Այնթապի ինքնապաշտպանություն (1920-1921)
Այնթապի ինքնապաշտպանություն, Այնթապի հայերի պաշտպանական մարտերը թուրք ջարդարարների դեմ։ 1918 թվականի Մուդրոսի զինադադարից հետո, երբ թուրքական զորքերը թողեցին Կիլիկիան, Այնթապ վերադարձան 1915 թվականին քաղաքից տարագրված հայերի մի մասը (շուրջ 10 հազար) և սեբաստահայ գաղթականները (8 հազար)։ Սակայն 1919 թվականիի աշնանը Այնթապում թուրք ազգայնական շարժման ծավալումը և քաղաքը գրաված ֆրանսիական զինվորական իշխանությունների երկդիմի քաղաքականությունը խիստ անապահով կացություն ստեղծեցին հայ բնակչության համար։ Հայերը պատրաստվեցին դիմադրության։ Կիլիկիայում տեղական հայկական իշխանությանը՝ Ազգային միությանը կից ստեղծվեց զինվորական կենտրոնական մարմին (Ա. Լևոնյանի և Ա. Գաւեմքարյանի գլխավորությամբ), որը հաշվառման ենթարկեց զենքն ու զինամթերքը, սահմանեց գիշերային հսկողություն, կազմակերպեց ռումբեր պատրաստելու գործը և այլն։ Այնթապի ինքնապաշտպանության ականավոր կազմակերպիչներից էր տեր Ներսես քահանա Թավուգճյանը։ Օգտվելով Մարաշից ֆրանսիական զորքերի անփառունակ նահանջից, ինչպես նաև Այնթապից ֆրանսիական զորամասերի մասնակի հեռացումից՝ թուրքերը 1920 թվականի ապրիլի 1-ին հարձակվեցին հայերի և տեղում մնացած ֆրանսիական կայազորի վրա։ Հայերը դիմեցին ինքնապաշտպանության։ Դիրքերը բաժանվեցին պաշտպանական 11 շրջանների, ստեղծվեց շուրջ 750 հոգուց բաղկացած զորախումբ, որը կապ հաստատեց ֆրանսիական զորքերի հետ։ Մարտերը շարունակվեցին մինչև մայիսի վերջերը։ Անկարայում 1920 թվականի մայիսի 30-ին ստորագրված ֆրանս-թուրքական զինադադարի համաձայն, ֆրանսիական զորքերը պետք է հեռանային Այնթապից՝ հայ ազգաբնակչությանը փաստորեն մատնելով կոտորածի վտանգի։ Տեսնելով, որ ֆրանսիական ուժերին ապավինել այլևս չի կարելի, հայերը որոշեցին թուրք-ֆրանսիական հետագա բախումների դեպքում պահպանել զինված չեզոքություն։ Սակայն կռվող կողմերի միջև հուլիսի 29–ին վերսկսված ռազմական գործողությունները և թուրքական ոտնձգություններն Այնթապի հայերի նկատմամբ վերջիններիս հարկադրեցին վերստին դիմել ինքնապաշտպանության (մինչև 1921 թվականի փետրվարի 8-ը)։ Բայց Ֆրանսիայի և Թուրքիայի միջև 1921 թվականի հոկտեմբերի 20-ին Անկարայում կնքված պայմանագրից հետո Այնթապի հայությունը ստիպված եղավ թողնել իր հարազատ քաղաքը և սփռվել աշխարհով մեկ։
Գրականություն
խմբագրել- Սարաֆյան Գ., Պատմություն Անթեպի հայոց, հ. 2, Լոս Անջելես, 1953։
- Սահակյան Ռ. Գ., Թուրք-ֆրանսիական հարաբերությունները ե Կիլիկիան 1919– 1921 թթ., Երևան, 1970։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 347)։ |