Հայ-շվեդական առնչությունները սկիզբ են առել վաղ միջնադարից։ Շվեդիայում հայտնաբերված մի շարք հնություններ, շվեդ մասնագետների կարծիքով, Սկանդինավիա են հասել հայկական Պարտավ (Բարդա) քաղաքից (Ուտիքի նահանգ)։

Հայաստանի դեսպանությունը Ստոկհոլմում

Հայերի բնակեցումը Շվեդիայում տեղի է ունեցել տարերայնորեն. եկել են Ռուսաստանից, Թուրքիայից, Մերձավոր Արևելքից։ Շվեդահայ համայնքը կազմավորվել է 1970-ական թվականներին՝ Լիբանանից, Պաղեստինից, Սիրիայից, Իրանից գաղթած հայերով։ Ներկայումս հայերի թիվը Շվեդիայում մոտ 13 հզ. է, որից 7-8 հզ-ը բնակվում է Ստոկհոլմում և Ուփսալայում։ Հայերի թվի ստվարացմանը զուգընթաց ձևավորվել է համայնքի ազգային կյանքը։

1974 թ-ին Ստոկհոլմում հիմնվել է շվեդահայ անդրանիկ կազմակերպությունը՝ Հայ մշակութային միությունը։ Հետագայում ևս ստեղծվել են հայկական տարբեր ընկերություններ և միություններ (Ուփսալայի հայ մշակութային, Հայ-շվեդական, «Րաֆֆի», «Արարատ» և այլն)։ Գործում են երգչախմբեր, գրական խմբակներ, գեղագիտական դաստիարակության կենտրոններ։ Աշխույժ է հայ առաքելական եկեղեցու գործունեությունը։ Գործում է Հայ Առաքելական մեկ եկեղեցի և մեկ մատուռ։

Շվեդիայում գործող օրենքի համաձայն՝ երկրի ազգային փոքրամասնությունների, այդ թվում և հայերի երեխաներին ընձեռված է պետական դպրոցներում մայրենի լեզու սովորելու հնարավորություն։ Կան նաև մշակութային միություններին կից գործող շաբաթօրյա դպրոցներ։ 1910–20-ական թվականներին Շվեդիայում լույս են տեսել Հայկական հարցին և Հայոց ցեղասպանությանը նվիրված տասնյակ հրատարակություններ։ 2010 թ-ին Շվեդիայի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Շվեդ ճանաչված կինոռեժիսոր Փ. Հոլմքվիաթը նկարահանել է «Վերադարձ դեպի Արարատ» վավերագրական կինոնկարը։

Տես նաև խմբագրել