Աուտիզմի ախտորոշման հարցազրույց (վերանայված)

Աուտիզմի ախտորոշման հարցազրույց (վերանայված) (ADI-R) համակարգված հարցազրույց, որն անցկացվում է աուտիզմ կամ Աուտիկ սպեկտրի խանգարում հնարավոր գնահատման ներկայացված անձանց ծնողների հետ։ Հարցազրույցը, որն օգտագործվել է հետազոտողների և բժիշկների կողմից տասնամյակներ շարունակ, կարող է կիրառվել առնվազն 18 ամսականը լրացած ցանկացած մարդու ախտորոշման նպատակով և չափում է փոխադարձ սոցիալական փոխազդեցությունների, հաղորդակցման և խոսքային վարքերը, վարքային կաղապարները[1]։

Կառուցվածք խմբագրել

Կիրառելի է աուտիզմի, պլանավորման դժվարությունների և աուտիզմը զարգացման այլ խանգարումներից տարանջատելու ախտորոշման համար։ Հարցազրույցը վերհանում է հետազոտվող անձի զարգացման ողջ պատմությունը, սովորաբար անցկացվում է գրասենյակում, տանը կամ այլ հանգիստ միջավայրում հոգեբանի կողմից և տևում է 1-2 ժամ։ Ծնողներին (խնամակալներին) 93 հարց է տրվում կապված ներկա և որևէ կոնկրետ ժամանակահատվածում անձի վարքի երեք հիմնական ոլորտի հետ[1]։ Հարցազրույցը տրոհված է հինգ բաժնի. մուտքի հարցեր, հաղորդակցական հարցեր, սոցիալական զարգացման և խաղի հարցեր, կրկնվող և սահմանափակ վարքի հարցեր և հարցեր ընդհանուր վարքային խնդիրների մասին[2]։ Քանի որ սա հետազոտողից կախված հարցազրույց է, հարցերը շատ բաց են և հարցազրուցավարը կարող է յուրաքանչյուր վարքի հուսալի գնահատման համար անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը ստանալ[3]։ Ծնողներն ու խնամակալները սովորաբար շատ հանգիստ և հարմարավետ են զգում հարցազրույցի ընթացքում, քանի որ երեխայի մասին իրենց ասած ամեն բան արժևորվում է հարցազրուցավարի կողմից։ Ինչպես նաև, հարցազրույցին մասնակցելը ծնողներին օգնում է ավելի լավ պատկերացնել աուտիկ սպեկտի խանգարումը և ախտորոշումը պայմանավորող գործոնները[2]։

Հարցազրույցի բովանդակություն խմբագրել

Հարցազրույցի առաջին բաժնով գնահատվում է սոցիալական փոխազդեցությունների որակը և ներառում է հարցեր հույզերը արտահայտելու, հարմարավետություն առաջարկելու և որոնելու, սոցիալական ժպիտի և մյուս երեխաներին պատասխանելու (արձագանքելու) մասին։ Հաղորդակցական և խոսքային վարքի բաժինը բացահայտում է կարծրատիպային արտահայտությունները, դերանունների գործածումը և խոսքի սոցիալական կիրառումը։ Կարծրատիպային արտահայտությունները քիչ բառեր կամ հնչյուններ են, որոնք մարդն օգտագործում և կրկնում է ամենից հաճախ։ Սահմանափակ և կրկնվող վարքերի բաժնում ընդգրկված են հարցեր անսովոր կենտրոնացվածության, ձեռքի և մատների շարժումների և տարօրինակ զգայական հետաքրքրությունների վերաբերյալ[1]։ Եվ վերջապես, գնահատումը ներառում է հարցեր ինքնավնասող վարքի, ագրեսիայի և ավելորդ գործողությունների մասին, որոնք նպաստում են զարգացման ծրագրի մշակմանը[3]։

Հարցազրույցը սկսվում է ներածական հարցերով, որոնք տեղեկատվություն են հավաքում անձի վաղ զարգացման մասին։ Հաջորդ 41 հարցերը բացահայտում են խոսքային և ոչ խոսքային հաղորդակցումը։ 50-66 հարցերը սոցիալական զարգացման և խաղի մասին են։ Եվս 13 հարց կապված է հետաքրքրությունների և վարքերի հետ։ Վերջին 14 հարցերը «ընդհանուր վարքի» մասին են՝ ներառյալ հիշողությունը, շարժողական հմտությունները, լրացուցիչ ակտիվությունը և անհանգստությունները[4]։

Գնահատում խմբագրել

Հարցազրույցի ավարտից հետո հարցազրուցավարը հիմնավորում է յուրաքանչյուր հարցի միավորը՝ ելնելով ծնողի (խնամակալի) պատասխանների գնահատումից։

