Անբան Հուռին

Հովհաննես Թումանյանի հեքիաթ

«Անբան Հուռին», Հովհաննես Թումանյանի հեքիաթներից[1]։

Անբան Հուռին
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրհեքիաթ
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Հրատարակվել է1911
ՎիքիդարանԱնբան Հուռին

Սյուժե խմբագրել

Մի կին ունենում է Հուռի անունով մի ծույլ ու անշնորհք աղջիկ, որն ամբողջ օրը պարապ նստում է.

 

Բանն ինչ կանեմ՝ կեղտոտ է,
Բամբակը կորիզոտ է.
Մաստակ պիտի, որ ծամեմ,
Կըտերը տիտիկ անեմ,
Անցնողին մըտիկ անեմ․
Ուտեմ, խմեմ,
Մըթնի, քընեմ։

 

Այդ պատճառով հարևանները նրան կոչում են Անբան Հուռի։ Բայց մայրն միշտ գովում է աղջկան․ «Լիդրը գզող, լիդրը մանող, հա՛մ խճճող, հա՛մ խճուճը հանող, ձևող-կարող, հունցող-թխող, եփող-թափող, մի խոսքով՝ հուրի-հրեղեն, մատները՝ ոսկի»։ Այդ գովասանքը իմանում է մի երիտասարդ վաճառական, որն ամուսնանում է Անբան Հուռիի հետ։

Որոշ ժամանակ անց ամուսինը բամբակ է առնում ու կնոջը հանձնարարում թել մանել, իսկ ինքը առևտրի է գնում հեռու տեղ։

Անբան Հուռին է մաստակ ծամելով ման է գալիս, երբ մի օր էլ գետի ափով անցնելիս լսում է գորտերի կռկռոցը։ Հարցնում է, թե որ բամբակը տա նրանց, կմանե՞ն։ Նրան թվում է, թե գորտերը համաձայնում են, բամբակը տանում է ու լցնում գետը։ Մի քանի օր հետո գալիս է ու գորտերից պահանջում է մանածը։ Տեսնելով քարերի վրայի մամուռը՝ Անբան Հուռին մտածում է, որ գորտերին իր տված բամբակով իրենց համար գորգ են գործել, իր փողն ուզում է։ Մտնում է գետը, ոտքը դիպչում է մի կոշտ բանի, հանում է ու տեսնում, որ ոսկի է։ Գորտերին շնորհակալություն է հայտնում ու ոսկին տանում տուն։

Ամուսինը վերադառնում է, իմանում պատահածն ու ուրախանում, զոքանչին կանչում, շնորհակալություն հայտնում այդպիսի «խելոք, շնորհքով, աշխատասեր» աղջիկ է դաստիարակել։ Փեսան խնջույք է կազմակերպում, իսկ զոքանչը մտածում է, թե ինչպես անի, որ իր աղջկան էլ գործ չհանձնարարեն։ Քեֆի ժամանակ մի բզեզ է մտնում, զոքանչը պատմում է, թե դա իր մորաքույրն է եկել, որը շատ աշխատասեր կին է եղել, ամբողջ օրն աշխատել է, աշխատելուց փոքրացել ու դարձել բզեզ, իրենց ցեղի կանայք այդպես են։

Փեսան վախենում ու այդ օրվանից կնոջն արգելում է որևէ գործ անել, որ բզեզ չդառնա։

Պատմություն խմբագրել

Հեքիաթն առաջին անգամ տպագրվել է 1911 թվականին լույս տեսած «Հասկեր» մանկական ամսագրի №10-ում (էջ 258-260), «Հեքիաթ» ենթավերնագրով և «Հ․ Թ․» ստորագրությամբ։ Այնուհետև Երևանում՝ 1940-1959 թվականներին լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության երրորդ հատորում (էջ 176-178)։

Ինքնագիրը չի պահպանվել[1]։

Այս հեքիաթը մշակելիս՝ Թումանյանը նկատի է ունեցել նրա հայկական տարբերակները՝ «Լիդր գզող, լիդր մանող աղջիկը»։

Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 5-րդ հատորում տպագրվել է «Հասկեր» մանկական ամսագրից[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Թումանյան, Հովհաննես (1994). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն. էջեր 783–784.
 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Անբան Հուռին