Գեղձանմաններ
Գեղձանմաններ, ադենոիդներ (հուն․՝ άδήν` գեղձ և ειδός` տեսք), քթաըմպանային խոռոչում և բկանցքում գտնվող ավշային գոյացությունների գերաճումներ։ Հիմնականում նկատվում է 3-10 տարեկան, երբեմն՝ 10-ից մեծ կամ կրծքի երեխաների օրգանիզմում։ Հիվանդության առաջացմանը նպաստում են որոշ վարակիչ հիվանդություններ (կարմրուկ, քութեշ, դիֆթերիա, գրիպ և այլն), որոնք հանգեցնում են քթի խոռոչի լորձաթաղանթի և նշագեղձերի բորբոքման, ինչպես նաև վերին շնչուղիների սուր և քրոնիկական բորբոքային հիվանդությունների։ Երբեմն շատ մեծանալով, փակում են քթի խոանները, դժվարացնում քթային շնչառությունը։ Երեխան բերանը միշտ բաց է պահում, որի պատճառով առաջանում է քրոնիկական հարբուխ, ատամների անկանոն աճ։ Փակելով միջին ականջի եվստախյան խողովակի ըմպանային բացվածքները, գեղձանմանների պատճառ են դառնում ականջների հիվանդությունների, լսողության թուլացման, անկանոն քնի։ Երեխաները դառնում են անուշադիր, տուժում են մտավոր ունակությունները, երբեմն լինում է գիշերամիզություն։ Բուժումը՝ վիրահատություն։
Ախտանիշներ
խմբագրելԳեղձանմանների առաջին ախտանշաններն են դժվարացած քթային շնչառությունը (գերաճած ըմպանային նշագեղձի պատճառով) և քթից հոսող առատ արտադրությունը (հաճախ լցվում է քթըմպանը)։ Խանգարված քթային շնչառության դեպքում երեխաները քնում են անհանգիստ, բերանը բաց, սովորաբար խռմփացնում են։ Վատ քնելու պատճառով լինում են թույլ, անտարբեր, հաճախ վատ են սովորում։ Կրծքի երեխաները դժվար են ծծում, որը հանգեցնում է մշտական թերսնման և ֆիզիկական զարգացման կասեցման։ Բացի այդ, գեղձանմանները կարող են պատճառ դառնալ բրոնխաբորբի և բրոնխաթոքաբորբի։
Բարդացումներ
խմբագրելԳեղձանմանների ծալքերում երբեմն պարունակվում է առատ բակտերիային միջավայր (գեղձանմանների քրոնիկակակն բորբոքում), որը և քթաըմպանի հաճախ կրկնվող սուր բորբոքումների պատճառ է դառնում։ Գեղձանմանների գերաճումը հաճախ ուղեկցվում է լսողության թուլացմամբ։ Անուշադրության մատնված դեպքերում քթային շնչառությունն անհնարին է դառնում, երեխան ստիպված շնչում է բերանով և այն միշտ բաց է պահում, ստորին ծնոտը կախ է ընկնում, քիթ-շրթունքային ծալքերը հարթվում են, դեմքն ստանում է անորոշ արտահայտություն։ Գլխուղեղից արյան և ավշի արտահոսքի դժվարացման հետևանքով, որն առաջանում է քթի խոռոչում կանգային երևույթների պատճառով, երեխաները հաճախ ունենում են համառ գլխացավեր։
Բուժում
խմբագրելՍովորաբար խորհուրդ է տրվում գեղձանմանները հեռացնել։ Վիրահատությունը պարզ է, կատարվում է ամբուլատոր պայմաններում և մի քանի ժամից հետո երեխային ուղարկում են տուն։ Վիրահատությունից հետո 2-3 օր անհրաժեշտ է անկողնային ռեժիմ։
Արտաքին հղումներ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 6)։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |