Այրին (նորավեպ)

նորավեպ, հեղինակ՝ արևմտահայ գրող Գրիգոր Զոհրապ, 1888 թվական

«Այրին», նորավեպ (1888), հայ գրող Գրիգոր Զոհրապի վաղ շրջանի նորավեպերից է։ Զետեղված է «Խղճմտանքի ձայներ» ժողովածուի մեջ։ Ստեղծագործության նյութը հայ ժողովրդի դժբախտություններից մեկը՝ պանդխտությունը և դրա հետևանքներն են[1]։ Ստեղծագործության մեջ գրողը ցանկացել է ժամանակի քնած խիղճն արթնացել կյանքի ծանր հարվածներից կքած մարդկանց հանդեպ։ Նորավեպում կյանքի այդ հարվածների զոհը Զարդարն է՝ այրիացած նորահարսը։

Այրին
Տեսակգրական ստեղծագործություն և նովել
Ժանրարձակ
ՀեղինակԳրիգոր Զոհրապ
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1888
ՎիքիդարանԱյրին

ՍյուժեԽմբագրել

Ամուսնանալուց մեկ-երկու ամիս հետո երիտասարդ Մարտիրոսը գյուղից գնում է Պոլիս՝ փոխարինելու պանդխտությունից վերադարձող հորեղբորը։ Մինչդեռ մյուս պանդուխտները բեռնակրությամբ փող են հավաքում՝ ապահովելու իրենց ընտանիքների ապրուստը, բարոյազուրկ Մարտիրոսն ամուսնանում է չնչին գումար ունեցող մի աղախնի հետ՝ մոռանալով պատիվ ու սրբություն, դառնում անպետք մարդ։ Դավաճանում իր դեռատի կնոջը՝ Զարդարին, որն իր ուսերի վրա էր տանում ընտանիքի հոգսը, կերակրում հենց Մարտիրոսի ծնողներին։ Վերջիններս ապերախտորեն այդ անձնազոհ կնոջ վրա են բարդում ընտանիքը լքած ամուսնու մեղքը[2]։

ԿերպարներԽմբագրել

ԶարդարԽմբագրել

Զաrդարի կերպարով հեղինակը ընդհանրացված գծերով և մեծ հուզականությամբ ներկայացրել է բացարձակապես իրավազուրկ, «իր մշտնջենապես կրավորական դերին» մեջ, «գանգատվելու անգամ զորություն» չունեցող գյուղացի կնոջ կյանքը՝ կազմված չարքաշ աշխատանքից, զրկանքներից և արցունքից։ Նա ստիպված է սիրել իր համար «սահմանված ամուսինը», որի հետ ամուսնությունից հետո էլ, մտերմությունից զուրկ է «միևնույն հարկին տակ բնակող բազմաթիվ ազգականներու աններող նայվածքին տակ», ապա ստիպված է համակերպվել կամավոր այրիության։

Գիտեր, որ ամուսինը չէր գալու, բայց շարունակում էր կարոտով սպասել, հույսերը տարիների հետ ջլատվում էին, արցունքը ցամաքում էր, բայց դեռ սպասում էր։ Նրա ծնկները մաշել են գյուղի մատուռի սալահատակը, բայց չի դադարում աղոթելուց՝ «հանդիմանության պես» աղոթքներով, որոնց մեջ իր երիտասարդ կյանքի ողջակիզման, իր սիրո մոխրացման, իր անմիտ զոհաբերության պատասխանատուն է որոնում։

Միայն ինքը չէր դժբախտ, բազմաթիվ «հեգ, աղեբեկ ու կորաքամակ օրինակները կային իր առջև, որոնք ստվերներու պես անխոս՝ իր շուրջը կը դառնային, և Զարդար էրիկ կնկան ուրիշ տեսակը չէր երևակայած երբեք»։

ՄարտիրոսԽմբագրել

Մարտիրոսը՝ իր հայրենի բնաշխարհի առողջ օդը ծծած մի կորովի ու համեստ երիտասարդ, գալիս է Պոլիս։ Նրա ամուր, ջլապինդ կազմվածքը գրավում է պոլսեցի՝ վայելքից հղփացած, «առնորս» կանանցից մեկին, ապա նա անցնում է ձեռքից ձեռք։ Նվազում է միամտությունը, առնական գրավչությունը, դրա հետ նվազում է նաև նրա «հաջողությունը», և հետզհետե իջնում, հասնում է մի սպասուհու, որի հետ և ամուսնանում է՝ վերջինիս տնտեսած դրամով ապահովելով իր կյանքի մնացորդը։

Երկրորդական կերպարներԽմբագրել

Գլխավոր հերոսներից բացի, կան նաև թռուցիկ, երկրորդական հերոսներ, որոնք, սակայն հագեցնում, լրացնում են նյութը։ Այդ հերոսներից են Մարտիրոսի հետ պանդխտության մեկնած Խաչոն, որ մի արտի ու մի զույգ եզ գնելու գումար աշխատեց ու վերադարձավ հայրենի օջախ։

