Անալոգային հաշվողական մեքենա

Անալոգյաին հաշվողական մեքենա (ԱՀԱ), հաշվողական մեքենա, որի մեջ նախօրոք մտցված ֆիզիկական մեծությունների միջև եղած հարաբերակցությունները որոշակի մասշտաբով համապատասխանում են հետազոտվող օբյեկտը նկարագրող մաթեմատիկական հավասարումներին։

Բաղկացուցիչ մասեր խմբագրել

ԱՀԱ-ները բաղկացած են որոշ քանակի լուծող տարրերից, որոնք կատարվող մաթեմատիկական գործողությունների բնույթին համապատասխան լինում են՝

  • գծային,
  • ոչ գծային
  • տրամաբանական։

Յուրաքանչյուր լուծող տարր կատարում է խիստ որոշակի մաթեմատիկական գործողություն ֆիզիկական մեծությունների նկատմամբ։

Գծային լուծող տարրեր խմբագրել

Գծային լուծող տարրերը կատարում են գումարում, բազմապատկում, նշանի փոփոխումներ, ինտեգրում ևն։

Ոչ գծային տարրեր խմբագրել

Ոչ գծային տարրերը վերարտադրում են ոչ գծային կախվածությունները։

Տրամաբանական լուծող տարրեր խմբագրել

Տրամաբանական լուծող տարրերի թվին դասում են մի քանի մեծություններից ամենամեծը կամ ամենափոքրը առանձնացնող սարքերը, ռելեսւյին փոխակերպող սխեմաները և այլն։

Ֆիզիկական մեծություններ կարող են լինել՝

  • լարումները,
  • հոսանքները,
  • պտտման անկյունները,
  • արագությունները և այլն։

Ֆիզիկական էություն խմբագրել

Կախված դրանց ֆիզիկական էությունից, տարբերում են մեխանիկական, պնևմատիկ, հիդրավլիկ, էլեկտրամեխանիկական և էլեկտրոնային ԱՀԱ-ներ։ Ամենամեծ տարածում ունեն ունիվերսալ և մասնագիտացված էլեկտրոնային ԱՀԱ-ները, որոնք տարբերվում են մեծ թողունակությամբ, մի քանի մեքենաներ միմյանց և կառավարման ապարատների տարրերի հետ զուգակցելու հարմարությամբ։

ԱՀԱ-ների օգնությամբ լուծվում են կառավարման կամ կարգավորման համակարգի դինամիկայի անալիզի, սինթեզի, համակարգի վրա ներգործած գրգռումների կամ օգտակար ազդանշանների որոշման, ավտոմատիկայի բարդ համակարգերի հետ կապված խնդիրներ, ինչպես նաև գծային և ոչ գծային դիֆերենցիալ ու հանրահաշվական հավասարումների համակարգեր, ինտեգրալ հավասարումներ։

ԱՀՄ-ի վրա մոդելավորամը կատարվում է հետևյալ հաջորդականությամբ, նախնական հավասարումները բերվում են մոդելավորման համար հարմար տեսքի, կատարվում են մոդելի բլոկսխեմա և «մեքենայական հավասարումներ», հաշվվում են բլոկսխեմայի պարամետրերի մեծությունները, ապա կատարվում է սխեմայի հավաքումը և խնդրի լուծումը։

Առավելություններ և թերություններ խմբագրել

ԱՀՄ-ները թվանշանային հաշվողական մեքենաների համեմատությամբ ունեն մի շարք առավելություններ ծրագրավորման աշխատանքների փոխարինում պակաս աշխատատար պրոցեսով՝ մոդելավորումով, գործողությունների արագ կատարում, պարզ կառուցվածք, ավելի մեծ հուսալիություն են։ ԱՀԱ-ի հիմնական թերություններն են պակաս ունիվերսալությունը և լուծման համեմատաբար փոքր ճշտությունը։

Սակայն գործնական խնդիրների մեծ մասի լուծման համար նշված թերություններն էական սահմանափակումներ չեն առաջացնում։ Ներկայումս լայն տարածում են ստանում հիբրիդային հաշվողական մեքենաները, որտեղ օգտագործվում են անալոգային և թվանշանային հաշվողական մեքենաների լավագույն կողմերը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 360