Առարկայացումը փոխաբերության մի տեսակ է, անձնավորման հակառակ երևույթը, երբ իրերին և կենդանիներին բնորոշ հատկանիշները վերագրվում են մարդուն։ Օրինակ՝

Ծանոթ շները չեն հաչում վրադ, ծանոթ մարդիկ են հաչում քո վրա

Գործածվում է խոսքն ավելի պատկերավոր դարձնելու նպատակով։

Ունի երկու դրսևորում։

Անշունչ առարկայի հատկանիշը վերագրվում է մարդուն.

Ծիծաղում է Անուշը,
Աղմկում է, կարկաչում...

- (Յ. Սահակյան, «Մի կանաչ այգի»)

Կարկաչում են առվակը, աղբյուրը, իսկ այստեղ «կարկաչել» բայը գործածվել է մանկան ծիծաղը, քրքիջը պատկերավոր ներկայացնելու համար։

Կենդանու հատկանիշը վերագրվում է մարդուն.

–Բայց դա քեզ չի խանգարում ինձանից պարսից թագավորի մոտ գնալ,– մռնչաց արքան ու կոպտորեն ետ տարավ ուսը։
- (Պ. Զեյթունցյան, «Աստծու տասներկու օրը»)

Մռնչում են գազանները, օրինակ՝ առյուծը։ Վերևի օրինակում մոլեգնած արքայի գոռոցը նմանեցվել է կենդանիների արքայի ձայնին։

Առարկայացումը կարող է գործածվել ինչպես չեզոք կամ դրական, այնպես էլ բացասական վերաբերմունք դրսևորելու նպատակով։ Օրինակ՝

Կրակը լափում էր ամեն ինչ։ Բեյը խելագար վազվզում էր ձյուների մեջ, ոռնում անզոր։ Ֆիդայիները կրակում էին։
- (Ս. Խանզադյան, «Խոսեք, Հայաստանի լեռներ»)

Բեյը ոռնում էր. բացասական վերաբերմունք է։

Առարկայացումը գործածվում է առօրյա խոսքում և գեղարվեստական գրականության, մասամբ նաև հրապարակախոսության մեջ։

Գրականություն խմբագրել