Հարավկորեական «Սևոլ» լաստանավի աղետ (կորեերեն՝ 세월, անգլ.՝ Sewol), լաստանավի խորտակում, որը տեղի է ունեցել 2014 թվականի ապրիլի 16-ին՝ Կորեական թերակղզու հարավ-արևմտյան ափին։ Լաստանավը ընթանում էր իր կանոնավոր ճանապարհով՝ Ինչոնից Ջեջու։ Նավը թեքվել և խորտակվել է։ Մահացել է 304 մարդ։

«Սևոլ» լաստանավի աղետ
«Սևոլ» լաստանավի խորտակման լուսանկարը Հարավային Կորեայի ծովային ոստիկանության վարչության կողմից
Թվական2014-4-16 (10 տարի առաջ)
ԺամանակՏեղական ժամանակով 09:00-ից 11:30
ՎայրԴոնգեչադո, Հարավային Ջոլա, Հարավային Կորեա
ՊատճառՆավը թեքվել և խորտակվել է
Մահ(եր)304
Անհայտ կորածներ9

2012 թվականին «Chonghaejin Marine» ընկերությունը գնեց նավը, որը ստացավ «MV Sewol» անվանումը։ Այն 18 տարեկան էր և արդեն հին էր։ 1994-2012 թվականներից այն օգտագործել է ճապոնական «A-Line Ferry» ընկերությունը՝ բեռների և ուղևորների տեղափոխման համար։ Ուղևորների համար ավելացվել էր երկու տախտակամած և ընդլայնվել էր բեռների տարածքը։ Նախկին 116-ի փոխարեն նավը կարող էր տեղափոխել 956 անձ՝ ներառյալ անձնակազմը։

Սևոլը սկսել է իր գործունեությունը 2013 թվականի մարտի 15-ին։ Այն շաբաթական երեք անգամ Ինչոնից Ջեջու ճանապարհ էր անցնում, որը տևում էր 13,5 ժամ և 425 կմ։

Աղետի օրը լաստանավի վրա գտնվել է անձնակազմի 33 անդամ և 443 ուղևոր, որից 325-ը Անսան քաղաքի Դանվոն ավագ դպրոցի ուսուցիչներ և աշակերտներ էին։ Աշակերտները շջանավարտներ էին, ովքեր իրենց վերջին դպրոցական ամառային արձակուրդներին ճանապարհորդում էին Ջեջու կղզի։ Լաստանավը նաև 2142 տոննա բեռներ էր տեղափոխում, ներառյալ 185 ավտոմեքենաներ։

2014 թվականի ապրիլի 16-ին, տեղական ժամանակով 09:00-ին, Դոնգեչադոյից 20 կիլոմետր հեռավորության վրա, լաստանավից ուղարկվել է SOS ազդանշանը։ Դեպքի վայր են ուղարկվում Կորեայի առափնյա պահպանության նավերը, ռազմածովային ուժերի նավեր և ուղղաթիռներ։

Խորտակվող նավի առաջին ժամերին հայտնաբերվում է անձնակազմի անդամ, 27-ամյա կնոջ դի, իսկ ավագ դպրոցի աշակերտներից մեկը մահացել էր անհետաձգելի օգնության բաժին գնալուց հետո։

Աղետի հետևանքով մահացել է 304 մարդ, որից 9-ը համարվում են անհետ կորած[1]։ 304-ից 250-ը Դանվոն ավագ դպրոցի աշակերտներն էին։ 172 փրկվածների կեսը ողջ է մնացել ձկնորսական նավակների և այլ առևտրային նավերի միջոցով, որոնք դեպքի վայր են ժամանել Կորեայի առափնյա պահպանության ժամանումից 40 րոպե անց։ Եվս երեք անձ զոհվել է որոնողական աշխատանքների ընթացքում։ Նրանք ստորջրյա աշխատանքների մասնագետներ էին՝ երկու քաղաքացիական ջրասուզակներ և Հարավային Կորեայի ռազմածովային ուժերի մեկ զինծայող[2]։

«Սևոլ» լաստանավի խորտակումը հասարակական լայն արձագանք է առաջացրել Հարավային Կորեայում։ Շատերը քննադատում էին կապիտանի, անձնակազմի, լաստանավի օպերատորի և կարգավորիչների գործողությունները։

2017 թվականի մարտի 22-ից 25-ը իրականացվել է լաստանավի բարձրացման գործողությունը[3][4]։

