Յուրի Նիկուլինի հուշարձան (Մոսկվա)

հուշարձան Մոսկվայում

Յուրի Նիկուլինի հուշարձան (ռուս.՝ Памятник Юрию Никулину), հուշարձան Մոսկվայում, 2000 թվականին տեղադրվել է Ցվետնոյ բուլվարում՝ Նիկուլինի անվան կրկեսի դիմաց։

Յուրի Նիկուլինի հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Ստեղծում2000
Երկիր Ռուսաստան
ՔաղաքՄոսկվա
ԲնակավայրՄոսկվա
Շինության ձևՔանդակ
Ներկա վիճակԿանգուն
 Monument to Yuri Nikulin, Moscow Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Յուրի Նիկուլինի հուշարձանը բացվել է 2000 թվականի սեպտեմբերի 3-ին այն կրկեսի շենքի առջև, որում ավելի քան կես դար աշխատել է դերասանն ու ծաղրածուն։ Հուշարձանը պատկերում է բրոնզաձույլ Նիկուլինին, որն իջնում է կայանված Adler Trumpf կաբրիոլետից։ Մեքենան հայտնի է «Կովկասի գերուհին» կինոկատակերգությունից (ֆիլմում նկարահանված ավտոմեքենան պատկանել է անձամբ Նիկուլինին[1])։ Նիկուլինի հագին ծաղրածուի բաճկոն է, փողկապ ու գլխարկ։ Ե՛վ դերասանը, և՛ նրա մեքենան բրոնզաձույլ են, ընդ որում՝ կաբրիոլետը քիչ փոքր չափերի է, քան բնօրինակն է։ Համարանիշի փոխարեն ավտոմեքենային փակցված է «Յուրի Նիկուլին» գրությամբ ցուցանակ։ Քանդակը ստեղծելու համար օգտագործվել են կաբրիոլետի լուսանկարները, քանի որ մեքենան այժմ գտնվում է մասնավոր հավաքածուում։

Հուշարձանի հեղինակը քանդակագործ Ալեքսանդր Ռուկավիշնիկովն է։ Սկզբում ենթադրվում էին այլ կոմպոզիցիոն լուծումներ, օրինակ, կրկեսային ճոճաձողերով կամ տխուր Նիկուլինով ու իջնող վարագույրով, բայց, ի վերջո, հաղթել է կրկեսն ու կինոն միավորելու գաղափարը։

Հուշարձանը ստեղծվել է երկու տարվա ընթացքում։ Կաբրիոլետը ձուլվել է Մինսկում, իսկ դերասանի ավելի բարդ պատկերաքանդակը ստիպված էին ձուլել Իտալիայում։ Քանդակային հորինվածքի ընդհանուր քաշը 3,5 տոննա է։ Հուշարձանի պատրաստումն արժեցել է 350 հազար ԱՄՆ դոլար, այն ֆինանսավորվել է «Յուրի Նիկուլինի կրկես» ՓԲԸ-ի կողմից, որը միջոցներ հավաքագրելու և նվիրատվությունների համար հիմնադրամ էր բացել[2], իսկ բացման արարողության ժամանակ հուշարձանը պաշտոնապես հանձնվել է Մոսկվային որպես նվեր։ Նախքան հուշարձանի բացումը, այն ոչ ոք չէր պահպանում, ուստի արվեստանոցի տնօրենը ստիպված էր գիշերել նրա կողքին։

Սկզբում հուշարձանը ցանկանում էին տեղադրել հենց երթևեկելի մասում, որտեղ կայանում են սովորական ավտոմեքենաները, բայց այդ գաղափարին հավանություն չտվեց Մոսկվայի պետավտոտեսչությունը, և արձանը տեղադրվեց մայթին։

Հուշարձանն այսօր խմբագրել

Անցորդները երջանկության համար իրենց պարտքն են համարում տրորելու ուշագրավ հուշարձանը, ինչի հետևանքով Նիկուլինի քիթը, հագուստի որոշ մասեր և մեքենայի նստատեղերը փայլում են։ 2013 թվականին տեղի ունեցավ միջոցառում, որի ընթացքում հուշարձանը մաքրվեց կեղտից և փոշուց։

 
Յուրի Նիկուլինի հուշարձանի պատկերը 2011 թվականի փոստային նամականիշի վրա

Հուշարձանը ֆիլատելիայում խմբագրել

2011 թվականին Ռուսաստանի փոստը թողարկել է «Ռուսաստանի ժամանակակից արվեստ» շարքի 14 ռուբլի անվանական արժեքով փոստային նամականիշ, որի վրա պատկերված է Յուրի Նիկուլինի հուշարձանը[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Автомобильный мир советского кинематографа» (ռուսերեն). 2008 թ․ հուլիսի 29. Վերցված է 2017 թ․ փետրվարի 14-ին.
  2. Сын Юрия Никулина: «В последние годы жизни отцу страшно нравились джинсы с подтяжками»
  3. «А.И. Рукавишников из серии Современное искусство России».(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել