Անաստվածների միություն (Հայկական ԽՍՀ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անաստվածների միություն (այլ կիրառումներ)

Անաստվածների միություն, Հայկական ԽՍՀ-ում գործող հասարակական կազմակերպություն։

Անաստվածների միություն
Տեսակհասարակական կազմակերպություն
Երկիր Հայկական ԽՍՀ
Հիմնադրված1927
Գլխադասային գրասենյակԵրևան, Հայաստան
Տպագրական մարմինԱնաստված
Կամավորներ40 000

Պատմություն խմբագրել

1927 թվականի փետրվարին Հայաստանում «Անաստվածների միություն» ստեղծելու համար հավաքվում է նախաձեռնող խումբ, որի մեջ մտնում են Գ. Գյուլի-Քեղյանը, Դ. Բզնունին, Ն. Մկրտչյանը և ուրիշներ[1]։ Արդեն 1928 թվականի փետրվարին հիմնադրվում է հայկական «Անաստվածների միություն» հասարակական կազմակերպությունը, որի կարգախոսներից էր. «Պայքարը կրոնի դեմ պայքար է մշակույթի համար» նշանաբանը[2], իսկ միության պաշտոնական «Անաստված» ամսագիրը հրատարակվում էր «Կրոնի դեմ պայքարը պայքար է սոցիալիզմի համար» կարգախոսով[3]։

1928 թվականի Հայկական ԽՍՀ-ի ողջ տարածքով՝ հիմնարկ-ձեռնարկություններում, գյուղերում, ուսումնական հաստատություններում, ստեղծվեցին անաստվածների առաջին խմբակները, որտեղ ընդգրկված էին ավելի քան 10.000[4] մարդ, որոնց թիվը 1940 թվականին հասավ 40.000[5]:

Կազմակերպության անդամները վճարում էին նաև անդամավճար, որի չափը տատանվում էր, եթե, օրինակ, շարքային կարմիր բանակայինները եռամսյակի համար վճարում էին 5 կոպեկ, ապա 300 ռուբլուց ավել աշխատավարձ ստացողները վճարում էին 1 ռուբլի 25 կոպեկ[6]։

1929 թվականից երկրում խստացվում է հակակրոնական քաղաքականությունը։ ՀԿ(բ)Կ կենտկոմից գավառներ ուղարկված գրությամբ պահանջվում էր ամեն կերպ աշխուժացնել «Անաստվածների միության» աշխատանքը։ Գրության մեջ համոզմունք էր հայտնվում, որ հակակրոնական աշխատանքների արդյունավետության բարձրացման համար դպրոցները «իսկական հակակրոնական դաստիարակության օջախներ կարող են հանդիսանալ»[7]։

Աթեիստական պայքարն ուժեղացնելու համար իշխանությունները ձեռնամուխ եղան հակակրոնական բնույթթի գրականության հրատարակությանը, իսկ 1939 թվականին որոշվում է հակակրոնական գրականություան հետ հրատարակել նաև հակակրոնական դասագիրք[8]։ Թեև հետաքրքրական է, որ հակակրոնական դասագիրք Հայաստանում թարգմանաբար արդեն լույս էր տեսել (Երևան, 1931)։ 1928 թվականին որոշում է ընդունվում[9] հրատարակել «Անաստված» պաշտոնաթերթը, որը հրատարակվում է մինչև 1935 թվականը[10]։

Ժողովրդի շրջանում կրոնական համոզմունքները արմատախիլ անելու նպատակով Միության կողմից կազմակերպվում էր նաև հակակրոնական բնույթի դասախոսություններ երկրի գրեթե բոլոր բնակավայրերում, հիմնարկ-ձեռնարկություններում, ակումբներում, դպրոցներում, ուսումնական բարձրագույն հաստատություններում։

Ժողովրդի տարբեր շերտերին հակակրոնական քարոզչության դրույթներն ընկալելի դարձնելու նպատակով հաճախ դասախոսությունների թեմատիկ ծրագրերում նյութերը բաժանվում էին խմբերի, այսինքն՝ բանվորների համար նախատեսվածները տարբերվում էին գյուղացիների կամ մտավորականների համար կարդացվող թեմաներից[11]։

Միությունը առանձնակի ուշադրություն էր դարձնում եկեղեցական տոներին և ամեն կերպ փորձեր էր կատարում եկեղեցական տոները փոխարինել նոր՝ կոմունիստական տոներով[12][13]։ «Անաստվածում» հաճախ էին հանդիպում եկեղեցական տոների դեմ ուղղված կարգախոսներ, ինչպես, օրինակ՝ «Կորչի՛ ատիկը, կեցցե՛ հնգամյակը չորս տարում»[14] և այլն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ՀԱԱ, ֆ. 7, ց. 7, գ. 33, թ. 13
  2. Հ.Մ. Քթոյան, ՀԿ(բ)Կ պայքարը աշխատավորության աթեիստական դաստիարակության համար. «Լրաբեր հասարակական գիտություններ», Երևան, 1974, թ. 11, էջ 3
  3. «Անաստված», 1928-1935 թթ.
  4. Գ. Արծրունի, Մասսայական աթեիզմի զարգացումը Հայաստանում (1920-1930), Երևան, 1982, էջ 21
  5. «Անաստված», 1930, թ. 18, էջ 17
  6. «Հրահանգ ՄԱՄ-ի քաղաքային և գյուղական բջիջների աշխատանքի մասին», էջ 12-13
  7. ՀԱԱ ֆ. 1, ց. 9, գ. 18, թ. 44-45
  8. ՀԱԱ, ֆ. 1, ց. 19, գ. 36, թ. 111
  9. ՀԱԱ, ֆ. 1, ց. 8, գ. 22, թ. 110
  10. «Հայ պարբերական մամուլի մատենագրություն (1794-1967 թթ.)», Երևան, 1970, էջ 4
  11. ՀԱԱ, ֆ. 1591, ց. 1, գ. 6, թ. 2
  12. ՀԱԱ, ֆ. 1591, ց. 1, գ. 7, թ. 3
  13. Վ. Դալաքյան, Սովետական Հայաստանի բանվոր դասակարգը հասարակական կազմակերպություններում (1926-1937)։ «Լրաբեր հասարակական գիտությունների», Երևան, 1988, թ. 25, էջ 6-8
  14. «Խորհրդային Հայաստան, 1929, հունվարի 4, հունվարի 6»