Հետաքննություն

խմբագրել

Աղետից հետո, դատարանի որոշմամբ, ձերբակալվել են նավի կապիտան, 68-ամյա Լի Չոն Սոկը և նրա օգնականները[5]։ Հետաքննության ընթացքում պարզ դարձավ, որ պատահարի ընթացքում լաստանավի ղեկավարությամբ զբաղվել է 25-ամյա անփորձ կին շտուրման, որն այդ գծում աշխատում էր ընդամենը հինգ ամիս, իսկ նավատորմ էր եկել ընդամենը մեկ տարի առաջ։ Նախնական տվյալներով՝ չափազանց կտրուկ շրջադարձ է կատարվել, որն ուժեղ կողաթեքում է առաջացրել և բեռը սկսվել է տեղաշարժվել։ Նավը չի կարողացել կարգավորվել, թեքվել է կողքի վրա և վերջնական շրջվել է[6]։

Կապիտանը առաջիններից էր, որը լքել է լաստանավը։ Ուղևորները պնդում են, որ կապիտանը չի կարողացել ժամանակին գնահատել կատարվածի վտանգը և շատ ուշ է հայտարարել տարհանման մասին[5]։ Հարավային Կորեայի նախագահը քննադատաբար է մոտեցել խորտակված լաստանավի կապիտանի և «անձնակազմի որոշ անդամների» գործողություններին․

  Կապիտանի և անձնակազմի որոշ անդամների պահվածքը ողջամտության տեսանկյունից անհասկանալի է, և այն նման է սպանության, որը հնարավոր չէ հանդուրժել։  

Ապրիլի 22-ին լաստանավի վթարի պատճառի նոր վարկած է առաջ քաշվել։ Հարավային Կորեայի ծովային գործերի և ձկնորսության նախարարության ներկայացուցիչների խոսքով, նավի ուղղության ավտոմատ տեղորոշման համակարգի տվյալների վերլուծությունը նոր պատկեր է ցույց տվել տեղի ունեցածի վերաբերյալ։ Ըստ նոր տարբերակի, իրավիճակը զարգացել է նմանատիպ սցենարով՝ շրջադարձ, բեռների տեղաշարժ, կողաթեքում և խորտակում, սակայն այժմ կորեացի փորձագետները սկսում են մտածել, որ մարդկային սխալի գործոնը չի եղել աղետի հիմնական պատճառը։ Պարզվում է, որ չափազանց կտրուկ շրջադարձ չի էլ եղել։ Այս առումով ավելի ուշադրությամբ ուսումնասիրվում է նավի տեխնիկական համակարգերի անսարքության մասին վարկածը[8]։

Նոյեմբերի 11-ին, Կվանգջու քաղաքի դատարանը լաստանավի կապիտանին դատապարտել է 36 տարվա ազատազրկման, չնայած նրան, որ հնարավոր էր Լիին մահապատժի դատապարտել։ Անձնակազմի մնացած 14 անդամները, ովքեր պատասխանատու էին նավագնացության և լաստանավի անվտանգության համար, դատապարտվել են 5-ից 30 տարվա ազատազրկմամբ[9]։ Դատավճռից երկու օր անց անձնակազմի ութ անդամներ, ներառյալ լաստանավի կապիտանը, վերաքննիչ բողոք են ներկայացնում՝ պահանջելով կասեցնել դատավճիռը և վերանայել գործը։ Լի Չոն Սոկը պահանջել է կրճատել պատժաչափը՝ իր տարիքի պատճառով։

2015 թվականի ապրիլի 28-ին Հարավային Կորեայի վերաքննիչ դատարանը կասեցրեց Կվանգջու քաղաքային դատարանի որոշումը՝ կապիտան Լի Չոն Սոկին մեղավոր ճանաչելով զանգվածային սպանության մեջ և դատապարտելով ցմահ ազատազրկման։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Власти Южной Кореи прекратили поиски пропавших при крушении «Севоль»». ՌԻԱ Նովոստի. 11.11.2014.
  2. «Во время поиска тел на пароме «Севоль» погиб уже третий водолаз». rbc.ru. 30.05.2014.
  3. В Корее начали подъём парома «Севоль»
  4. В Корее завершили подъём парома «Севоль»
  5. 5,0 5,1 Капитан затонувшего парома в Южной Корее арестован.
  6. Корея шокирована трагедией с крушением судна.
  7. Экипаж судна «Севоль» задержали по подозрению в халатности // Взгляд, 21-04-2014
  8. Основная версия крушения «Севоля» поставлена под сомнение // РГ
  9. Капитан парома «Севоль» избежал смертной казни // Лента.ру