Առնջո կամ Առնջուց վանք, բերդավանք Առինջ գյուղի հյուսիսային եզրի բլրին, ծովի մակերևույթից 1345 մ բարձրության վրա։

Առնջո վանք
Հիմնական տվյալներ
Տեսակվանք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԱռինջ գյուղ, Կոտայքի մարզ
Դավանանքքրիստոնեություն
ԹեմԿոտայքի թեմ
Հոգևոր կարգավիճակչի գործում
ՀիմնադրվածԺԵ (15-րդ) դար

Հիշատակություն խմբագրել

Հաշվի առնելով մինչև 2 մ բարձրությամբ պարիսպների հիմնային հատվածների կառուցողական առանձնահատկությունները՝ բերդակը գոյություն է ունեցել շատ ավելի վաղ ժամանակներից։ Այն կառուցվել է կառուցվել է ոչ թե իբրև վանքի շրջապարիսպ, այլ որպես ապահով ու ամրացված պատրաստի վայր՝ հիմնել են վանքն արդեն իսկ գոյություն ունեցող բերդակի ներսում․

  Առինջի բերդը հին է, պարսպի ներքեւի սեւ քարերի խոշորութիւնից դատելով, հաւանօրէն, Ուրարտական վերջին շրջանների գործ, բայց վերեւի քարերը յետոյ են շարուած[1]  

Ինչպես վիմագրական այնպես էլ մատենագրական վկայությունները փաստում են որ պատմության ընթացքում Առնջուց վանքի համար առավել արգասաբեր է եղել 13-րդ դարը։ Համենայն դեպս հենց այս դարաշրջանին են վերաբերում վանքում ստեղծված ձեռագրերից մի քանիսը, որոնցից 1476 թվականին Մաշտոցի հիշատակարանում նշվել է․

  Նկարեցաւ․․․ ձեռամբ Ստեփանոս եպիսկոպոսի Յառնջեցո, ի վանքս Յառնջուց ի դուռս սուրբ Աստուածածնիս․․․  

1606 թվականին առնջուց վանքը հիշվում է Հակոբ վարդապետի գործունեության առնչությամբ․

  Ընդ առաջին աշխատաւորացն յիշեսջիք զվերջին ստացող կտակիս զՄեսրոբ Կաֆայեցի, որ ստացա զսա ինձ ի յիշատակ բարի։ Զի զսա ընկալեալ էր Յակոբ վարդապետն Առնչեցի ի Պօղոս վարդապետէ, և իմ գնացեալ ՌԾԵ (1606) թվին ի Սբ․ Էջմիածինն, ի Վաղարշապատ և անտի Երևան և անտի Առինչք․ և այդ շնորհեաց ին պակասաւորիս՝ վերոյ ասացեալ՝ յակոբ վարդապետն և ճգնազգեաց Ձագ վարդապետի աշակերտն՝ Պօղոս վարդապետն․․․[2]  

Թեև գրավոր աղբյուրները վկայություն չեն թողել, սակայն, ամենայն հավանականությամբ, մոտակա Ձագավանքի և այլ կառույցների նման վանքն էլ փլուզվել է 1679 թ․ երկրաշարժից և ընդհուպ մինչև 2000թ․ այլևս չի վերականգնվել։

Ճարտարապետություն խմբագրել

Ընդհանուր ճարտարապետություն խմբագրել

Ունի բավականաչափ կանոնավոր ուղղանկյուն հատակագիծ (արտաքին չափերն են՝ 43,63×36,27 մ)։ Միակ մուտքը բացված է արևելյան ճակատից։ Ներսում՝ արևելյան ու հյուսիսային պարսպապատերին կից կան բնակելի ու տնտեսական նշանակության մեծ ու փոքր մի քանի սենյակներ։ Պարսպափակ մակերեսի գրեթե կենտրոնում հիմնված է թերևս ավելի հին սրբատեղիի հիմքերի վրա 15-րդ դարում հիմնովին վերակառուցված Առնջուց Սբ․ Աստվածածին վանքը, որով և հուշարձանախումբը ներկայանում է որպես պարսպապատ վանք։

Կենտրոնական կառույց խմբագրել

Առնջուց վանքի կենտրոնական կառույցը հիշատակարաններում բազմիցս վկայված Սբ․ Աստվածածին եկեղեցին է։ Սա հորինվածքով թաղածածկ պարզ բազիլիկ է (արտաքին չափերն են՝ 8,07×6,26), սակայն աչքի է ընկնում կիսաբոլորակ խորանը նաև արտաքուստ նույն կերպ շեշտված սակավադեպ լուծումով։ Միակ մուտքը բացված է արևմտյան ճակատից։ Նույն կողմից մեկական մուտք ունեն նաև եկեղեցուն հարավից և հյուսիսից կցված ավանդատները։ Վերականգնված եկեղեցու որմերում առկա են մի քանի խաչքարեր, իսկ արևելյան ճակատին՝ արծվի տեսքով Հովհաննես ավետարանչի՝ երկատված և մասամբ քայքայված բարձրաքանդակը։ Ինչպես պարզում է ելնդագիր քառատող շքեղ արձանագրությունը՝ վերջինիս հեղինակն է ԺԵ (15-րդ) դարում վանքում ստեղծված մի քանի ձեռագրերի ծաղկող-նկարիչ Ստեփանոս եպիսկոպոսը․ «Ստեփանոս եպ(ի)ս(կոպոս) նկարող յիշեցեք ի․․․ ․․․Յոհանէս աւե(տարանիչ)՝ արծիւ»։

