Հանդիպման վայրը փոխել չի կարելի

Հանդիպման վայրը փոխել չի կարելի (ռուսերեն՝ Место встречи изменить нельзя), խորհրդային հինգմասանոց հեռուստաֆիլմ, որը նկարահանվել է 1979 թվականին, ռեժիսոր Ստանիսլավ Գովորուխինի կողմից` Վայներ եղբայրների «Գթասրտության դարաշրջանը» վեպի մոտիվներով։ Կինոնկարը պատմում է հետպատերազմյան տարիներին Մոսկվայի քրեական հետախուզության աշխատանքի մասին։ Ֆիլմի առաջին ցուցադրությունը կայացել է ԽՍՀՄ Կենտրոնական հեռուստատեսությամբ` 1979 թվականի նոյեմբերի 11-ից` 16[1][2]։

Հանդիպման վայրը փոխել չի կարելի
ռուս.՝ Место встречи изменить нельзя
Երկիր ԽՍՀՄ
Ժանրոստիկանական դրամա, հեռուստադրամա, քրեական հեռուստասերիալ, վեպի հիման վրա նկարահանված հեռուստասերիալ և առեղծվածների մասին հեռուստասերիալներ
Թեմակազմակերպված հանցագործություն
ՀիմքԳթասրտության դարաշրջանը
Թվական1979
Լեզուռուսերեն
ՌեժիսորՍտանիսլավ Գովորուխին
ՊրոդյուսերԽՍՀՄ հեռուստատեսության և ռադիոհեռարձակման պետական կոմիտե
Սցենարի հեղինակԱրկադի Վայներ և Գեորգի Վայներ
ԴերակատարներՎլադիմիր Կոնկին, Վլադիմիր Վիսոցկի, Վսևոլոդ Աբդուլով, Անդրեյ Գրադով, Նատալյա Դանիլովա, Եվգենի Լեոնով-Գլադիշև, Պավել Մախոտին, Ալեքսանդր Միլյուտին, Ալեքսեյ Միրոնով, Հենրի Օստաշևսկի, Վլադլեն Պաուլուս, Լև Պերֆիլով, Եվգենի Շուտով, Զինովի Գերդտ, Նինա Կորնիենկո, Սվետլանա Սվետլիչնայա, Նիկոլայ Սլեսարև, Նատալյա Ֆատեևա, Սերգեյ Յուրսկի, Ալեքսանդր Աբդուլով, Ալեքսանդր Բելյավսկի, Իվան Բորտնիկ, Արմեն Ջիգարխանյան, Վլադիմիր Ժարիկով, Վալերիա Զակլուննայա, Վիկտոր Պավլով, Օլեգ Սավոսին, Տատյանա Տկաչ, Նատալյա Չենչիկ, Ռուդոլֆ Մուխին, Եկատերինա Գրադովա, Լյուդմիլա Պետրովնա Դավիդովա, Եվգենի Եվստիգնեև, Լեոնիդ Կուրավլյով, Ստանիսլավ Սադալսկի, Լարիսա Ուդովիչենկո, Զոյա Վասիլկովա, Միխայիլ Ելիֆանցև, Նատալյա Կրաչկովսկայա, Նատալյա Պետրովա, Սերգեյ Մազաև, Լարիսա Գուզեևա և Լարիսա Գոլուբկինա
ՕպերատորԼեոնիդ Բուրլակա
ԵրաժշտությունԵվգենի Գևորգյան
Պատմվածքի վայրՄոսկվա
Նկարահանման վայրՄոսկվա և Օդեսա
ԿինոընկերությունՕդեսայի կինոստուդիա
Տևողություն390 րոպե
 The Meeting Place Cannot Be Changed Վիքիպահեստում

Սյուժեն խմբագրել

Կինոնկարի գործողություններն ընթանում են հետպատերազմյան Մոսկվայում` 1945 թվականի օգոստոսից նոյեմբեր ամիսներին։ Պատերազմի նախկին մասնակից Վլադիմիր Շարապովը ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի կողմից նշանակվում է աշխատանքի Մոսկվայի քրեական հետախուզության ավազակության դեմ պայքարի բաժնում։ Նշված բաժնի աշխատակիցներին, փորձառու օպերլիազոր Գլեբ Ժեգլովի գլխավորությամբ, հանձնարարված է «Սև կատու» անվանումով ավազակախմբի վերաբերյալ գործերի հետաքննությունը։ Նշված ավազակախումբը զբաղվում է ավազակային հարձակումներով, կողոպուտով և սպանություններով։

