Առևտրական ճանապարհներ Հայաստանում

Հայկական լեռնաշխարհը եղել է բնական կամուրջ Արևելքի և Արևմուտքի միջև։ Այստեղով են անցել Հին աշխարհի ռազմական և միջազգային քարավանային առևտրի ճանապարհները, որոնց իշխելու համար հարևան մեծ պետությունները հաճախ արյունահեղ պատերազմներ են մղել։

Հայկական լեռնաշխարհը հյուսիսից հարավ և արևմուտքից արևելք հատել են մի քանի հիմնական մայրուղիներ, որոնցից յուրաքանչյուրի նշանակությունը տարբեր ժամանակաշրջաններում փոփոխվում էր՝ ըստ քաղաքական, ռազմական, տնտեսական և այլ հանգամանքների։ Նրանցից հնագույնը Փոքր Ասիայից եկող և Եփրատ (Մելիտինե քաղաքի մոտ)–Արևմտյան Տիգրիսի հովիտ ու այնտեղից դեպի հարավ–արևելք՝ Իրանի խորքերը մտնող մայրուղին էր, որն Աքեմենյանների տիրապետության ժամանակաշրջանում մայրաքաղաք Շոշը միացնում էր Սարդեսի հետ և հայտնի էր Արքայական ճանապարհ անունով։ Մյուս մայրուղին գալիս էր Իրանից, Ջուղայի գետանցով մտնում Երասխի հովիտը, Հայկական լեռնաշխարհով անցնող ճանապարհների հանգուցակետը՝ Այրարատյան դաշտը։ Երևանում, Արմավիրում, Արտաշատում և այլ քաղաքներում խաչաձևվում էին Սև ծովի նավահանգիստներից եկող ճանապարհները։ Ազովի ծովի և Ղրիմի ափերին գտնվող Բոսպորի թագավորության նավահանգիստների՝ Տանայիսի, Պանտիկապեյոնի և այլ քաղաքների առևտրականները նավերով հասնում էին Դիոսկուրիա (Ցխումի, այժմ՝ Սուխում), Փասիս (այժմ՝ Փոթի), Տրապիզոն, Ամիսոս, Սինոպ, ապա ցամաքով՝ Երիզա (Երզնկա), Կարին, Բագավան, Զարեհավան քաղաքների վրայով մտնում Այրարատյան դաշտ։ Կողքիսից եկող ճանապարհը Զեկարի լեռնանցքով և Գոդերձական երկրով մտնում էր Կուր, Ախուրյան և Երասխ գետերի հովիտները։ Պոնտական թագավորության վերելքի շրջանում, Միհրդատ IV օրոք (մ. թ. ա. 111– 63 թթ.), մեծացավ Սև ծովի հարավային ափերի քաղաքների, հատկապես Ամիսոսի և Սինոպի նշանակությունը։ Փոքր Ասիայից եկող մայրուղին Երիզայի և Կարինի վրայով սկսեց անցնել Բագրևանդ, Ծաղկոտն ու Կոգովիտ գավառներով՝ մտնելով Այրարատյան դաշտը և Տափերական կամուրջով կապվելով Արտաշատի հետ։ Երվանդաշատը և Արմավիրը առաջնությունը զիջեցին Արտաշատին։ Արտաշատը, Երևանի միջոցով՝ Հրազդան և Աղստև գետերի հովիտներով կապվում էր Արմազի–Մցխեթայի՝ Վրաց աշխարհի նոր մայրաքաղաքի հետ։ Հելլենիստական ժամանակաշրջանում կաշրջանում Հայաստանը ներգրավվեց միջազգային առևտրական փոխանակության մեջ։ Տիգրան Բ Մեծը հայկական տերության հզորության ու տնտեսական վերելքի հիմնական միջոցը համարում էր միջազգային առևտրի և քաղաքների զարգացումը։ Տիգրան 9 Մեծը զգայի ջանքեր գործադրեց միջազգային առևտրական ճանապարհների բարեկարգման համար։ Նա կարգավորեց Արտաշատից Տիգրանակերտ անցնող հին ճանապարհը, որն այնուհետև կոչվեց Արքունի պողոտա։ Եփրատի վրայով անցնող հիմնական գետանց Զևգմայից, որր միանում էր Ասորիքի կենտրոն Անտիոքի հետ, սկիզբ էր առնում ցամաքային առևտրի այն մայրուղին, որը Պարթևական թագավորության վրայով ձգվում էր մինչև Հնդկաստան և Տապրոբանա (Ցեյլոն) կղզին։ Այս ճանապարհի վրա էր գտնվում մյուս կարևոր գետանցը՝ Կալլինիկում (Նիկեփորոն) քաղաքի մոտ։ Այստեղի մաքսագանձման պարտականությունը Տիգրան Բ Մեծը դրել էր «վրանաբնակ արաբների» վրա։ Արտաշատից (հետագայում Դվինից) մի այլ ճանապարհ Սևանա լճի ափերով անցնում էր դեպի Սոդք–Բերդկունքի լեռնանցքը, ապա Տրտու (Թարթառ) գետի հովիտը, որտեղ Կուր գետից ոչ հեռու բարձրացան Պարտավ և Գանձակ քաղաքները։ Մի ուրիշ ճանապարհ, Նախճավան քաղաքից Ջուղայի ու Դարաշամբի մոտով, Մարական ավանով տանում էր Հեր քաղաքը, ապա Կոտորոց գետի ակունքների շրջանում կտրում Վասպուրականի լեռնապարը և Նկան ու Սևան ամրոցների միջով հասնում մինչև Վան քաղաքը, այնուհետև լճի հարավային ափերով և Դատվանով հասնում Ձորապահակ և Բաղեշ, Արգան (Շուկառաբա) ու Քղիմար քաղաքների միջով կապվում Տիգրանակերտի հետ։ Հայաստանով առևտրական քարավանները գերադասում էին անցնել ամառվա ամիսներին, երբ բարձր լեռնային սարահարթերն ու հովիտներն ունեին մեղմ, բարեխառն կլիմա, ինչից զուրկ էին Միջագետքի շոգ տափաստաններն ու անապատները։ Բացի այդ, Հայաստանը խիտ բնակեցված երկիր էր, նրա երկրագործ բնակչությունը չէր կողոպտում առևտրական քարավանները, որը սովորական երևույթ էր Միջագետքում։ Հայաստանի վրայով անցնող մայրուղիները նշված են հին հունա–հռոմեական, հայկական և արաբական մղոնաչափերում և քարտեզներում։