Գնահատման սանդղակ խմբագրել

  • 0: «Համապատասխան կոդում նկարագրված վարքը բացակայում է»
  • 1: «Համապատասխան կոդում նկարագրված վարքն առկա է անբնական ձևով, սակայն ոչ բավարար շատ կամ հաճախ, որպեսզի համապատասխանի 2 միավորին»
  • 2: «Հստակ անբնական վարք»
  • 3: «Որոշակի վարքը ծայրահեղ շատ է հանդիպում (բարդ է)»
  • 7: «Հստակ անբնականություն կոդում նկարագրված վարքում, սակայն ոչ նշված տեսակի»
  • 8: «Ոչ ընդունելի»
  • 9: «Հայտնի չէ կամ չի հարցվել»

Ալգորիթմ խմբագրել

Հանրագումարային միավորը հաշվարկվում է հարցազրույցի բովանդակության յուրաքանչյուր բաժնի համար առանձին։ Ալգորիթմը կիրառելիս 3 միավորը հաշվարկվում է 2, իսկ 7, 8 և 9 միավորները՝ 0, քանի որ դրանք չեն նույնականացնում աուտիստիկ վարքը, հետևաբար չպետք է ավելացվեն վերջնական միավորին։ Ախտորոշման ալգորիթմը ստեղծելու համար հեղինակները հարցազրույցից ընտրել են այն հարցերը, որոնք ամենից սերտ են կապված մտավոր և հոգեկան հիվանդությունների ախտորոշման և վիճակագրական հաշվառման ձեռնարկի 5-րդ հրատակությունով (DSM-V) նախատեսված աուտիկ սպեկտրի խանգարում կամ ՀՄԴ-10-ով աուտիզմ ախտորոշման հետ[2]։ Աուտիզմի ախտորոշումը հաստատվում է, երբ բոլոր երեք վարքային ոլորտներից ստացված միավորները գերազանցում են նշված նվազագույն շեմը[4]։ Այդ շեմային միավորները սահմանվել են՝ օգտագործելով երկար տարիների ինտենսիվ հետազոտությունների տվյալները։

Շեմային միավորներ խմբագրել

  • Սոցիալական փոխազդեցություն՝ 10,
  • Հաղորդակցում և խոսք՝ 8 (խոսքայինի) կամ 7 (ոչ խոսքայինի) դեպքում,
  • Սահամանափակ և կրկնվող վարքեր՝ 3[1]:

Դասընթացներ խմբագրել

Աուտիկ սպեկտրի խանգարման և հարցազրույցի մասին ընդգրկուն դասընթացների և գիտելիքների կարիք կա և՛ հարցազրույցն անցկացնելու, և՛ գնահատելու համար[1]։ Դասընթացը սովորաբար 2 և ավելի ամիս է տևում՝ կախված մարդու կլինիկական փորձից և հարցազրույց վարելու հմտություններից[3]։ Դասընթացները տարբեր են՝ կախված նրանից, թե հարցազրույցը կլինիկական, թե հետազոտական նպատակներով է իրականացվելու։ Գործիքը կլինիկական նպատակով օգտագործելու համար անցկացման և միավորների հաշվարկի ուսուցման տեսանյութեր և աշխատանքային սեմինարներ կան։ Արևմտյան հոգեբանական ծառայությունների (WPS) առաջարկած տեսադասընթացի փաթեթը հարցազրույցի կիրառման կլինիկական լիարժեք դասընթաց է[5]։ Հետազոտողներից պահանջվում է հատուկ հետազոտական դասընթաց անցնել և հաստատել իրենց համապատասխանությունը՝ հարցազրույցը հետազոտական նապատակներով կիրառմանը[1]։ Ամենակիրառական պրակտիկան հարցազրույցի հեղինակների կամ նրանց գործընկերների կողմից անցկացվող անհատական դասընթացին մասնակցելն է և նրանց կողմից հետազոտության հուսալիության գնահատում ստանալը։ Հետազոտական դասընթացի մասին տեղեկատվությունը՝ ներառյալ ժամանակի և վայրի մասին տվյալները, կարելի է գտնել Աուտիզմի և ուղեղի զարգացման կենտրոնի (CADB) կայքում։

Պատմություն խմբագրել

Աուտիզմի ախտորոշման հարցազրույցը (վերանայված) ստեղծվել է գրվել է Մայքլ Ռութերի, Էն Լեկաուտերի և Կատրին Լորդի կողմից։ Այն հրատարակվել է Արևմտյան հոգեբանական ծառայությունների կողմից 2003 թվականին։ Հարցազրույցի առաջին տարբերակը, որը գրվել է 1989 թվականին, առավելապես կիրառվում էր հետազոտական նպատակներով։ Հարցարանը մշակվել է աուտիզմի ախտորոշման ոլորտի 4 առաջատար զարգացումներին ի պատասխան, որոնք բխում էին նոր ախտորոշիչ գործիք ստեղծելու պահանջից։ Այդ զարգացումները ներառում էին ախտորոշման չափանիշների բարելավում, աուտիզմի և վաղ տարիքում ի հայտ եկող զարգացման այլ խանգարումների տարբերակված գնահատման և հոգեբանական ստանդարտացված ախտորոշիչ գործիքների մշակում[1]։ Հարցազրույցի սկզբնական տարբերակը կարող էր օգտագործվել առնվազն 5 կենսաբանական տարիքի և առնվազն 2 հոգեբանական տարիքի, բայց աուտիկ սպեկտրի խանգարումը սովորաբար այդ տարիքից ավելի վաղ է ախտորոշվում։ Այս բացահայտումը Ռութերին, Լեկուտերին և Լորդին թույլ տվեց վերանայել հարցազրույցը 1994 թվականին, որպեսզի այն հնարավոր լինի օգտագործել առնվազն 18 ամսական հոգեբանական տարիք ունեցող անձանց հիմնավոր ախտորոշում իրականացնելու համար։ Սա հնարավորություն կտար բժիշկներին (կիրառողներին) հարցազրույցն օգտագործել աուտիզմը վաղ մանկության տարիքում ծագող զարգացման այլ խանգարումներից տարբերակելու համար։ Հարցերի վերանայումը հեղինակներին ստիպեց վերանայել նաև գնահատման ալգորիթմը և շեմային միավորները, քանի որ որոշ բաժիններում նոր հարցեր էն ավելացվել[2]։

