Անժամանդրոս, սփյուռքահայ նշանավոր գրող և խմբագիր Սիմոն Սիմոնյանի վեպը։

«Անժամանդրոս» - 1978

Նախապատմություն խմբագրել

1978 թվականին Սիմոն Սիմոնյանն արդեն ավարտել և իր սեփական Սևան տպարանում հրատարակել էր ավելի քան հինգ հարյուր էջից բաղկացած «Անժամանդրոս» վեպը, սակայն հենց իր՝ հեղինակի կամքով այն հրապարակ պիտի հանվեր միայն հետմահու։ Մինչ այդ, ինչպես նշում է Լևոն Շառոյանը, միայն մի քանի մտերիմներ հնարավորություն ունեցան ծանոթանալու այս խորհրդավոր վեպին. այն հրապարակ հանվեց 1987 թվականին՝ հեղինակի մահից հետո[1]։ Սիմոնյանը գրում է, որ «Անժամանդրոս» նշանակում է ժամանակից դուրս ապրող մարդ (անժամ ՝ անժամանակ և անդրոս՝ հունարեն՝ մարդ բառերից)։ Վեպն ունի հետաքրիր ընծայական, որոնց հասցեատերերը, հավանաբար, Սիմոնյանի բարձր գնահատականին են արժանացել և որոնք էլ հենց վեպի հերոսների նախատիպերն են։

Սյուժե խմբագրել

Ճարտարապետ Արսեն Զամանյանը՝ վեպի գլխավոր հերոսներից մեկը, մի կողմ թողնելով իր առօրյա ճարտարապետական գործերը, փորձում է ավարտել տարիներ ի վեր իր միտքը մինչև խելագարության աստիճանի զբաղեցնող վեպը անժամանակ մարդու մասին, ով իր ծնունդից տասը հազար տարի անց դատապարտվում է վերստին աշխարհ գալու։ Անժամանդրոսի գալստյան նպատակը միմիայն իր սիրեցյալին՝ Շեկ աղջկան գտնելն է, բայց սա հարցի միայն արտաքին շերտն է։ Իրականում իր բարդ ճանապարհին նա բախվում է հոգեբանական, բարոյական, փիլիսոփայական, քաղաքական, ազգային խնդիրների և խորհում է դրանց մասին նախամարդու պես՝ նախօրոք պատկերացում չունենալով դրանց մասին և դիտարկելով դրանք իրենց նախնական, անխառն էությամբ[2]։

Սերը, հավատարմությունը, պայքարը, հաղթանակը, պարտությունը, հույսը, հուսահատությունը, հիասթափությունն ու վերածնված հավատը «Անժամանդրոս»ի բանալի բառերն են՝ երևույթներ, որոնց շուրջն է հյուսված, որոնց մասին է այս վեպը։

Վեպում Սիմոնյանը ստեղծում է երկվորյակ, նույնիսկ եռյակ կերպարներ. նա Անժամանդրոսի մեջ է ձուլում ճարտարապետի ու հեղափոխական Գոլյայի՝ կերպարները՝ ստեղծելով մի եռամիասնություն, որի գագաթներն են մարդու խելքը, ուժը և լուսավոր ու արդար կյանքի համար պայքարի ոգին։ Անժամանդրոսի սիրեցյալը՝ Շեկ աղջիկը՝ վիպական հերոսուհին, Ալյա Կասյանն է՝ հեղափոխության հաղթանակին մինչև իր արյան վերջին կաթիլը նվիրված արտասովոր մի աղջիկ։

Ալյան Իրանի հեղափոխության բազեի՝ Գալուստ Զաքարյանի հարսնացուն է, որին իրանական իշխանությունները ձերբակալում են ու գնդակահարում հեղափոխության փորձ անելու համար։ Սիրեցյալի մահը սգալուց հետո Ալյան տեղեկություն է ստանում այն մասին, որ Գոլյան ողջ է և ապրում է Սովետական Հայաստանում։ Ճարտարապետ Զամանյանն այն մարդն է, որին աղջիկը օգնության է դիմում սիրեցյալին գտնելու համար:

Գոլյայի և Ալյայի կյանքի նպատակը, նրանց առաքելությունը հեղափոխություն իրականացնելն է։ Նրանք երազում են կոմունիստական կարգեր հաստատել Իրանում, ազատել ժողովրդին շահնշահի լծից, ազատություն ու հավասարություն տարածել, կապ հաստատել Խորհրդային Միության հետ։ Գոլյայի փորձն Իրանում չի հաջողվում, բայց շուտով և' նա, և' նրա հարսնացուն տեսնում են, թե ինչպես են ապրում այն երկրներում, որտեղ նրանց երազած այդքան բաղձալի հեղափոխությունն արդեն իրականություն է։ Ճարտարապետի օգնությամբ Ալյան և հեղափոխականի քույր Ասյան մեկնում են Խորհրդային Հայաստան, որտեղ էլ, նրանց ստացած տեղեկության համաձայն, պետք է գտնվեր Գոլյան։ Հեղափոխության դուստրերին, սակայն, երդվյալ կոմունիստներին նույն այդ կոմունիստական երկրում այնքան էլ բարյացակամորեն չեն ընդունում, խոչընդոտում են ամեն կերպ, թաքցնում հեղափոխության մարտիկին։ Ալյան անհաջողության է հանդիպում նաև Մոսկվայում։

Տասնութ տարի անց ճարտարապետը Թեհրանում նորից հանդիպում է վերջինիս՝ արդեն ամերիկացու հետ ամուսնացած։ Ճարտարապետը հանդիպում է նաև Գոլյային՝ Ռոստոմ Իսֆահանի անվան տակ թաքնված նախկին հեղափոխականին, որի կյանքի միակ իմաստը իր սիրելիին գաղտնի հետևելն է, նրանով ապրելը՝ երբեք, ոչ մի նշանով չհայտնելով իր գոյության մասին։ Սա առաջին պատումն է։

Երկրորդը Զամանյանի վեպն է նախամարդ Անժամանդրոսի մասին։ Իր մահից տասը հազար տարի անց աշխարհ եկած Անժամանդրոսը, որը փնտրում էր իր սիրեցյալին՝ Շեկ աղջկան, պատահմամբ սպանում է հնագիտության պրոֆեսոր Հոֆման Մելիքյանին, բայց և մարդկանց կողմից ընկալվում որպես հենց ինքը՝ պրոֆեսորը։ Նա ոչ մի կերպ չի կարողանում համոզել մարդկանց, որ ինքը Հոֆման Մելիքյանը չէ և ստիպված ապրում է նրա կյանքով:Ամենուրեք Անժամանդրոսին ուղեկցում է Շեկ աղջկա գանգը, որը զրուցում է նրա հետ, տանում նրան դեպի իր (աղջկա) ժամանակակից մարմնավորումը, ում հետ Անժամանդրոսը պետք է երջանիկ լիներ։ Բայց նա մեռնում է երկրորդ անգամ Քարայրի նույն փոսում՝ կայծակի նույն հարվածից, ինչպես տասը հազար տարի առաջ։

 
«Անժամանդրոսի» քանդակը. գործ՝ Եվգինե Եփրեմյանի

Կերպարներ և գաղափար խմբագրել

Վեպում կենտրոնական կերպարները Ալյան և ճարտարապետն են. վերջինիս համար է կարդում նա իր վեպը, Ալյայի հետ նրա զրույցներում է բացահայտվում «Անժամանդրոսի» իրական բովանդակությունը։ Ալյան և նրա սիրեցյալը համոզվում են, որ կարևորը հոգու հեղափոխությունն է, ինչպես ասում է վեպի հերոսներից մեկը. «Իսկական յեղափոխութիւնը պետք է մղուի ոչ միայն բռնապետութիւններու, կապիտալիզմի եւ քաղքենի դասակարգին դէմ, այլեւ մեր հոգիներուն, մինչեւ իսկ իմ եւ քու հոգիներուն դէմ, ուր կան դասակարգային աւելի սուր հակադրութիւններ, քան դուրսը, մեր ծերացած ու խորշոմած աշխարհին վրայ»[3]։ Հեղափոխության անվեհեր մարտիկը՝ Գոլյան, այժմ արդեն թաքնված Ռոստոմ Իսֆահանի անվան տակ, խորապես հիասթափված է։ Հասարակարգերի փոփոխությունները զուտ պայմանականություններ են, քանի դեռ հեղափոխությունը տեղի չի ունեցել մարդու ներսում. այս է նախկին հեղափոխականի վերջնական եզրակացությունը։ Ամեն քայլափոխի Սիմոնյանն ընթերցողին կանգնեցնում է, իր իսկ բնորոշմամբ, երկսայրաբանությունների, պարադոքսների առջև, որոնք ստիպում են մի կողմ դնել երևույթների հանդեպ միօրինակ ու միապաղաղ հայացքը։ Վեպն ամբողջովին հանդիպումների շարան է, ինչը նրան արկածային երանգ է հաղորդում։ Հանդիպումը, առհասարակ, ինչպես նշվել է գրականագիտության մեջ, վիպական կառույցի կարևորագույն մասերից է, որը փոխաբերական, խորհրդանշային իմաստ է ստանում։ «Անժամանդրոսում» հանդիպումները շատ են, և դրանք ծառայում են հասարակական բարքերի ու արժեքների վերանայմանը։ Նախամարդ Անժամանդրոսին հանդիպած բարձրաշխարհիկ տիկնայք ապրում են կեղծիքի մեջ՝ խաբելով իրենց ամուսիններին, բայց հասարակ, աղքատ, սովորական մարդիկ էլ չեն փայլում իրենց ազնվությամբ. Անժամանդրոսին հանդիպած նրա կարծեցյալ հարազատները մտածում են միայն նրանից՝ իբրև պրոսֆեսոր Հոֆման Մելիքյանից, փող կորզելու մասին։ Բոլորը փոխվելու կարիք ունեն՝ ոչ միայն պետությունները, այլև մարդիկ, պարզապես հասարակ մարդիկ՝ հեղափոխությունն սկսելով իրենց ներսում, ապա նաև իրենց շուրջը:Մարդու մեջ միաժամանակ կարող է ապրել մի քանի մարդ, մի քանի գաղափարախոս, մի քանի տարբերակ, կարևորը բոլոր ձայները լսելն է և վերջնական որոշում կայացնելը։ Գոլյան կայացնում է իր վերջնական որոշումը. նա «ինքնասպան» է լինում, որովհետև այլևս անդառնալիորեն կորցրել էր իր ժամանակը, որովհետև նա չէր ենթարկվել իր երևակայությանը, չէր ցանկացել խաթարել իրականությունը, բայց նաև հավատով է նայում ապագային՝ արդեն ուրիշ մարդկանց համար. «Պիտի գայ 21 - րդ դարը, ուր մարդը պիտի ապրի, եւ ոչ թէ ճիգ պիտի ընէ ապրելու, ուր մարդը երջանիկ պիտի ըլլայ եւ ոչ թէ երջանիկ պիտի կարծէ ինքզինք»։ «Անժամանդրոսը» քսաներորդ դարի ողբերգության միջով անցած հայ մարդու գիրքն է՝ այն մարդու, ով փորձում է նորից ոտքի կանգնել և վերահաստատել իր ապրելու և երջանի՛կ ապրելու իրավունքն այս արևի տակ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Լեւոն Շառոյան, Լեռնականներու վերջին շառաւիղը՝ Սիմոն Սիմոնեան, Երևան, 2016։
  2. Գոհար Հարությունյան, Իրականի և երևակայականի փոխհարաբերությունը Սիմոն Սիմոնյանի «Անժամանդրոս» վեպում (զեկուցում՝ ընթերցված 2017 թվականին՝ ԵՊՀ ՈւԳԸ կազմակերպած գիտաժողովին)։
  3. Սիմոն Սիմոնեան, Անժամանդրոս, Երևան, 1998, էջ 9։