I–II դդ., երբ Հռոմեական կայսրության արտաքին առևտուրը ծավալվեց Արևելքի հետ, նպաստավոր պայմաններ ստեղծվեցին միջազգային ապրանքափոխանակության համար։ Հռոմն Արևելքում ձգտում էր ոչ միայն կայսրության սահմաններն ապահովել, այլև անմիջական, պարթևների պետությունը շրջանցող, առևտրական կապեր ստեղծել միջինասիական քաղաքների հետ, ուր գալիս էին չինական առևտրականները։ Միջին Ասիայից և Մերձկասպյան ծովափից եկող մայրուղին անցնում էր Հայաստանի ամբողջ երկարությամբ՝ արևելքից արևմուտք։ I–II դդ. աշխուժացավ միջազգային առևտուրը Հռոմեական կայսրության և Պարթևաստանի միջև, առաջ բերելով անհրաժեշտություն՝ միմյանց հետ համաձայնեցնելու չափերի, կշիռների և դրամների արժեքները։ Մեծ Հայքի թագավորությունը, որը գտնվում էր այս երկու տերությունների միջև, մեծապես շահում էր միջազգային առևտրի աշխուժացումից։ Մասամբ սրանով է բացատրվում տնտեսության, մշակույթի և քաղաքների բուռն վերելքը I–II դդ. Մեծ Հայքում, Փոքր Հայքում և Պոնտոսում։ Նոր քաղաքներին (Նիկոպոլիս, Նեոկեսարիա, Սեբաստիա, Վաղարշապատ, Մծուրք) զուգընթաց բարգավաճում են հները՝ Արտաշատը, Երվանդաշատը, Զարեհավանը, Նախճավանը, Զարիշատը, Տիգրանակերտը, Արշամաշատը, Վանը և Արզնը։ Մ. թ. ա. II – I դդ. կազմված և IV դ. ընդօրինակված հռոմեական մղոնաչափում՝ Պևտինգերյան քարտեզում նշված է այն մայրուղին, որը Չինաստանից և Պարսկաստանից գալիս էր Արտաշատ և այնտեղից անցնում Փոքր Ասիա ու Հռոմ։ Չինաստանից ձգվող «Մետաքսի ճանապարհը» Միջին Ասիայից անցնում էր Իրանի հյուսիսային կենտրոններով և այնտեղից Երասխի հովիտը՝ Ջուղայի գետանցով դեպի Նախճավան և Արտաշատ։ II դարից Հռոմեական կայսրության և Պարթևաստանի միջև գոյություն է ունեցել համաձայնագիր, ըստ որի, միջազգային առևտրական փոխանակությանը պետք է կատարվեր նախատեսված երեք կետերում՝ Մծբինում, Կալլինիկամում և Արտաշատում։ Հնդկաստանից Հայաստան և արևմտյան երկրներ ներմուծվել են բրինձ, բամբակե գործվածքներ, բամբակ, համեմունք, թանկագին քարեր, օծանելիքներ, փղոսկր, սև փայտ, ներկող նյութեր ևն։ Չինաստանից բերում էին գլխավորապես մետաքս և մետաքսե գործվածքներ։ Հայաստանից արտահանվում էր գինի, հացահատիկ, որդան կարմիր ներկ, կաշի, ձիեր, ջորիներ ևն։ Բագրատունյաց ժամանակ միջազգային առևտրի համար կարևոր նշանակություն ձեռք բերեց արաբական խալիֆայությունից Անի, Կարս և Արծն քաղաքների վրայով դեպի Տրապիզոն տանող ճանապարհը։ Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաք Անիից դուրս էին գալիս միջազգային մի շարք ուղիներ. ա. Անի–Հոռոմոս–Լոռե–Դմանիս–Սամշվիլդե–Տփղիս։ Աղստև գետի ստորին ավազանում այս ճանապարհից անջատվում էր մեկ ուրիշը, որը Շամքոր քաղաքի վրայով տանում էր Գանձակ և ապա Կասպիականի ափերը։ բ. Անի–Ախալցխա–Քութայիս և ապա սևծովյան ափերը։ գ. Անի–Կարս–Արտանուջ և Սև ծովի արևելյան ափամերձ վայրերը։ դ. Անի–Բագարան–Վաղարշակերտ։ Վաղարշակերտից նույն ուղին ճյուղավորվում էր երկու մասի, մեկը տանում էր դեպի Կարին և սևծովյան ափերը, մյուսը՝ Մանազկերտի, Բաղեշի, Արզնի և Մայաֆարկինի վրայով՝ դեպի Միջագետք և Ասորիք։ ե. Անի–Երևան–Դվին։ Մեկ այլ՝ հարավային ճանապարհը ձգվում էր խալիֆայության հյասիս–արևմտյան մարզերից և Ատրպատականից դեպի Միջագետք, Ասորիք, Փոքր Հայք և Պոնտոս։ Այս ուղին միջազգային առևտրի համար ուներ համեմատաբար երկրորդական նշանակություն։ Այս ճանապարհը նկարագրել են արաբ մատենագիրներ Իստախրին, Իբն Հաուկալը և Մուկադդասին, որոնց վկայությունների համաձայն, Արդաբիլից առևտրական ճանապարհը ձգվում էր մինչև Մարաղախոյ–Բերկրի–խլաթ և այնտեղից Բիթլիսի ու Ֆարկինի վրայով դեպի Ամիդ (Դիարբեքիր)։ Արճեշում այս առևտրաուղին ճյուղավորվում էր և Արճեշ–Մանազկերտ–Խնուս–Կարին–Երզնկա–Սեբաստիա ուղեգծով գնում Փոքր Ասիա։ Մի այլ ճանապարհ Մարաղայից ձգվում էր դեպի Դվին՝ անցնելով Ուրմիայով, Սալմաստով, խոյով և Նախճավանով։ Դվին–Պարտավ ճանապարհով Բագրատունյաց Հայաստանը կապվում էր Անդրկովկասի արևելյան մասի հետ։ Այս առևտրաուղին Կաղանկատույքի, Հաթերքի և այժմյան Զոդի լեռնանցքի վրայով ձգվում էր Սոդք, այնուհետև Սևանա լճի հարավային ափերի երկայնքով՝ դեպի Գեղարքունիք և ապա Սելիմի լեռնանցքով՝ Սիսական և հյուսիս–արևմուտք՝ մինչև Դվին մայրաքաղաքը։ Պարտավից առևտրաուղիներ էին գնում դեպի Տփղիս, Արդաբիլ և Բաբ–ալ–Աբվան (Դարբանդ)։ Այս ուղիներն իրենց նշանակությունը մասամբ պահպանեցին նաև հետագա դարերում։

Առևտրական բանուկ ճանապարհներ կային նաև Կիլիկիայի հայկական պետության մեջ (թե ջրային և թե ցամաքային)։ Մինչև Բաղդադի խալիֆայության անկումը (1258) Կիլիկիայի համար կարևոր էր այն առևտրաուղին, որը ձգվում էր Ասորիքից և, անցնելով Կիլիկիայով, մտնում էր Իկոնիայի սուլթանություն, որտեղից և գնում էր դեպի Կոստանդնուպոլիս ու Սև ծովի նավահանգիստները։ Այս ճանապարհն անցնում էր Հալեպից Անտիոք-«Ասորվոց դուռ» (Պորտելլա) լեռնանցքով մինչև Մամեստիա, Ադանա, Տարսոն և «Կիլիկիայի դուռ» լեռնանցքով հասնում Իկոնիա։ XIII դարից հույժ մեծացավ Այաս նավահանգստի դերը։ Այասից դուրս եկող կարևոր ճանապարհները երկուսն էին. ա. Այաս–Մարաշ–Մելիտենե ուղին, որը Մելիտինեում ճյուղավորվում էր դեպի Մեծ Հայք, Միջագետք և Կապադովկիա։ Մարաշում այս ուղուց մի այլ ճյուղավորում գնում էր Եդեսիա և Հալեպ։ բ. Այաս–Ադանա–Անարգաբա–Սիս ուղին տանում էր Վահկա ամրոց, ապա Կեսարիա, իսկ այնտեղից՝ տարբեր երկրամասեր։