Շարապովի ծառայության անցնելու առաջին իսկ օրը, ավազակախմբի մեջ ներթափանցելու նպատակով Յարոսլավլից Մոսկվա կանչված օպերլիազոր Վասիլի Վեկշինը, գնում է նախօրոք նշանակված հանդիպման։ Քրեական հետախուզության աշխատակիցները թաքստոցից հետևում են նրան։ Երբ հանդիպման եկած ավազակը հեռանում է, Վեկշինի գործընկերները տեսնում են, որ նա սպանված է ինքնաշեն դանակով։

Զուգահեռաբար քրեական հետախույզները զբաղվում են ոմն Լարիսա Գրուզդևայի սպանության բացահայտումով։ Գլխավոր կասկածյալը նրա նախկին ամուսինն է, ում բնակարանում գտել են սպանության գործիք ատրճանակը։ Սակայն Շարապովը, վկաների ցուցմունքներում և իրեղեն ապացույցների մեջ անհամապատասխանություններ նկատելով, կասկածանքով է վերաբերվում Գրուզդևի մեղավոր լինելու հանգամանքին և ձգտում է անշահախնդիր կերպով պարզաբանել գործի հանգամանքները։

Բաժնի աշխատակիցները ահազանգով մեկնում են պահեստ, որը թալանում է ավազակախումբը։ Շարապովը այնտեղ տեսնում է ավազակներից մեկին, ով ներկայանում է որպես պատերազմի վետերան և խաբելով Շարապովին, փախչում է։

Քաղաքում համընդհանուր գործողություն իրականացնելիս, փաստաթղթերի ստուգման ժամանակ, մի կին ռեստորանից դիմում է փախուստի։ Շարապովը նրան ետ է բերում, իսկ Ժեգլովը ճանաչում է նրան։ Դա թեթև վարքով ապրող աղջիկ էր, ով հայտնի էր «Մանկա-Օբլիգացիա» մականունով։ Նրա ձեռքի վրա հայտնաբերում են սպանված Գրուզդևայի ապարանջանը։ Հարցաքննության ժամանակ քրեական հետախույզները պարզում են, որ ապարանջանը նրան նվիրել է գող-կրկնահանցագործներից մեկը, ով հայտնի է «Կոպչյոնի» մականունով։

«Կոպչյոնին» ձերբակալվում է բիլիարդի սրահում։ Նա մասնագիտացված խաղային խարդախ է և հայտնում է, որ ապարանջանը թղթախաղում հաղթելով շահել է գրպանահատ «Կիրպիչ»-ից։ Վերջինիս բռնում են տրամվայում` դրամապանակ գողանալիս և չնայած նա ազատվում է իրեղեն ապացույցից, սակայն Ժեգլովը այդ դրամապանակը թաքուն դնում է նրա գրպանը։ Հարցաքննության ժամանակ «Կիրպիչը» խոստովանում է, որ ապարանջանը Մարինա Ռոշչայում բնակվող և գողացված ապրանքների առևտրով զբաղվող «Վերկա-Մոդիստկա»-ի բնակարանում, թղթախաղում հաղթելով ստացել է ոմն Ֆոքսից։ «Վերկա-Մոդիստկա»-ի բնակարանում խուզարկություն կատարելիս, քրեական հետախույզները հայտնաբերում են Լարիսա Գրուզդևային պատկանող այլ իրեր ևս։

Շաբաթօրյակի ժամանակ Շարապովը կրկին հանդիպում է միլիցիայի կրտսեր սերժանտ Վարվառա Սինիչկինային։ Նախկինում նրանք միասին մանկատուն էին տարել լքված ու որբ մի երեխայի։ Շարապովի և Վարվառայի միջև փոխադարձ համակրանք է առաջանում և նրանք սկսում են հաճախ հանդիպել։

Այդ ընթացքում քրեական հետախույզները դարանակալում են Վերկայի բնակարանում։ Սակայն օպերլիազոր Սոլովյովի վախկոտության պատճառով Ֆոքսին հաջողվում է փախչել։ Մյուս օպերլիազորը, ծանր վիրավորվում է և արդյունքում մահանում։ Վերկան հայտնում է, որ Ֆոքսի հետ իրեն ծանոթացրել է դերձակուհի Իրինա Սոբոլևսկայան։ Նա նկարագրում է Ֆոքսի արտաքինը և Շարապովը հիշում է ավազակին, ում բաց էր թողել պահեստի թալանման ժամանակ։ Պարզվում է, որ Սոբոլևսկայան և Գրուզդևան ընկերուհիներ էին, իսկ Ֆոքսը Սոբոլևսկայայի սիրեկանն էր և «լքելով» վերջինիս, տեղափոխվել էր Գրուզդևայի մոտ։ Շարապովը վերստուգում է Գրուզդևի դեմ հանդես բերված փաստերը և ապացուցում նրա անմեղությունը։

