ոտները։
(Հովհ. Թումանյան, «Սասունցի Դավիթը»)

Կիրառվում է գեղարվեստական և հրապարակախոսական, հաճախ նաև առօրյա-խոսակցական խոսքում։

Իրականացման միջոցներԽմբագրել

Աստիճանավորումն իրականացվում է՝

  • հոմանշային շարքի միավորներով.

Փախչում եմ... փախչում... և հեռանալիս
Փառաբանում եմ, օրհներգում եմ քեզ…
(Վ. Տերյան, «Սիրահարվածը»)

  • բառաիմաստային միևնույն խմբի միավորներով.

Ապրիլյան զրնգուն օր է, Ծիծեռնակաբերդի գալարուն ճանապարհներով գնում են, բարձրանում ծերեր, ջահելներ, երեխաներ: (Վ. Պետրոսյան, «Հայկական էսքիզներ»)

Աստիճանավորում կարող է ձևավորվել նշված եղանակների համադրմամբ, ինչպես՝ Ոչ թե խոսում, այլ դյութում, կախարդում է, գամում է մեզ նստարանին, և մենք չենք զգում, թե նստած ենք դասարանում (Մ. Խերանյան, «Երկա՜ր, երկար մի ճանապարհ»)։

Աստիճանավորումն իրականացվում է լեզվական այնպիսի միավորների միջոցով, որոնք դասավորվում են փոքրից մեծ քանակային, ծավալային կամ տարածական և այլ հատկանիշների աճման սկզբունքով։ Օրինակ՝ Կառուցում էր ոչ թե մի մարդ, մի ընտանիք, մի գյուղ կամ մի քաղաք,- ամբողջ հայ ժողովուրդն էր կառուցում` օր ու գիշեր, շաբաթներ ու ամիսներ, տարիներ ու տասնամյակներ (Գ. Էմին, «Յոթ երգ Հայաստանի մասին»)։

ՏեսակներԽմբագրել

Աստիճանավորումը լինում է երկու տեսակ՝ բարձրացող (ուժեղացող) և իջնող (թուլացող)։

Բարձրացող աստիճանավորումԽմբագրել

Խոսքի մեջ յուրաքանչյուր հաջորդ բառ, դարձվածք կամ արտահայտություն ավելի ուժգին, հագեցած է արտահայտում նախորդի իմաստը, առավել արտահայտչական է, քան նախորդ միավորը։ Օրինակ՝

Որպես փոթորիկ, իջե՛ք ավերիչ
Եվ խորտակեցե'ք աշխարհն այս զազիր,
Փոշի' դարձրեք այստեղ ամեն ինչ։ (Վ. Տերյան, «Ջարդեցե'ք անդուլ, անգութ, անխնա»)

Իջնող աստիճանավորումԽմբագրել

Խոսքի մեջ յուրաքանչյուր հաջորդ բառ, դարձվածք կամ արտահայտություն թուլացնում է նախորդի իմաստը։ Օրինակ՝

Անաղմուկ, անտրտունջ, անհնչյուն
Գալիս ես ու նորից հեռանում,
Ու հեռվից դյութում ես ու կանչում,
Լուսերե՜ս, անմարմի՜ն, անանո՜ւն...
(Վ. Տերյան, «Փողոցում»)

ԱղբյուրներԽմբագրել

  • Դավիթ Գյուրջինյան, Հայոց լեզու. խոսքարվեստի դասագիրք, Ս. Էջմիածին, 2015։
  • Էդ. Ջրբաշյան, Գրականագիտական բառարան, Երևան, 1980։
  • Ֆ. Հ. Խլղաթյան, Ոճաբանական բառարան, Երևան, 2000։
  • Պ. Մ. Պողոսյան, Խոսքի մշակույթի և ոճագիտության հիմունքներ, Երևան, 1991։