Ակտիվացման էներգիա էներգիայի նվազագույն քանակը, որը պետք է ունենան մասնիկները քիմիական տվյալ ռեակցիայի մեջ մտնելու համար։ Ակտիվացման էներգիան անհրաժեշտ է մասնիկների վանողական ուժերը հաղթահարելու և տրոհվող քիմիական կապերը խարխլելու համար։

Ռեակցվող մասնիկների իրար մոտեցումը հանգեցնում է համակարգի պոտենցիալ էներգիայի աճին։ Առաջացող քիմիական կապերի հետագա ամրապնդմանը և վերջանյութերի մասնիկների իրարից հեռանալուն զուգընթաց՝ համակարգի պոտենցիալ էներգիան նորից փոքրանում է։ Միևնույն ելանյութերից տվյալ վերջանյութերի անմիջական առաջացումը՝ տարրական ակտը, կարող է ընթանալ տարբեր ճանապարհներով։

Ռեակցիան հիմնականում ընթանում է այն ճանապարհով (ռեակցիայի ուղի), որը պահանջում է համակարգի պոտենցիալ էներգիայի նվազագույն աճ։ Այդ ճանապարհով ռեակցող համակարգի վիճակը, երբ համակարգի էներգիան ունի առավելագույն արժեքը, կոչվում է անցումային վիճակ, իսկ համակարգը այդ վիճակում՝ ակտիվացրած կոմպլեքս։ Վերջինիս և ելանյութերի մասնիկների ամենացածր տատանողական էներգիաների մակարդակների տարբերությունը ակտիվացման էներգիան է։ Եթե ելանյութերի լրիվ էներգիան ավելի մեծ է, քան վերջանյութերինը, ապա ռեակցիան էքզոթերմիկ է, հակառակ դեպքում՝ էնդոթերմիկ։

Ռեակցիայի մեջ կարող են մտնել միայն այն մասնիկները, որոնց էներգիան մեծ կամ հավասար է ակտիվացման էներգիաին։ Այսպիսի մասնիկների թիվը որոշվում է Բոլցմանի բաշխումով։

Ակտիվացման էներգիան ռեակցունակությունը բնորոշող, քիմիական ռեակցիայի արագությունը և նրա ջերմաստիճանային կախումը պայմանավորող կարևոր մեծություն է։ Ակտիվացման էներգիայի հաշվումն առայժմ հնարավոր է միայն պարզագույն համակարգերի համար։ Այն սովորաբար որոշում են փորձնական եղանակով՝ քիմիական ռեակցիայի արագության ջերմաստիճանային կախումից։

Մոլեկուլների միջև ընթացող ռեակցիաների համար ակտիվացման էներգիան փոքր է քանդվող քիմիական կապերի էներգիայից և հավասար է մի քանի տասնյակ կկալ/մոլ։ Ազատ ռադիկալների և ատոմների մասնակցությամբ ընթացող ռեակցիաներում այն ավելի փոքր է։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակտիվացման էներգիա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 231