Ազարիկ (բժիշկ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ազարիկ (այլ կիրառումներ)
Ազարիկ, հայ բժիշկ։
Մահացել է | 1915 |
---|---|
Մահվան պատճառ | Հայոց ցեղասպանություն |
Մասնագիտություն | բժիշկ և դեղագործ |
Կենսագրություն
խմբագրելԴեղագործական կրթություն է ունեցել և դեղագործ աշխատել։ 1915 թ. ապրիլին բանտարկվել է Կ. Պոլսի կենտրոնական բանտում, որտեղից աքսորվել է Չանղըրը՝ հայ մտավորականների խմբի հետ։ Անունը փորագրվել է Չանղըրըի բանտում հավաքված թզբեհի (համրիչի) 99 հատիկներից մեկի վրա։ 1915 թ. նահատակվել է Դեյր-էլ-Զորի կողմերը։
Թզբեհի պատմությունը
խմբագրել1915 թ. ապրիլի 11(24)-ին Թուրքական կառավարության որոշումով Ստամբուլի ոստիկանության նախապես կազմած ցուցակով ձերբակալվել են շուրջ 220 հայ մտավորականներ՝ բժիշկներ, ուսուցիչներ, լրագրողներ, գրողներ, դեղագործներ, առևտրականներ, փաստաբաններ, հոգևորականներ, քաղաքական գործիչներ, որոնց բանտարկել են Կոստանդնուպոլսի մերձակա Այաշ գյուղաքաղաքի բանտում։ Այստեղ նրանցից 45-ին սպանել են, իսկ մնացածին մի քանի օրից տեղափոխել Չանղրը քաղաքի աքսորավայրի բանտը։ Այստեղ սպանել են մոտավորապես ևս 80-ին։ Չանղրում աքսորյալներից մեկը՝ թաղապետ Վարդերես Աթանասյանը (նահատակվել է), ձեռքին եղած համրիչի (տերողորմյա, թզբեհ) 99 հատիկների վրա փորագրել է իր և բանտում գտնվող մյուս մտավորականների մի մասի անունների սկզբնատառերը, սակայն, քանի որ համրիչի հատիկները սահմանափակ էին, նա մի հատիկի վրա փորագրում է 2, ևս մեկի վրա 4 անուն։ Արդյունքում համրիչը հավերժացնում է 103 անուններ։ Համրիչի հատիկների շարքը կապող քարի վրա գրված է. "Չանղրը, 1915, ապրիլի 11, Յիշատակ": Ձերբակալվելուց մի քանի օր անց Վարդերես Աթանասյանի տուն է գալիս մի թուրք կառապան ու կնոջը՝ Սրբուհուն ասում. - "Ձեր ամուսինն ինձ ժամացույց նվիրեց ու խնդրեց, որ այս մասունքը հանձնեմ ձեզ": Ու տալիս է այս համրիչը։ Համրիչը 1965 թ. Հայաստանի Պատմության թանգարանին է նվիրել Վարդերես Աթանասյանի՝ 1946 թ. ֆրանսիայից ներգաղթած դուստրը՝ Էժենի Աթանասյան-Գուլբոլյանը (մահ. 1993 թ.)։ Հայաստանի պատմության թանգարանի գիտաշխատող Կարինե Ավագյանը համրիչին նվիրված գիրք է հրատարակել "Եղեռնահուշ մասունք կամ խոստովանողք և վկայք խաչի" (Ե., 2002), որում հրապարակված են համրիչի քարերի վրա մակագրված անունները և մի առանձին ցանկ (Վահան Ալթունյան, Կարապետ Թաշճյան, Կոմիտաս, Միսաք Ճևահիրճյան, Գասպար Չերազ, Սիամանթո, Ռուբեն Սևակ, Դանիել Վարուժան և մյուսներ), որտեղ յուրաքանչյուր անվան դիմաց ներկայացված են տեղեկություններ տվյալ անձի վերաբերյալ։ Ցանկում ընդգրկված 35 հոգուն սպանել են, 61-ը ողջ են մնացել։ 7 հոգու վերաբերյալ չի հաջողվել տեղեկություն գտնել։
Աղբյուրներ
խմբագրելՀարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։
Գրականություն
խմբագրել- Պալաքեան Գրիգորիս ծ. վրդ., Հայ գողգոթան, Երևան, 1991։
- Ավագյան Կարինե, Եղեռնահուշ մասունք կամ խոստովանողք և վկայք խաչի, Երևան, 2002։
- Ավագեան Կարին է, «Չանղըրըի 1915 թ. ապրիլի 11, Յիշատակ»… Թանգարանային ցուցանմուշը, «Հանդէս Ամսօրեայ», 2008, հ. 1-12