Ակրոմոնոգրամա, եզրամիացագիր (հին հունարեն՝ ακρος «վերին, եզրային» + μόνος «մեկ» + γράμμα «գրառում»), բառակոմպոզիցիոն հնարանք, երբ բանատողի, կամ տան, կամ արձակի գլխի ավարտը՝ բառամասը, բառակապակցությունը, կրկնվում է հաջորդ բանատողի, կամ տան, կամ գլխի սկզբում, և դրանով բանատողերը, տները, գլուխները կապվում, միակցվում են իրար[1]։

Տարբեր մշակույթներում խմբագրել

Կրկնության այդ երևույթը հանդիպում է բոլոր ժողովուրդների բոլոր ժամանակների պոեզիայում։ Բառակոմպոզիցիոն այս հնարանքը կրում է նաև անադիպլոսիս (հին հունարեն՝ αναδίπλωσης - «կրկնապատկում») անվանումը։ Տարբեր գիտնականներ կրկնության այս տեսակը կոչում են տարբեր անվանում ներով. Մ. Աբեղյանը՝ պատասխան, Օսիպ Բրիկը՝ стык (հին հունարեն՝ στικος - «կցում»), Գեորգի Շենգելին՝ подхват («ձայնակցում»)։ Մ. Աբեղյանը կարծում է (Երկեր, հ. Գ, 1968, էջ 615-616), որ հայերը կրկնության այս տեսակը փոխառել են եբրայական կամ ասորական պոեզիայից (մինչև 10-րդ դ.)։

Տրուբադուրների պոեզիայում տողի կրկնությունը (լատին․՝ «coblas copfinudas») եղել է տան տեսակներից մեկը։ Նոր տան առաջին բանատողը պոետը կցել, կապել է նախորդ տան վերջին բանատողին կրկնության մեթոդով (կամ այսպես կոչված «կրկնության զավթումով»), նրա «բանալի բառի կամ արտահայտության» կրկնումով, ընդ որում՝ դրանք պիտի վերարտադրվեին կամ նույնական, կամ էլ շատ թե քիչ փոփոխված ձևով՝ դրվելով տողի սկզբում, մեջտեղում կամ վերջում։ Հենց այդպես են կցված «Ալբիգոյան խաչակրաց արշավանքների մասին երգ»–ի 2-րդ և 3-րդ մասերի տները, երբ առաջին մասում կիրառվել է ուրիշ կանոն՝ հանգի կրկնություն («coblas capcaudadas»), համաձայն որի՝ նոր տան սկզբում պիտի կրկնվեր միայն նախորդող վերջին բանատողի հանգը։ Նախկին գլխի վերջին բառերի «զավթումը» և դրանց կրկնությանը հաջորդի սկզբում օգտագործել է Մ. Բուլգակովը «Վարպետը և Մարգարիտան» վեպում։ Առաջին գլխի ավարտը. «Ամեն ինչ պարզ է. սպիտակ թիկնոցի մեջ....», կրկնվում է երկրորդ գլխի սկզբում, տասնհինգերորդ գլխի ավարտը՝ «Արևն արդեն մայր մտավ լերկ լեռան հետևում...» կրկնվում է տասնվեցերորդ գլխի սկզբում։

Հայկական պոեզիայում խմբագրել

Ակրոմոնոգրամայի (եզրամիացագրի) կիրառման պոետիկան չափազանց հարուստ է Գր. Նարեկացու և նրա գրական հետևորդների մոտ։ Ակրոմոնոգրամայով են կառուցված Գր. Նարեկացու «Տաղ քառասնաւրեայ գալստեան Տեառն, ի Գրիգոր Նարեկացւոյ», «Տաղ Գրիգոր Նարեկացւոյ, ի յարութիւն Ղազարու», «Տաղ գալստեան Տեառն առ Ղազար, ի Գրիգոր Նարեկացւոյ», «Տաղ ի յարութիւն Ղազարու, Գրիգորի Նարեկացւոյ ասացեալ», «Տաղ յարութեան Նարեկայ ոգեալ», «Տաղ սուրբ Խաչին, ի Գրիգորէ Նարեկացւոյ», «Տաղ Համբարձմանն Քրիստոսի Աստուծոյ, Գրիգորի Նարեկացւոյ ասացեալ» քերթվածքները, Հովհ. Թումանյանի «Քանի ձեռից եմ վառվել» քառյակը, Ե. Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի...» բանաստեղծության առաջին և երկրորդ տները, Պ. Սևակի «Գովերգում եմ» բանաստեղծությունը և այլն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Մելս Սանթոյան (2009). Գրականագիտական բառարան. Երևան: «Վան Արյան». էջ էջ 12.