Սոբոլևսկայան հայտնում է, որ Ֆոքսը ծանոթ է օրենքով գող, «Ռուչեչնիկ» մականունով Պյոտր Ռուչնիկովի հետ։ Ժեգլովն ու Շարապովը թատրոնում բռնում են «Ռուչեչնիկ»-ին և նրա ընկերուհի Սվետլանա Վոլոկուշինային` այն բանից հետո, երբ «Ռուչեչնիկ»-ը գողանում է անգլիական դեսպանության աշխատակցի համարանիշը, իսկ Վոլոկուշինան այդ համարանիշով ստանում է օտարերկրացու կնոջ մուշտակը։ Այնուհետև Վոլոկուշինային օգտագործում են «Աստորիա» ռեստորանում Ֆոքսին հանդիպման կանչելու համար։

Քրեական հետախույզները դարանակալում են ռեստորանում։ Ֆոքսը վտանգը կանխազգալով, կոտրում է պատուհանը և փախչում իրեն սպասող բեռնատար ավտոմեքենայով։ Նրան հետապնդելու ժամանակ փոխհրաձգություն է սկսվում, որի ընթացքում Ժեգլովը սպանում է փախչող բեռնատարի վարորդին։ Ավտոմեքենան կամրջից ցած է ընկնում ջուրը, իսկ այնտեղից դուրս եկած Ֆոքսին ձերբակալում են։ Դակտիլոսկոպիայի միջոցով մատնահետքեր վերցնելուց հետո պարզվում է, որ սպանված վարորդը այն նույն ավազակն էր, ով սպանել էր Վեկշինին։

Հարցաքննության ժամանակ Շարապովը խորամանկորեն ստիպում է Ֆոքսին, գրություն գրել իր սիրուհի Անյային, որով քրեական հետախույզները որոշում են ավազակախմբին փոխանցել Ֆոքսին «ազատելու ծրագիրը»։ Ժեգլովն ու Շարապովը փորձում են ջրի երես հանել հնարավոր Անյային։ Շարապովը պատրաստ է ներթափանցել ավազակախմբի մեջ, բայց Ժեգլովը իր ղեկավարից այդ առումով ստանում է խիստ հրաման և արգելում է Շարապովին դա անել։

«Ռուչեչնիկի» նոթատետրից հայտնաբերված հեռախոսահամարին զանգահարելով, Շարապովը հանդիպում է նշանակում Անյային։ Սակայն հանդիպման վայր է գալիս «կեղծ» Անյան։ Վերջինս հանդիպման այլ վայր է նշանակում։ Երկրորդ հանդիպմանը ներկայանում է իսկական Անյան։ Ավազակները առևանգում են Շարապովին և տանում քաղաքից դուրս գտնվող իրենց «որջը»։ Քրեական հետախույզները փորձում են հետապնդել նրանց, սակայն արդյունքի չեն հասնում։

Ավազակները կասկածում են Շարապովին և սպառնում հաշվեհարդար տեսնել։ «Գորբատի» մականունով ավազակախմբի պարագլուխ Կարպի հետ զրույցի ժամանակ, մեծ դժվարությամբ Շարապովին հաջողվում է համոզել նրան, որ ինքը կապ չունի քրեական հետախուզության հետ։ Այդ ժամանակ քիչ էր մնում տապալվեր Շարապովի հնարած լեգենդն այն մասին, որ ինքը վարորդ է աշխատում։ «Գորբատիի» սիրուհուն կասկած են հարուցում Շարապովի չափից դուրս «մտավորականի» ձեռքերը։ Շարապովին ոչինչ չի մնում անելու և նա փորձում է իրեն ներկայացնել որպես ռեստորանում աշխատող երաժիշտի։ Նա վարպետորեն դաշնամուրի վրա կատարում է Շոպենի էտյուդը, իսկ հետո «Պրոմոկաշկա» մականունով գողի առաջարկով, նաև հայտնի «Մուռկա» երգի երաժշտությունը։ Արդյունքում ավազակները հավատում են, որ հյուրը «իրենց մարդն է»։ «Գորբատին» որոշում է կայացնում օգնել Ֆոքսին, բայց զգուշացնում է, որ Ֆոքսի ուղարկած մարդը պետք է ուղևորվի իրենց հետ։