Աղքատ ընտանիքից սերված և հիմա հարստացած ու ամուսնուց հոգնած հարուստ հայ տիկինը, ով օգտագործում է և հետո անպետք ձեռնոցի նման դեն է նետում Մարտիրոսին։

Պարտիզակցի սպասուհին, ում տարիքն արդեն անցնում էր, և ով հաշվարկներով ամուսնանում է դարձյալ հաշվարկներով առաջնորդվող Մարտիրոսի հետ։

ԳաղափարԽմբագրել

«Այրին» նորավեպի գաղափարական բովանդակությունը մի կողմից ուղղված է այն հարցին, որ պանդխտությունը այլասերում էր երիտասարդությանը բարոյապես և ֆիզիկապես։ Նորավեպի կենտրոնական կերպարը՝ Մարտիրոսը․ այդ լեռնցի պատանին, վերին աստիճանի միամիտ է, ծայրահեղ համեստ, գրեթե ամաչկոտ։ Նա քաղաքի լայնաթիկունք և առողջ բուրժուա երիտասարդների հակապատկերն է։ Սակայն Մարտիրոսն էլ կանգ չի առնում, նա շարունակում է իր «կուրտ աքաղաղի տարօրինակ դերը»։

  Մոլությունն ու ապականությունը սահուն զառիվայր մըն է որուն կեսին վրա կանգ առնել դժվար է։  


Մյուս հարցադրումը վերաբերում է կնոջ դերին։ Գրող-իրավաբանը «Այրին» նովելը դարձնում է արդարության ձայնը լսեցնելու մի ամբիոն։ Հայաստանցի գեղջուկ կինը պահանջում է սիրո, ազատ ամուսնության իրավունքից ավելի կարևորը, մարդկային բնական ամենատարրական իրավունքը՝ ամուսին ունենալու իրավունքը։

Գաղափարական սլաքներից մեկն էլ ուղղված է հայրենիք վերադառնալուն, վերակենդանացնել բնաշխարհի գյուղական և ընտանեկան կյանքը, որի հետ է կապվում հայ ժողովրդի ապագան, նրա ազատագրության հեռանկարները։ Մյուս հերոսների միջոցով հեղինակը ցույց է տալիս հայ գյուղացու բարոյական բարձր արժանիքները, նրա հավատարմությունն ու նվիրվածությունը ընտանեկան հարկին, հայրենի օջախը վառ պահելու ձգտումը։ «Ձմեռնամուտին, շրջակա գյուղերեն շատեր Պոլսեն դարձան եկան, ամուսիններ, նշանածներ ու աղջիկներ խնդացին. գյուղային ու ընտանեկան կյանքը իր բոլոր սուրբ ու մաքուր եռանդովը վերակենդանացավ»։

ԳեղարվեստականությունԽմբագրել

«Այրին» նորավեպին բնորոշ են զոհրապյան գրելաոճի առանձնահատկությունները՝ ամեն բառ իր նպատակին ծառայեցնելու հմտություն, պարզություն, պատկերավորություն, բարձր հուզականություն, հոգեկան դրամայի՝ լուռ ցավի բացահայտումը՝ խղճմտանքի ձայների ուղեկցությամբ, կերպարների լեզուն նրանց անհատականացմանը ծառայեցնելու վարպետությունը[3]։

ՀրատարակումներԽմբագրել

Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Այրին (նորավեպ)
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Այրին (նորավեպ) հոդվածին
  • Խղճմտանքի ձայներ, Կ. Պոլիս, 1909, 96 էջ
  • Նովելներ, Երևան, 1941, 303 էջ
  • Նովելների լիակատար ժողովածու, Երևան, 1954, 394 էջ
  • Ամբօղջական հաւաքածոյ նորավէպերի եւ պատմուածքների, Ստամբուլ, 1959, 414 էջ
  • Նովելներ, Երևան, 1961, 191 էջ
  • Նովելներ, Երևան, 1978, 320 էջ
  • Նորավէպեր, մաս Ա. «Խղճմտանքի ձայներ», Վենետիկ, 1994, 92 էջ
  • Նորավէպեր (ընտրանի), Երևան, 2011, 232 էջ
  • Ստեղծագործությունների ժողովածու, Երևան, 2011, 158 էջ։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Հյուսյան Մինաս (1972)։ Հայ նոր գրականության պատմություն։ Երևան: Հայկակական ՍՍՀ գիտությունների ակադեմիա։ էջեր 448–449։ ISBN 03647 
  2. «Գրիգոր Զոհրապ | Այրին | համառոտ»։ Տարընթերցում։ Վերցված է 2020-11-15 
  3. Հյուսյան Մինաս (1957)։ Գրիգոր Զոհրապ։ Երևան: Հայպետհրատ։ էջեր 139–142։ ISBN 06534