Կենտրոնական կոմիտե (ԽՄԿԿ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կենտրոնական կոմիտե (այլ կիրառումներ)

ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտե, Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության (ԽՄԿԿ) բարձրագույն ղեկավար օրգան ԽՄԿԿ համագումարների միջև ընկած ժամանակամիջոցում։ ԿԿ-ի անդամները և անդամության թեկնածուները ընտրվել են համագումարի կողմից։

Կենտրոնական կոմիտեն համարվել է կոմունիստական կուսակցության քաղաքական ղեկավարման օրգանը, տեսական և գաղափարական կենտրոնը։ Գործունեության ընթացքում այն ենթարկվել է կուսակցության համագումարի որոշումներին։

ԽՄԿԿ XXIV համագումարի (1971-ի մարտ-ապրիլ) հաստատած կանոնադրության մեջ ասվում էր, որ ԿԿ ղեկավարում է կուսակցության տեղական կուսակցական օրգանների ամբողջ գործունեությունը, իրականացնում ղեկավար կադրերի ընտրությունը և տեղաբաշխումը, ուղղություն է տալիս կենտրոնական պետական և աշխատավորների հասարակական կազմակերպությունների աշխատանքին՝ այնտեղ գործող կուսակցական խմբերի միջոցով, ստեղծում կուսակցության օրգաններ, հիմնարկներ, ձեռնարկություններ, ղեկավարում դրանց գործունեությունը, նշանակում կենտրոնական թերթերի և հանդեսների խմբագրությունները, բաշխում կուսակցական բյուջեի միջոցները և վերահսկում այն։

Լինելով կոլեգիալ ղեկավարման մարմին՝ ԽՄԿԿ ԿԿ, ոչ պակաս քան վեց ամիսը մեկ անգամ (համաձայն կուսակցության կանոնադրության), անցկացնում էր պլենար նիստեր։ ԿԿ-ի անդամության թեկնածուները պլենումներին պետք է ներկա լինեին լինում խորհրդակցական ձայնի իրավունքով։ Համագումարից հետո, ԿԿ-ի առաջին պլենար նիստում, ընտրում էին Սովետական Միության կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար, ԽՄԿԿ ԿԿ-ի Քաղբյուրո և քարտուղարություն, որոնք ղեկավարում էին կուսակցությունը՝ ԿԿ-ի պլենումների միջև ընկած ժամանակաշրջանում։

Մինչև 1917 թվականը, երբ կուսակցության գործունեությունն անօրինական էր, ԿԿ ունեցել է Ռուսական բյուրո ՌՍԴԲ (բ)Կ ԿԿ և Արտասահմանյան բյուրո ՌՍԴԲԿ ԿԿ։ ԿԿ-ի անդամներին սիստեմատիկ հավաքելն անհնարին էր և վտանգավոր, այդ պատճառով սովորաբար հարցերը քննարկվում էին ԿԿ-ի ոչ լրիվ կազմի ներկայությամբ, ապա նամակագրությամբ հաշվի էին առնվում ԿԿ-ի մյուս անդամների կարծիքները, ընդունվում որոշումներ։ ԿԿ-ի ժողովներն առաջին անգամ «ԿԿ-ի պլենում» կոչելը վերաբերում է 1908 թվականի օգոստոսին (Ժնև)։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո կուսակցության մշտական աճի, գործունեության մասշտաբների ընդլայնման, առաջադրվող խնդիրների բարդացման հետեանքով ԿԿ-ի կազմն ընդլայնվում էր։

Վլադիմիր Լենինի առաջարկությամբ ՌԿ (բ)Կ XII համագումարը (1923-ի ապրիլ) ավելացրեց ԿԿ-ի կազմը (մինչև ԿԿ-ի 40 անդամ և 17 անդամության թեկնածու)։ XV-XVIII համագումարներում (1927-ի դեկտեմբեր - 1939-ի մարտ) ԿԿ-ի անդամների թիվը հասավ 71-ի, անդամության թեկնածուներինը՝ 68-ի։ XXV համագումարում (1976-ի փետրվար-մարտ) ԿԿ-ի կազմում ընտրվել է 288 անդամ և 139 անդամության թեկնածու։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 379