Մասնակից:Mijerita/Պայքար Խաչատրյան

Պայքար Միսակի Խաչատրյան
Ծնվել է՝ դեկտեմբերի 26, 1932, Թալին
Վախճանվել է՝ դեկտեմբերի 1, 1994 (62 տարեկան)
Իրավաբան, ՀԽՍՀ հասարակական, պետական, կուսակցական գործիչ, Թալինի շրջկոմի առաջին քարտուղար (1971-1984), Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի տեղական խորհուրդների բաժնի վարիչ (1984-1990), Հայկական ԽՍՀ-ի 8-րդ և 9-րդ գումարումների Գերագույն խորհրդի դեպուտատ
Պարգևներ - Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան

Պայքար Միսակի Խաչատրյան (դեկտեմբերի 26, 1932թ., Թալին - դեկտեմբերի 1, 1994թ., Թալին, Հայաստան), Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության պետական, հասարակական, կուսակցական գործիչ։

Ծնվել է 1932 թվականի դեկտեմբերի 26-ին Հայկական ԽՍՀԹալինի շրջանի Թալին ավանում (նախկին Վերին Թալին գյուղում, ներկայիս Թալին քաղաքում)։ 1940-1950-ական թթ. սովորել և ավարտել է Վ. Թալին գյուղի Մաքսիմ Գորկու անվան միջնակարգ դպրոցը։ Դպրոցն ավարտելուց հետո աշխատանքի է անցել Վ. Թալինի կոլտնտեսությունում՝ որպես շարքային կոլտնտեսական։ 1950-1952թթ. աշխատել է Թալինի շրջանի մի շարք հիմնարկություններում։ Եղել է ֆինբաժնի հաշվետար, Կապի շրջանային հանգույցում փոստային գործակալ և տեսուչ՝ շրջանային գործկոմի սոցապ բաժնում։

Ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը և ԽՄԿԿ Կենտկոմին առընթեր Բարձրագույն կուսակցական դպրոցը։

Պայքար Խաչատրյանը՝ Մարշալ Բաղրամյանի աջ կողմում
Անտոն Քոչինյանի հետ

Պայքար Խաչատրյանը 1952 թվականի դեկտեմբերին զորակոչվել է խորհրդային բանակի շարքերում ծառայության, անցել է սպաների պատրաստման երկամյա դասընթացները և լեյտենանտի կոչումով զորացրվել է 1954 թվականի նոյեմբերին։ Դեռևս զինծառայության ընթացքում ընդունվել է ԽՄԿԿ-ի շարքերը։ Բանակում զբաղվել է նաև հասարակական ակտիվ աշխատանքով, եղել է հրաձգային վաշտի կոմերիտական կազմակերպության քարտուղար, ապա ընտրվել է կուսկազմակերպիչ և գնդի կուսբյուրոյի անդամ։ Ծառայությանը զուգընթաց սովորել և ավարտել է բանակի քաղբաժնին կից կուսակցական դպրոցը։

Կամո Խաչատրյանը, Պայքար Խաչատրյանն ու Վիլյամ Սարոյանը՝ Թալինի լեռներում

Զորացրվելուց հետո Պայքար Խաչատրյանը 1955 թվականից աշխատել է որպես Թալինի կուսշրջկոմի հարահանգիչ, իսկ 1959 թվականի օգոստոսից մինչև 1963 թվականի փետրվար աշխատել է որպես ՀԿԿ Թալինի շրջկոմի հրահանգիչ։ 1963 թվականի փետրվարից աշխատել է Հոկտեմբերյանի կուսակացական արտադրական կոմիտեում՝ սկզբում որպես հրահանգիչ, ապա՝ տեսուչ-կուսկազմակերպիչ։

Շրջանների ապախոշորացումից հետո Պայքար Խաչատրյանը 1964 թվականի հունիսին ընտրվել է Թալինի կուսակցական արտադրական կոմիտեի քարտուղարի տեղակալ, իսկ 1964 թվականի նոյեմբերից՝ ՀԿԿ Թալինի շրջկոմի քարտուղար։ 1966 թվականի սեպտեմբերին ընտրվել է կուսակցության Թալինի շրջկոմի երկրորդ քարտուղար, իսկ 1971 թվականի հուլիսին՝ շրջանային կոմիտեի առաջին քարտուղար։

Վիկտոր Համբարձումյանն ու Պայքար Խաչատրյանը

1984 թվականի նոյեմբեր ամսից մինչև 1990 թվականի հունվար՝ Պայքար Խաչատրյանն աշխատել է որպես Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի տեղական խորհուրդների բաժնի վարիչ, իսկ 1990 թվականի հունվարից՝ Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի կազմակերպական-խորհրդային աշխատանքի և Սոցիալական ինֆորմացիայի բաժնի առաջատար մասնագետ։

Լավագույն աշխատանքի համար Պայքար Խաչատրյանը պարգևատրվել է «Հոկտեմբերյան հեղափոխության», «Աշխատանքային Կարմիր դրոշի» շքանշանով և մի շարք մեդալներով։

Սիլվա Կապուտիկյանի հետ

Հայաստանի Կոմկուսի 25 և 26-րդ համագումարներում ընտրվել է ՀԿԿ Կենտկոմի անդամ, եղել է Հայկական ԽՍՀ-ի 8-րդ և 9-րդ գումարումների Գերագույն խորհրդի դեպուտատ։ Խորհրդային Միության ժուռնալիստների միության անդամ է եղել 1963 թվականից, բազմաթիվ հոդվածների հեղինակ է։

Պայքար Խաչատրյանն զգալի ջանքեր է ներդրել Թալինի շրջանի տնտեսական, սոցիալական, մշակութային զարգացման բնագավառներում ու երկար տարիներ վայելել շրջանի բնակիչների հարգանքն ու վստահությունը։ Կարևորելով գրականության, կրթության, գիտության և մշակույթի հսկայական դերը՝ նա մշտապես ակտիվություն է ապահովել շրջանում՝ հյուրընկալելով նշանավոր անձանց ու նախաձեռնելով հանրօգուտ միջոցառումներ։

Մահացել է 1994 թվականի դեկտեմբերի 1-ին։ Ունի 2 որդի, 2 դուստր։