Հուսալիություն խմբագրել

Աուտիզմի ախտորոշման հարցազրույցի սկզբնական տարբերակի այն հարցերը, որոնք հետազոտության արդյունքում գնահատվեցին որպես անհուսալի կամ անընդունելի, հարցազրույցի վերանայման ժամանակ հանվեցին[2]։ Վերանայված հարցազրույցը ևս խստորեն փորձարկվել է հուսալիության և հավաստիության տեսանկյունից՝ միջգնահատային հուսալիության, թեստավորում-վերաթեստավորում հուսալիության և ներքին հավաստիության թեստերի միջոցով[1]։ Այս հետազոտության արդյունքները հանգեցրին հարցազրույցի վերանայված տարբերակի ընդունման ինչպես հետազոտողների, այնպես էլ բժիշկների կողմից։ Հարցազրույցը հաճախ գործածվում է այլ՝ փոխլրացնող գործիքների հետ, աուտիզմի ախտորոշումը հիմնավորելու համար։

Հեղինակները հրապարակել են հոգեշարժողական տվյալները, որոնք կապված են հարցազրույցի հուսալիության և հավաստիության հետ։ Ե՛վ միջգնահատային հուսալիությունը, և՛ ներքին կայունությունը բարձր են հարցազրույցում դիտարկվող բոլոր վարքային ոլորտների համար։ Հաստատված է նաև, որ հարցարանը համարժեք հուսալիություն է ցուցաբերում ժամանակի ընթացքում։ Աուտիզմ և զարգացման այլ խանգարումներ ունեցող երեխաների ծնողների հետ անցկացված հարցազրույցի տվյալների համեմատական հետազոտությունը ցույց տվեց, որ հարցազրույցի առանձին հարցեր փոքր-ինչ ավելի հավաստի են աուտիզմը մտավոր հետամնացությունից տարբերելու համար, քան ողջ ալգորիթմն ընդհանուր վերցրած։ Այնուամենայնիվ, հետագա ուսումնասիրությունները հանգեցրին հարցազրույցի ալգորիթմի համընդհանուր ընդունման[2]։

Փոխկապակցված գործիքներ խմբագրել

Սոցիալական հաղորդակցման հարցարանը (SCQ) կարճ, 40 հարցից բաղկացած, այո/ոչ պատասխաններ պահանջող հարցարան էր, որը լրացվում է ծնողների կողմից և վերաբերում է երեխաների վարքին։ Այն աուտիզմի ախտորոշման հարցազրույցին (վերանայված) զուգահեռ բովանդակություն ունը և կիրառվում է արագ վերլուծության համար՝ որոշելու, արդյոք անհրաժեշտություն կա հարցազրույցի լիարժեք տարբերակի անցկացման համար։

Աուտիզմի ախտորոշման դիտարկման ժամանակացույցը «գործընկեր» գործիք է՝ ստեղծված հեղինակների գրեթե նույն խմբի կողմից։ Այն լիարժեք և մասնակի կանոնակարգված առաջադրանքների համալիր է և անցկացվում է հարմարավետ պայմաններում, ուսումնասիրվող անձի և հոգեբանի կամ այլ պատրաստված և լիցենզավորված հետազոտողի միջև գործողությունների հաջորդական շարքի ձևով։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Le Couteur, A., Lord, C., & Rutter, M. (2003). Autism Diagnostic Interview-Revised (ADI-R). Retrieved Mar. 5, 2009, from Autism Genetic Resource Exchange, Los Angeles, CA. Web site: http://www.agre.org/program/aboutadi.cfm.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Lord, C., Rutter, M., & Le Couteur, A. (1994). Autism diagnostic interview-revised: A revised version of a diagnostic interview for caregivers of individuals with possible pervasive developmental disorders. Journal of Autism and Developmental Disorders, 24(5), 659-685.
  3. 3,0 3,1 3,2 Schopler, E., & Mesibov, G. B. (1988). Diagnosis and Assessment in Autism. New York: Plenum Press.
  4. 4,0 4,1 «About the ADI-R». research.agre.org. Վերցված է 2019 թ․ փետրվարի 3-ին.
  5. «Third Party Training». www.wpspublish.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 3-ին.