Հոդախախտում

Վիքիմեդիայի նախագծի բազմիմաստության փարատման էջ

Հոդախախտում, ոսկրերի հոդային ծայրերի տեղաշարժում, որի պատճառով խանգարվում է դրանց ճիշտ շփումը։ Լինում է լրիվ (հոդային ծայրերի լրիվ բաժանում) և ոչ լրիվ՝ ենթահոդախախտում (հոդամակերեսները մասամբ մնում են հպված)։ Հոդախախտված է համարվում վերջույթի ծայրամասային (մարմնից հեռու տեղադրված) հատվածը (օրինակ, ծնկան հոդի խախտման դեպքում՝ սրունքը, կոնք-ազդրային հոդում՝ ազդրը)։ Բացառություն է կազմում ողնաշարը, ուր հոդախախտված է համարվում բարձրադիր ողը։ Տարբերում են բնածին և ձեռքբերովի հոդախախտումներ։

Բնածին հոդախախտում խմբագրել

Պայմանավորված է պտղի ներարգանդային ոչ ճիշտ զարգացմամբ (հոդափոսի, ազդրի գլխիկի թերզարգացում՝ դիսպլազիա)։ Հաճախ նկատվում է կոնք-ազդրային (1000 նորածնին՝ 2-5 դեպք), հազվադեպ է ծնկոսկրի ծնկան հոդերում։ Կրծքի երեխայի ազդրի հոդախախտումն արտահայտվում է ազդրի ներքին մակերևույթի ծալքերի անհամաչափությամբ, ոտքի զատման սահմանափակությամբ, իսկ երբ երեխան սկսում է քայլել՝ կաղությամբ (ստորին ծայրանդամներից մեկը համեմատաբար կարճանում է)։ Երկկողմանի հոդախախտման դեպքում՝ նկատվում է «բադի» քայլվածք։ Ծնկոսկրի բնածին հոդախախտումն ուղեկցվում է ցավերով, հոդի լրիվ անշարժությամբ, բորբոքումով, արյունահավաքմամբ։

Բուժում խմբագրել

Ազդրի բնածին հոդախախտման դեպքում (ուղղում, հատուկ շինաների և գիպսակապերի օգտագործում) անհրաժեշտ է սկսել հնարավորին չափ շուտ։ Բուժման անարդյունավետության դեպքում վիրահատություն՝ 2-4 տարեկանում։

Հոդածայրերի ուղղում (միայն բժշկի միջամտությամբ, հյուսվածքները լրացուցիչ վնասելուց խուսափելու նպատակով), անշարժացում, հետագայում՝ ֆունկցիոնալ բուժում (մարմնամարզություն, մերսում)։ Հնացած հոդախախտումների դեպքում (վնասումից 3 շաբաթ անց)՝ վիրահատություն։ Ախտաբանական հոդախախտման դեպքում հիմնական հիվանդության բուժում, իսկ հոդի ֆունկցիան վերականգնելու նպատակով՝ վիրահատություն։

Կանխարգելում խմբագրել

Կատարել նորածինների օրթոպեդիական հետազոտություն, ոտքերը բարուրելուց ուժ չգործադրել, վաղաժամ ոտքի ելնելու կամ քայլելու մղումը չխրախուսել։

Ձեռքբերովի հոդախախտում խմբագրել

Լինում է վնասվածքային (առաջանում է վնասվածքների դեպքում), ախտաբանական՝ կամ ինքնաբեր (զարգանում է հիվանդությունների (օստեոմիելիտ, պոլիոմիելիտ) հետևանքով)։

Վնասվածքային հոդախախտում խմբագրել

Այն մեծ մասամբ առաջանում է անուղղակի վնասվածքի պատճառով, երբ ազդող ուժը հեռու է վնասվող հոդից (օրինակ, տարածած ձեռքի դաստակի վրա ընկնելիս հոդախախտվում է ուսահոդը)։ Պատճառ կարող են լինել նաև հոդի բնականոն շարժողության սահմաններից դուրս շարժումները (օրինակ, բերանը չափից ավելի բացելիս ստորին ծնոտի հոդախախտում)։ Հազվադեպ հոդախախտումն առաջանում է ուղղակի վնասվածքից՝ հոդի շրջանին հարվածելուց։ 1-3 տարեկան երեխաների մոտ նկատվում է այսպես կոչված «հոդերի ձգումից», որն առաջանում է ուսային, արմունկային հոդերում, երբ երեխայի ձեռքը կտրուկ ձգում են։ Ուղեկցվում է հոդի շրջանի ուժեղ ցավերով, ձևախախտումով և շարժումների խանգարումով ու կորստով։ Հոդախախտումների դեպքում գրեթե միշտ առաջանում է հոդաշապիկի պատռվածք, վնասվում են ջլերը, մկանները, ոսկրերը, անոթները և նյարդերը (բարդացած հոդախախտում)։ Այն կարող է լինել փակ՝ առանց հոդի մակերեսի մաշկի վնասման և բաց, որի դեպքում առաջանում է հոդի խոռոչը թափանցող վերք։ Երբեմն հոդապարկի և կապանների նշանակալի գերձգման, ինչպես նաև ոչ ճիշտ բուժման հետևանքով այն կարող է նորից կրկնվել (այսպես կոչված՝ սովորութային հոդախախտում), մեծ մասամբ լինում է ուսահոդում։

Ախտաբանական հոդախախտում խմբագրել

Այն հաճախ առաջանում է կոնք-ազդրային և ուսային հոդերում՝ առավելապես հոդամակերեսների քայքայման հետևանքով։ Լուծանքային հոդախախտ նկատվում է հոդը շրջապատող մկանների պարեզի կամ լուծանքի դեպքում։ Այդպիսի հոդախախտումները ծագում են առանց արտաքին ուժերի ազդեցության, որպես ինքնաբեր (օրինակ, քայլելիս կամ անկողնում շրջվելիս)։ Առաջին օգնությունը, վնասված ծայրանդամի անշարժացումն է գլխաշորով, շինայով և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 508