Աուտիզմի ախտորոշման դիտարկման ժամանակացույց (ADOS)

Աուտիզմի ախտորոշման դիտարկման ժամանակացույցը (ADOS) աուտիզմ-ի գնահատման և ախտորոշման գործիք է։ Ընթացակարգը բաղկացած է լիարժեք և մասնակի կանոնակարգված առաջադրանքներից, որոնք ներառում են սոցիալական փոխազդեցություններ հետազոտողի և գնահատվողի միջև։ Հետազոտողը դիտում և բացահայտում է գնահատվողի վարքի կողմերը և դասակարգում դիտարկման նախապես որոշված բաժիններում։ Դիտարկումների դասակարգված տվյալներն այնուհետև միավորվում են վերլուծության համար քանակական միավորներ ձևավորելով։ Հետազոտությամբ ամրապնդված տվյալները նույնականացնում են դասական աուտիզմ կամ Աուտիկ սպեկտրի խանգարում (ԱՍԽ) հնարավոր ախտորոշումները՝ աուտիզմի նշանների ստանդարտացված գնահատման հնարավորություն տալով։ ADOS-ին զուգակցվող գործիք է Աուտիզմի ախտորոշման հարցազրույց (վերանայված) (ADI-R)-ը, որը գնահատվողի ծնողների հետ հստակ կառուցված հարցման միջոցով վերհանում է անձնավորության զարգացման ողջ պատմությունը։

Պատմություն խմբագրել

Աուտիզմի ախտորոշման դիտարկման ժամանակացույցը ստեղծվել է մի խումբ մասնագետների կողմից 1989 թվականին (Կատրին Լորդ, PhD, Մայքլ Ռութեր, ԲԳԴ, Պամելա Ս.Դիլավոր, PhD, Սյուզան Ռայզի, PhD): Այն լայնամասշտաբ հասանելիություն ստացել է 2001 թվականին Արևմտյան հոգեբանական ծառայությունների (WPS) միջոցով[1]։

Մեթոդը խմբագրել

Աուտիզմի ախտորոշման դիտարկման ժամանակացույցը բաղկացած է լիարժեք և մասնակի կանոնակարգված առաջադրանքների սերիաներից և սովորաբար 40-60 րոպե անմիջական թեստավորում է ենթադրում։ Այդ ընթացքում հետազոտողը հնարավորություններ է ստեղծում գնահատվողի համար ցուցադրելու իր սոցիալական և հաղորդացական այն վարքերը, որոնք կապված են աուտիզմի ախտորոշման հետ[2]։

Յուրաքանչյուր հետազոտվող գնահատվում է 4 մոդուլներից մեկով։ Համապատասխան մոդուլի ընտրությունը հիմնված է դիտարկվողի զարգացման և խոսքի ձևավորման մակարդակի վրա։ Զարգացման միակ մակարդակը, որը չի գնահատվում այս գործիքով, դեռահասների և մեծահասակների մոտ խոսքի բացակայությունն է։ Այն նաև չպետք է կիրառվի կույր, խուլ, կամ զգայական կամ շարժողական որևէ այլ լուրջ խանգարում ունեցող անձանց հետ։

Մոդուլներ խմբագրել

Աուտիզմի ախտորոշման դիտարկման ժամանակացույցը բաղկացած է 4 տարբեր մոդուլներից։ Դրանցից յուրաքանչյուրը նախագծված է ծառայելու որպես ամենահամապատասխան թեստ որոշակի տարիք և ֆունկցիոնալ մակարդակ ունեցող անձանց համար։