Մոնղոլական տիրապետության ժամանակ Արևելքն Արևմուտքի հետ էին կապում երկու ճանապարհ, որոնցից մեկը գալիս էր Կարակորումից, Թուրքեստանի, Խորեզմի վրայով ձգվում դեպի Ոսկե Հորդայի մայրաքաղաք Սարայ (Վոլգայի ափին), որտեղ այն ճյուղավորվում էր երկու կարևոր ուղիների՝ մեկը տանում էր դեպի Սև ծովի հյուսիսային առափնյա քաղաքները, մյուսը՝ Բալթիականի ծովամերձ քաղաքները։ Մյուս մայրուղին Միջին Ասիայում միանալով հիշյալ ճանապարհին՝ Պարսկաստանի, Ատրպատականի և Հայաստանի վրայով գնում էր դեպի Տրապիզոն և Փոքր Ասիայի մյուս քաղաքները, որոնց թվում և Կիլիկիայի նավահանգիստները։ Մոնղոլական տիրապետության շրջանում հարավային գլխավոր ճանապարհը կորցրել էր իր նշանակությունը, որովհետև Ասորիքը նվաճել էին Եգիպտոսի մամլուքները։ Մոնղոլները մի քանի անգամ փորձեցին նվաճել այն և գրավել նաև քարավանային մեծ ճանապարհները հարավում, բայց անհաջողություն կրեցին։ Ուստի մեծացավ Ատրպատականի և Հայաստանի վրայով անցնող ուղու նշանակությունը, որ գալիս էր Արևելքից, հասնում էր Հեր (Խոյ) քաղաքը, որտեղ ճյուղավորվելով, ձգվում էր երկու ուղղությամբ, մեկը Հերի, Վանի, Բերկրիի, Արճեշի, Մանազկերտի, Խնուսի, Կարինի և Բաբերղի վրայով անցնում էր Տրապիզոն։ Կարինում այս ուղուց սկիզբ էր առնում մի այլ ճանապարհ, որը Երզնկայով, Սեբաստիայով և Սսով ձգվում էր դեպի Այաս։ Մյուսն սկիզբ էր առնում Արճեշից և Խլաթի, Բաղեշի, Դիարբեքիրի, Խարբերդի ու Մելիտինեի վրայով տանում էր դեպի Կիլիկիայի քաղաքները։ Հերից մինչև Կարին անցնում էր նաև մեկ այլ ճանապարհ՝ Հեր–Բագավան–Բոլորպահակ (այժմ՝ Հասան–կալա)–Կարին ուղեգծով։

Ծովային ճանապարհի հայտնագործումից հետո Հայաստանով անցնող տարանցիկ ճանապարհները կորցրեցին իրենց նշանակությունը։ XV դ. 2-րդ կեսից Եվրոպայի և Ասիայի միջև կատարվող առևտուրը մասամբ կատարվում էր Ռուսաստանի վրայով։ հատկապես կարևոր նշանակություն են ստանում Ռուսաստանի առևտրական կապերը Պարսկաստանի հետ։ Այդ կապերի զարգացման գործում մեծ դեր ունեին հայերը։

Գրականություն խմբագրել

  • Մանանդյան Հ., Հայաստանի գլխավոր ճանապարհները ըստ Պևտինգերյան քարտեզի, Ե., 1936։
  • Манандян Я., О торговле и городах Армении в связи с мировой торговлей древних времен, Е., 1954;
  • Markwart J., Das Itinerar von Artaxsata nach Armastica auf der romischen Weltkarte, Wien, 1928.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 539