Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հոդ (այլ կիրառումներ)

Հոդ, երկու կամ ավելի ոսկորների շփման վայրը[1], ոսկրերի ընդհատ, խոռոչավոր, շարժուն միացություն, որը թույլ է տալիս ոսկրերի շարժումը միմյանց նկատմամբ։ Հոդի հիմնական տարրերն են. հոդավորվող ոսկրերի աճառածածկ մակերեսները, հեղուկով լցված հոդախոռոչը, խոռոչը մեկուսացնող հոդակապը։ Որոշ հոդեր ունեն նաև օժանդակ գոյացություններ՝ կապաններ, սկավառակներ (դիսկ), մահիկներ (մենիսկ) և ձուսպաթաղանթային պարկեր։ Կենդանիների էվոլյուցիայի և տեղաշարժումների կատարելագործման պրոցեսում փոխվել է նաև հոդերի ձևը։ Մարդկանց հոդերի առանձնահատկությունները պայմանավորված են մարմնի ուղղաձիգ դիրքով, որից և կախված է պտտման առանցքների թիվը և շարժումների ազատության աստիճանը։

Տարբերում են պարզ հոդեր (2 ոսկրից կազմված) և բարդ (մասնակցում են մի քանի ոսկրեր)։ Հոդամակերեսներն ըստ ձևի համեմատում են երկրաչափական մարմինների հետ. գնդաձև, ձվաձև, թամբաձև, տափակ ևն։ Ըստ շարժունության աստիճանի հոդերը լինում են ազատ շարժվող (օրինակ, գնդաձև) և դժվարաշարժ (օրինակ, հոդերը կողոսկրերի և կրծոսկրերի միջև)։ Հոդում շարժումների ծավալը որոշվում է միացվող ոսկրերի միջև գոյացած անկյան աստիճանով։ Շարժումները կարող են իրականանալ մեկ, երկու և երեք առանցքների շուրջը, միառանցք (գլանաձև, ճախարակաձև, պտուտակաձև), երկառանցք (էլիպսաձև, թամբաձև), բազմառանցք (գնդաձև)։ Շարժումները սահմանափակվում են ոսկր ելունների, կապանների և հոդապարկի ձգման շնորհիվ։ Հոդերի ախտահարումները կարող են առաջանալ վնասվածքների (հոդախախտում), բնածին (արթրոգրիպոզ), փոխանակային–դեստրուկտիվ (արթրոզ), բորբոքային (հոդաբորբ) պրոցեսների հետևանքով։ Ախտաբանական տարբեր պրոցեսների հետևանքով կարող է առաջանալ շարժումների սահմանափակում (կոնտրակտուրա), կամ լրիվ անշարժացում (անկիլոզ)։ Հոդի հիվանդությունները, բուժման և կանխարգելման մեթոդներն ուսումնասիրում են օրթոպեդիան, տրավմատոլոգիան և կլինիկական բժշկության հատուկ բաժինը՝ հոդաբանությունը։

Նրանց կառուցվածքը շարժունակություն (բացառությամբ գանգոսկրի) և մեխանիկական աջակցություն է ապահովում[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հոդի սահմանումը». բժշկական բառարան. 2011 թ․ ապրիլի 27. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 27-ին.
  2. Ellis, Harold; Susan Standring; Gray, Henry David (2005). Gray's anatomy: the anatomical basis of clinical practice. St. Louis, Mo: Elsevier Churchill Livingstone. էջ 38. ISBN 0-443-07168-3.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հոդ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 507