  • Մոդուլ 1-ը նախագծված է այն անձանց համար, որոնք չունեն հաստատուն խոսքային հաղորդակցման հմտություններ։ Գնահատման համար օգտագործվում են առավելապես ոչ վերբալ առաջադրանքներ։
  • Մոդուլ 2-ը նախագծված է այն անձանց համար, որոնք ունեն նվազագույն խոսքային հաղորդակցման հմտություններ։ Այն կարող է անցկացվել տարիքին համապատասխան հմտություններ ունեցող փոքր երեխաների հետ. առաջադրանքների մեծամասնությունը պահանջում է տեղաշարժվել սենյակում և առարկաների հետ գործողություններ կատարել։
  • Մոդուլ 3-ը նախագծված է այն անձանց համար, որոնք սահուն խոսում են և կարողանում են խաղալ տարիքին համապատասխան խաղալիքներով։ Մեծ մասամբ կարող է անցկացվել սեղանի մոտ։
  • Մոդուլ 4-ը նախագծված է այն անձանց համար, որոնք սահուն խոսում են, սակայն խաղալիքներով խաղալու տարիքից ավելի մեծ են։ Ներառում է մոդուլ 3-ի որոշ տարրեր, սակայն հիմնականում կառուցված է առօրյա կյանքի վերաբերյալ զրույցի վրա[3]։

Մոդուլ 1-ի և 2-ի որոշ օրինակներ պարունակում են անվանը արձագանքելու, սոցիալական ժպիտի, ազատ կամ փուչիկներով խաղի առաջադրանքներ։ Մոդուլ 3-ը և 4-ը կարող են ներառել հերթի փոխանցումով խաղ և հաղորդակցում, ապրումակցման կամ մյուսների հույզերի մեկնաբանության տարրեր[4]։

Վերանայումներ խմբագրել

Աուտիզմի ախտորոշման դիտարկման ժամանակացույցի վերանայված, երկրորդ հրատարակությունը (ADOS-2) իրականացվել է WPS կողմից 2012 թվականի մայիսին։ Այն ներառում է մոդուլ 1-3-ի թարմացված նորմեր, բարելավված ալգորիթմեր և նոր՝ Մանկական մոդուլ, որը հեշտացնում է 12-30 ամսական երեխաների գնահատման ընթացքը[5]։

Դասընթացներ խմբագրել

WPS-ն առաջարկում է ADOS-2-ի կլինիկական աշխատանքային դասընթաց գործիքի հետ անծանոթ մասնագետների համար։ Այն մասնակիցներին հնարավորություն է տալիս նայել մասնագետի կողմից ADOS-2-ի միջոցով Աուտիկ սպեկտրի խանգարում (ԱՍԽ) ունեցող երեխայի դիտարկման ընթացքը։ Դասընթացի ժամանակ մասնակիցները փորձարկում են միավորների հաշվարկը։ Դասընթացը առավելապես կենտրոնացած է 1-4-րդ մոդուլների վրա, թեպետ մասնակիցներին ուսումնասիրելու նյութեր են տրամադրվում Մանկական մոդուլի դասընթացը հետագայում ավարտելու համար[6]։

WPS կողմից առաջարկվող կլինիկական դասընթացը նախապատրաստական է ավելի խորքային հետազոտական դասընթացի համար, որն իրականացնում են ADOS-2-ի հեղինակներն ու նրանց գործընկերները։ Հետազոտական դասընթացն ընդգրկում է հատուկ չափանիշներով ճշգրիտ կոդավորում անելու առաջադրանքներ և նախատեսված է մասնագետներին հասցնելու բարձր մակարդակի խաչաձև միջփորձագիտական հուսալիության, որը պահանջվում է հետազոտությունում։ CADB-ն ևս դասընթացի հնարավորություններ է առաջարկում, ինչպես օրինակ մանկական մոդուլի ուսուցման մեկօրյա աշխատանքային թրեյնինգները (այն հետազոտողների և բժիշկների համար, որոնք անցել են ADOS կամ ADOS-2 1-4 մոդուլների դասընթացը)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.westernpsych.com/
  2. Akshoomoff, Natacha, Christina Corsello and Heather Schmidt. "The Role of the Autism Diagnostic Observation Schedule in the Assessment of Autism Spectrum Disorders in School and Community Settings" The California School Psychologist 11 (2006): 7-19. Print.
  3. https://www.appliedbehavioranalysisedu.org/how-is-ados-autism-diagnostic-observation-schedule-used-to-identify-asd/
  4. Autism Diagnostic Observation Schedule." Western Psychological Services. Western Psychological Services. n.d. Web. 6 March 2010.
  5. "(ADOS®-2) Autism Diagnostic Observation Schedule, Second Edition - WPS". www.wpspublish.com.
  6. "ADOS-2 Clinical Workshop". www.wpspublish.com.