Ասորա-հռոմեական դատաստանագիրք

Ասորա–հռոմեական դատաստանագիրք- ասորական (սիրիական) ստրկատիրական իրավունքի նորմերի ժողովածու, որը կազմվել է Փոքր Ասիայում, հավանաբար, 476–477 թվականներին, Արևելյան Հռոմեական կայսրության (Բյուզանդիայի) առաջացման ժամանակաշրջանում։ Այդ են վկայում դատաստանագրքի ներածությունը և մի շարք հոդվածներ, որտեղ հիշատակված են 4-5 դարերի կայսրեր, որոնց անունով ժողովածուն հայտնի է նաև «Օրենք յաղթող թագավորացն Կոստանդիանոսի, Թէոդոսի և Լևոնի»։ Դատաստանագրքում կայսրերի անունների հիշատակումը մի շարք հետազոտողների հանգեցրել է այն եզրակացության, թե իբր այն իր ծագումով և բնույթով հռոմեական է։ Մինչդեռ հիշատակումն արված է ժողովածուին բարձր արժեք ն հեղինակություն ապահովելու նկատառումով։ Իսկ դատաստանագրքի «Ասորա–հռոմեական» անվանումը առաջացել է հետագայում, թյուրիմացաբար։ «Ասորա-հռոմեական դատաստանագիրքը» տարածված է եղել ողջ Առաջավոր Ասիայում, այդ թվում և Հայաստանում, նրա մի քանի հոդվածներն իրենց արտացոլումն են գտել Մխիթար Գոշի Դատաստանագրքի մեջ։ Ժողովածուն մեզ է հասել ասորերեն, հայերեն և արաբերեն լեզուներով, որոնք գերմաներեն թարգմանություններով հանդերձ 1880թվականին հրատարակել է Բեռլինի համալսարանի պրոֆեսոր Կ․Բրունսը՝ Ե. Զախաուի աշխատակցությամբ։ Այս հրատարակության մեջ հայերեն խմբագրությունը ունի 141, իսկ Արսեն Ղլտճյանի 1917թվականին Էջմիածնում հրատարակածը՝ 151 հոդված։

Դատաստանագիրքը բնագրից հայերենի է թարգմանել Ներսես Լամբրոնացին 1197թվականին, թեև բացառված չէ, որ եղել է նաև ավելի վաղ թարգմանություն։ Հայերեն տարբերակը ասորականի սոսկ թարգմանությունը չէ, այլ նոր խմբագրություն, որն անտեղյակության կամ թյուրիմացության հետևանքով համարվել է հայկական ու Մխիթար Գոշի Դատաստանագրքի հետ միասին թարգմանվել վրացերենի և մտել Վախթանգ VI թագավորի օրենքների ժողովածուի մեջ՝ «Հայկական օրենքներ» ընդհանուր վերնագրով։ Դատաստանագիրքը հիմնականում քաղաքացիական օրենսգիրք է, հոդվածների ճնշող մեծամասնությունը նվիրված է գույքային հարաբերություններին։ Նրա համակարգը մոտավորապես հետևյալն է. առուծախի պայմանագրեր, քաղաքացիական գործարքների վաղեմություն, պարտավորություններ և գրավի իրավունք, ժառանգական իրավունք, ստրկատիրական իրավունք, հոգևորականների, բժիշկների և գիտնականների ապահարկության և այլ գույքային արտոնություններ, ամուսնություն և ապահարզան, ամուսինների գույքային և ոչ գույքային հարաբերություններ, ծնողների և զավակների փոխհարաբերություններ, քրեական և դատավարական իրավունք։ Դատաստանագիրքը դեռևս չունի գիտական հրատարակություն և հայերեն լեզվով չի ենթարկվել մանրազնին ուսումնասիրության։

Գրականություն խմբագրել

  • Ասորական դատաստանագիրք, լույս ընծայեց Արսեն վրդ. Ղլտճյանց, Էջմիածին, 1917։
  • Սամուելյան Խ., Հին հայ իրավունքի պատմություն, հ. 1, Ե., 1939։ Էջ 59-73
  • Թովմասյան Ա. Թ., Հին և միջնադարյան հայ քրեական իրավունք, Ե., 1962։
  • Сукиасян А. Г., Общественно-политический строй и право Армении в эпоху раннего феодализма ( III- IX вв. н. э.), Е., 1963.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 567