Եեղեցու վերջին հիմնավոր վերաշինությունը պետք է որ տեղի ունեցած լինի ԺԷ (17-րդ) դարի 50-60-ական թվականներին, քանի որ այն իրականացրել է առինջեցի հայտնի ճարտարապետ Նավասարդը։ Եկեղեցու խորանի վեմքարի ոտքի արևմտահայաց ճակատին ագուցվել են ըստ ոճական և գեղարվեստական առանձնահատկությունների ԺԶ (16-րդ) դարով թվագրվող և վերջին վերաշինության ժամանակ էլ իրենց նախկին տեղում պահված և ցարդ ամբողջական զույգ խաչքարերը։ Վերջիններիցս զատ՝ վերականգնման ժամանակ եկեղեցու որմերում ագուցվել են նաև ժամանակի ընթացքում կոտրատված առանձին խաչքարերի արձանագիր բեկորներ։

Վիմագրերով հատկապես հարուստ են վանքի շրջապարիսպը և առանձնապես վերջինիս արևելյան որմն ամբողջ երարությամբ թե՛ արտաքուստ և թե՛ ներքուստ։ Ահա դրանք․

Շրջապարսպի արևեյան ճակատի հյուսիսարևելյան անկյունաքարին՝ 1 տող․ Հիմն(արկեցաւ) ՋԼէ (1488) թվին" Հրատ․ Սաղումյան Ս․, փակագրությունը հայ վիմագրության մեջ, «ԼՀԳ», 1980, №3, էջ 78։
Նույն քարի հյուսիսահայաց երեսին՝ 1 տող․ Թվ(ին) ՋԽԱ (1492)։
Այլ քարին՝ փակագիր 5 տող․ Թվ(ին) ՋԽ|Ը (1499), | Ավան | վիճ(ա)կ|(ա)ց․․․։ Ծանոթ արձանագրություն թերևս կիսատ է մնացել, կամ շարունակությունը եղել է մեկ այլ քարի վրա, որը տեղում չէ։ Փակագիրը Ս․ Սաղումյանը թեականորեն վերծանել է Անանիա կաթողիկոս (Սաղումյան Ս․, նշվ․ հդվ․, էջ 79)։
Մեկ այլ քարի հյուսիսահայաց երեսին՝ 1 տող․ Զվա(ր)պ(ե)տ | Խաչատուր | յիշեցէք ի Ք(րիստո)ս։ Հրատ․ Սաղումյան Ս․, Փակագրությունը վիմագրության հայ մեջ, «ԼՀԳ», 1980, №3, էջ 78։
Դարպասի անկյունաքարին՝ ներքուստ 3 տող․ Տ(է)ր Սանվէլ քարգործ, որ|դի տ(է)ր Յոհանէսին յի|շեցէք ի Ք(րիստո)ս, ի թվ(ին) ՋԾ (1501)։ Հրատ․ Յովսէփեան Գ․, Խաղբակեանք կամ Պռոշեանք հայոց պատմութեան մեջ, Անթիլաս, 1969, էջ 87։Սաղումյան Ս․, նշվ․ հդվ․, էջ 79։

[3]

Մեկ այլ քարին՝ ներքուստ 3 տող Խաչատու|ր միայնակեաց | յիշեցէք ի Ք(րիստո)ս։ Հրատ․ Սաղումյան Ս․, նշվ․ հդվ․, էջ 79
Մեկ այլ քարին՝ ներքուստ 3 տող Մսըր աղ|էն յիշեց|էք ի Ք(րիստո)ս։ Հրատ․ Սաղումյան Ս․, փակագրությունը հայ վիմագրության մեջ, «ԼՀԳ», 1980, №3, էջ 78։
Մեկ այլ քարին՝ ներքուստ 3 տող զՔրիստոս(ա)տուր | աղա նորագաւի|թո յիշեցէք ի Ք(րիստո)ս։ [4]
Դարպասից ոչ հեռու ընկած առյուծի բեկորված բարձրաքանդակին՝ 2 տող․ Տ(է)ր Ստ(ե)փ(անոս) վ(արպետ կամ վարդապետ) | կուքեց(ի)․․․։ [5]

Այն հանգամանքը, որ նույնիմաստ քանդակները բազմաթիվ այլ հուշարձաններում հանդիպում են բացառապես մուտքերի արտաքին ճակատներում, կարծել է տալիս, որ շրջապարսպի այս հատվածը հավանաբար վերակառուցվել է ԺԵ դարի վերջին[6], որի ժամանակ էլ բարավորը տեղադրվել է հակառակ դիրքով։ Սրա հետևանքով էլ մուտքի պահապանները, որոնք ի սկզբանե երևացել են արտաքուստ, արդեն շատ վաղուց ու նաև ներկայումս երևում են ներքուստ։ Ինչ վերաբերում է բարավորի կերտման ժամանակաշրջանին, ապա թերևս այն կարելի է թվագրել ԺԲ–ԺԳ դարերով (պատկերագրական առումով համանման պահապան վիշապներ ունեն քաղաքամայր անիի աշտարակներից երկուսը)։

Աղբյուր խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Յովսէփեան Գ․, նշվ․ աշխ․, էջ 87։
  2. Հայերեն ձերագրերի ԺԷ դարի հիշատակարաններ հ․ Ա, Երևան, 1974, էջ 237
  3. Գ․ հովսեփյանը Սանվել անձնանունը սխալմամբ ընթերցել է Մանուէլ։
  4. Նորագավիթ գյուղը ներկայումս Երևանի շրջագծի մեջ է։
  5. Կուրքին գյուղ է Նախիջևանի Շահապոնք գավառում։
  6. Ի դեպ, դարպասի վերակառուցված լինելու մասինէ վկայում նաև բարավորի կամարի բացվածքի ավելի լայն, իսկ մուտքն ավելի նեղ լինելու իրողությունը։