Հյուսիսային Ամերիկայի ներքին ջրեր

Հյուսիսային Ամերիկան ունի ջրագրական խիտ ցանց։ Մայրցամաքի գետերը բացի անձրևայինից, ունեն նաև ձնա-սառցադաշտային սնում։ Գետերը պատկանում են Ատլանտյան, Հյուսիսային Սառուցյալ և Խաղաղ օվկիանոսների ավազաններին։ Խոշոր գետերը հիմնականում հոսում են դեպի արևելք (Ատլանտյան օվկիանոս), որովհետև հիմնական ջրբաժանը՝ Կորդիլերները ձգվում են արևմուտքով։

Գետեր խմբագրել

Ատլանտյան օվկիանոսին պատկանող խմբագրել

 
Միսիսիպի գետի դելտան

Ատլանտյան օվկիանոսին պատկանող ամենախոշոր գետը Միսիսիպին է։ Միսուրիի ակունքներից հաշված՝ Միսիսիպիի երկարությունը կազմում է մոտ 6000 կմ։ Այն սկիզբ է առնում Մեծ Լճերի հարթությունից և թափվում է Մեքսիկական ծոցը` առաջացնելով ընդարձակ դելտա, որը տարեկան 100 մ խորանում է ծոցի մեջ։ Միսիսիպիի աջափնյա վտակները (Միսսուրի, Արկանզաս) սնվում են ձնհալքներից ու վարարում են գարնանը` իրենց հետ տանելով մեծ քանակությամբ տիղմ։ Ձախափնյա վտակները (Օհայո, Թենեսի) ունեն անձրևային սնում ու հորդանում են ամառային հորդառատ անձրևներից։

Միսիսիպին տրանսպորտային մեծ նշանակություն ունի և ջրանցքներով կապված է Մեծ Լճերի հետ։ Գետի ու նրա վտակների վրա կառուցված են մի շարք հիդրոէլեկտրոկայաններ, իսկ գետի ջուրը օգտագործվում է հազարավոր հեկտար հողատարածությունները ոռոգելու համար։

Մյուս խոշոր գետերից է Սուրբ Լավրենտիոսը, որը Մեծ Լճերը կապում է Ատլանտյան օվկիանոսին։

Մեծ Լճերի համակարգում՝ Էրի լճի ջրերը Նիագարա գետով հոսում են դեպի Օնտարիո լիճը։ Նիագարա գետի վրա է գտնվում Նիագարայի նշանավոր ջրվեժը։

Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսին պատկանող խմբագրել

Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսին պատկանող գետերը հիմնականում ունեն ձնա-սառցադաշտային սնում։ Ձմռանը՝ 8 - 9 ամիս սառչում են, վարարում՝ գարնան վերջին ու ամռան սկզբին։

Այս շրջանների գետերը երիտասարդ են (ետսառցադաշտային) և հովիտները դեռ լրիվ մշակված չեն։ Ամենամեծ գետը Մակենզին է։ Այն սնվում է Կորդիլերների ձնհալքներից։ Նրա վերին հոսանքը՝ Աթաբասկա գետն է։ Նշանավոր են նաև Նելսոն գետը, որը թափվում է Հուդզոնի ծոց։

Խաղաղ օվկիանոսին պատկանող խմբագրել

 
Կոլորադո գետը և կիրճը

Խաղաղ օվկիանոսի ավազանին պատկանող գետերն ունեն լեռնային բնույթ՝ կարճ են, արագահոս։ Նրանց սնումը խառն է՝ ձնա-անձրևային։ Խոշոր գետերից են Յուկոնը, Ֆրեյզերը, Կոլումբիան և Կոլորադոն։

Յուկոնը Ալյասկայի ամենախոշոր գետն է։ Սկիզբ է առնում Կորդիլերներից, ունի ձնա-սառցադաշտային սնում և տրանսպորտային մեծ նշանակություն։

Կոլումբիա և Ֆրեյզեր գետերը հիդրոէներգետիկ մեծ պոտենցիալ ունեն։ Նրանց վրա կառուցված են հիդրոէլեկտրոկայանների հզոր կասկադներ։

Կոլորադոն աշխարհում հայտնի է ամենախորը կանիոնով (մոտ 2000 մ խորությամբ)։

Ներքին հոսք խմբագրել

Ներքին հոսքի ավազանները Հյուսիսային Ամերիկայում համեմատաբար փոքր տարածք են զբաղեցնում (Մեծ Ավազանը և Մեքսիկական բարձրավանդակի մի մասը)։

Լճեր խմբագրել

 
Մեծ Լճերը տիեզերքից

Հյուսիսային Ամերիկան հարուստ է լճերով, հատկապես՝ քաղցրահամ։ Քաղցրահամ ջրերի խոշոր ավազանը Մեծ Լճերի համակարգն է, որը բաղկացած է Վերին, Միչիգան, Հուրոն, Էրի, Օնտարիո լճերից։ Բոլորը իրար հետ կապված են գետերով, ջրանցքներով, շլյուզներով։

Մայրցամաքում կան նաև սառցադաշտային, տեկտոնա-սառցադաշտային ու մնացորդային լճեր։ Դրանցից նշանավոր են Մեծ Արջի, Մեծ Ստրկական, Աթաբասկա, Վինիպեգ, Մեծ աղի, Նիկարագուա լճերը։