Ավազակախմբում Շարապովը անսպասելիորեն հանդիպում է Լևչենկո ազգանունով իր նախկին մարտական ընկերոջը, ով պատերազմի տարիներին Շարապովի ենթականերից էր։ Լևչենկոն չի մատնում իր նախկին հրամանատարին և նույնիսկ օգնում է նրան «արդարանալու»` ավազակների մոտ։

Այդ ընթացքում Ժեգլովը որոշում է շարունակել գործողությունը և դարան է կազմակերպում խանութում` այնտեղ տեղափոխելով Ֆոքսին։ Ավազակների հետ նկուղ իջնելով, Շարապովը դռներից մեկի վրա նկատում է Վարվառայի լուսանկարը և հասկանում, որ իր ընկերները դրանով իրեն նշան են արել` թաքնվել այդ սենյակում։

Ժեգլովը բարձրախոսով ավազակներին առաջարկում է հանձնվել, զգուշացնելով, որ հակառակ դեպքում, հաշվի առնելով իրենց ավազակախմբի վտանգավորությունը, ինքը հրահանգավորված է նրանց տեղում գնդակահարելու։ Ավազակները տեսնելով, որ այլ ելք չկա, որոշում են հանձնվել։ Լևչենկոն, չցանկանալով կրկին բանտում հայտնվել, փորձում է փախչել։ Ժեգլովը ստիպված սպանում է նրան։

Շարապովը, ընկճված իր հին ընկերոջ մահից, խնդրում է իրեն տեղափոխել այն ծննդատունը, ուր Վարվառայի հետ նրանք տարել էին որբ երեխային։ Սակայն այնտեղ հայտնում են, որ երեխային արդեն որդեգրել են։ Այնուհետև նա գնում է Վարվառայի բնակարան և տեսնում, որ նա է որդեգրել երեխային։ Սա սյուժեի հիմնական տարբերությունն է վեպից։ Գրքում Ժեգլովը սպանում է Լևչենկոյին, որից հետո Շարապովը հրաժարվում է նրա հետ աշխատելուց և տեղեկանում է, որ Վարվառան զոհվել է։

Դերասանական կազմ խմբագրել

Դերակատար Կերպար
Վլադիմիր Վիսոցկի Գլեբ Ժեգլով
Վլադիմիր Կոնկին Վլադիմիր Շարապով
Վսևոլոդ Աբդուլով Պյոտր Սոլովյով
Անդրեյ Գրադով Նիկոլայ Տարասկին
Ալեքսանդր Միլյուտին Իվան Պասյուկ
Լև Պերֆիլով Գրիգորի Ուշիվին
Ալեքսեյ Միրոնով Կոպիտին
Նատալյա Դանիլովա Վարվառա Սինիչկինա
Եվգենի Շուտով Սերգեյ Պանկով
Զինովի Գերդտ Միխայիլ Բոմզե
Սերգեյ Յուրսկի Իվան Գրուզդև
Սվետլանա Սվետլիչնայա Նադյա
Նատալյա Ֆատեևա Ինգրիդ Սոբոլևսկայա
Արմեն Ջիգարխանյան Կարպ` «Գորբատի»
Ալեքսանդր Բելյավսկի Եվգենի Ֆոքս
Տատյանա Տկաչ Աննա Դյաչկովա
Վիկտոր Պավլով Լևչենկո
Իվան Բորտնիկ գող` «Պրոմոկաշկա»
Եվգենի Եվստիգնեև Պյոտր Ռուչնիկով` «Ռուչեչնիկ»
Եկատերինա Գրադովա Սվետլանա Վոլոկուշինա
Լեոնիդ Կուրավլյով գող` «Կոպչյոնի»
Լյուդմիլա Դավիդովա «Վերկա-Մոդիստկա»
Ստանիսլավ Սադալսկի գրպանահատ` «Կիրպիչ»
Լարիսա Ուդովիչենկո «Մանկա-Օբլիգացիա»
Ալեքսանդր Աբդուլով հացատարի վարորդ
Վալերիա Զակլուննայա Կլավդիա` «Գորբատիի» ընկերուհին

Նկարահանող խումբ խմբագրել

Կինոգործիչ Ներդրումը
Գեորգի Վայներ, Արկադի Վայներ սցենարիստ
Ստանիսլավ Գովորուխին ռեժիսոր
Լեոնիդ Բուռլակա օպերատոր
Եվգենի Գևորգյան կոմպոզիտոր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Телевидение с 5 по 11 ноября // Правда : газета. — 1979. — № 307 (22372). — С. 6.
  2. Телевидение с 12 по 18 ноября // Правда : газета. — 1979. — № 314 (22379). — С. 6.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հանդիպման վայրը փոխել չի կարելի» հոդվածին։