Ամյունտաս I Մակեդոնացի

(Վերահղված է Ամինտաս I Մակեդոնացիից)

Ամյունտաս I (հունարեն՝ Ἀμύντας Aʹ, մոտ մ․թ․ա․ 540-498), եղել է Հին Մակեդոնիայի արքան (մ․թ․ա․ 540 – 512/511 թվականներ), իսկ դրանից հետո Դարեհ I-ի վասալական իշխանության՝ Աքեմենյան Մակեդոնիայի կառավրիչը (մ․թ․ա․ 512/511-ից մինչև իր մահ՝ մ․թ․ա․ 498 թվական)։ Նա Ալկետաս I-ի որդին էր և Ալեքսանդր I-ի հայրը։

Ամյունտաս I Մակեդոնացի
հունարեն՝ Ἀμύντας Aʹ
Մ․թ․ա․ 510-480 թվականների մետաղադրամ
Դրոշ
Դրոշ
Մակեդոնիայի արքա
մոտ մ․թ․ա․ 540 - 512/511 թթ․
Նախորդող Ալկետաս I Մակեդոնացի
Հաջորդող Ալեքսանդր I Մակեդոնացի
Աքեմենյան Մակեդոնիայի կառավարիչ
Մ․թ․ա․ 512/511 - 498 թթ.
Նախորդող պաշտոնը ստեղծվել է
Հաջորդող Ալեքսանդր I Մակեդոնացի
 
Մասնագիտություն՝ գերիշխան
Ազգություն մակեդոնացի
Դավանանք բազմաստվածությունը
Ծննդյան օր մ. թ. ա. 540
Վախճանի օր մ․թ․ա․ 498 թվական
Վախճանի վայր Հին Մակեդոնիա
Դինաստիա Արգեադոսների հարստություն
Հայր Ալկետաս I Մակեդոնացի
Մայր անհայտ
Ամուսին թագուհի Եվրիդիկե
Զավակներ Ալեքսանդր I Մակեդոնացի
Գյուգայա Մակեդոնացի

Ամյունտասը մ․թ․ա․ 512/511 թվականներից ի վեր Դարեհ I-ի վասալն էր։ Նա Դարեհի ուղարկած դեսպանին՝ Մեգաբազոսին[1], տվել է «հող և ջուր», ինչը խորհրդանշում է հպատակեցում Աքեմենյան տիրակալին։ Ամյունտասը, ընդունելով նրանց պահանջը[2], ճոխ խնջույք է կազմակերպել։ Շուտով պարսիկ դեսպանները, գինուց հարբած, պահանջում, որ խնջույքը շարունակվի իրենց՝ պարսիկների ավանդույթներով՝ այսինքն կանայք գան խնջույքի։ Ամյունտասը փոքր-ինչ զայրանում է և հայտնում, որ իրենց ավանդույթներն այդպիսին չեն, սակայն քանի որ պարսիկներն են իրենց տիրակալները, ապա նա կկատարի դեսպանների պահանջը։ Երբ կանայք գալիս են և նստում նրանց դիմաց, պարսիկները բողոքում են՝ պահանջելով, որ նրանք նստեն իրենց կողքին։ Երբ այդ պահանջը նույնպես կատարվում է, պարսիկները սկսում են բռնել նրանց ստինքներից և նույնիսկ փորձել համբուրել[3]։ Տեսնելով այս ամենը՝ Ամյունտասի որդին՝ Ալեքսանդրը, որն այդժամ երիտասարդ էր, չի դիմանում զայրույթին և իր հորը խնդրում է հեռանալ խնջույքից՝ ասելով․ «Հա՛յր, դու հարմարվիր քո տարիքին, գնա հանգստացիր և մի շարունակիր խմելը։ Ես կմնամ այստեղ և հյուրերին կտրամադրեմ անհրաժեշտ ամեն ինչ»[4]։ Երբ նրա հայրը հեռանում է, Ալեքսանդրը կանանց ուղարկում է իրենց կացարաններ և նրանց փոխարեն խնջույքի բերում զինված, կանանց հագուստներ հագած անմորուս տղամարդկանց, որոնք էլ սպանում են պարսիկներին[5][6]։ Երբ պարսիկները սկսում են փնտրել իրենց կորած դեսպաններին և ուղարկում են Բուբարեսին, Ալեքսանդրը այս սպանությունները կոծկելու համար մեծ գումարով կաշառում է նրան և կնության տալիս իր քրոջը՝ Գյուգայային[6][7][8]։

Կարելի է ասել, որ Մակեդոնիայի պատմությունը սկսվել է Ամյունտասի կառավարմամբ։ Նա առաջինն էր Մակեդոնիայի կառավարիչներից, որը դիվանագիտական կապեր է հաստատել այլ իշխանությունների հետ[9]։ Մասնավորապես, նա Հիպպիաս Աթենացի տիրանի հետ միասին մտել է միության մեջ, և երբ Հիպպիասը դուրս վռնդվեց Աթենքից, նա վերջինիս առաջարկեց Մակեդոնական ծովածոցի մոտ գտնվող Անթեմուսի տարածքը՝ փորձելով օգուտ քաղել հույների միջշրջանային բախումներից[9]։ Հիպպիասը մերժում է այդ, ինչպես նաև Այոլկոս քաղաքի առաջարկությունները, քանի որ Ամյունտասը հավանաբար չէր տիրապետում Անթեմուսի տարածքին, այլ առաջարկում էր միայն Հիպպիա հետ համատեղ օկուպացիայի ծրագիր[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Herodotus, The Histories, Book 5, chapter 17. էջեր 5.17-18.
  2. Joseph Roisman,Ian Worthington. "A companion to Ancient Macedonia" John Wiley & Sons, 2011. 144435163X pp 343-345
  3. Հերոդոտոս, 5․ 18
  4. Հերոդոտոս, 5․ 19
  5. Հերոդոտոս, 5․ 20
  6. 6,0 6,1 Waters, Matt (2014). Ancient Persia: A Concise History of the Achaemenid Empire, 550–330 BCE (անգլերեն). Cambridge University Press. էջ 83. ISBN 9781107009608.
  7. Herodotus. Herodotus, The Histories, Book 5, chapter 21, section 2.
  8. Հերոդոտոս, 5․ 21
  9. 9,0 9,1 Chisholm, 1911
  10. Miltiades V. Chatzopoulos Macedonian Institutions Under the Kings: A historical and epigraphic study, p. 174, 960-7094-89-1.

Աղբյուրներ խմբագրել

Նախորդող:
Ալկետաս I
Մակեդոնիայի արքա
մ․թ․ա․ 547–498
Հաջորդող:
Ալեքսանդր I