Դավիթ Բաբայանց

հայ օպերային երգիչ

Դավիթ Բաբայանց, հայ օպերային երգիչ (բարիտոն)։

Դավիթ Բաբայանց
Ծնվել էԵրևան, Հայաստան
Մասնագիտությունօպերային երգիչ
Երգչաձայնբարիտոն
Գործիքներվոկալ
ԱշխատավայրԱլեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն
ԿրթությունՀայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Կենսագրություն խմբագրել

Դավիթ Բաբայանցը ծնվել է Երևանում։ Սովորել է Երևանի Գեղարվեստի ակադեմիայում, այնուհետև շարունակել է ուսումը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ Կոնստանտին Սիմոնյանի դասարանում։ Վերապատրաստվել է Իտալիայում՝ Պեսսարոյի «Տեբալդի-Դել Մոնակո» և «Ռոսսինիանա» ակադեմիաներում։ 2005 թվականից՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենակատար։ Հանդես է գալիս իտալական, հայկական, ռուսական խաղացանկի առաջատար դերերում[1]։

2011 թվականին մասնակցել է Իտալիայի Բուսսետո քաղաքում անցկացվող «Վերդիական ձայներ» միջազգային մրցույթին, որտեղ ճանաչվել է լավագույն բարիտոն։ Մրցույթից հետո հրավիրել են մասնակցելու Վերդիի տան առջև բեմադրված «Տրավիատա» ներկայացմանը։ Նույն թվականին Իտալիայի Վերոնա քաղաքում արվեստների ինստիտուտի միջազգային մրցույթում ճանաչվել է հաղթող[1]։

2012 թվականին Վերոնայի «Տեատրո ֆիլարմոնիկո»-ի կողմից հրավեր է ստացել մասնակցելու «Աիդա» օպերայի համերգային կատարմանը։ Կանադայի Տորոնտո քաղաքում Պուչինիի «Տոսկա» օպերայում կատարել է Սկարպիայի դերերգը։ Հաջորդ տարի՝ 2013 թվականին, մասնակցել է Արենա դի Վերոնայի հոբելյանական 100-րդ թատերաշրջանի «Տրավիատա» ներկայացմանը՝ կատարելով Ժերմոնի դերերգը։ Պլասիդո Դոմինգոյի հետ մասնակցել է նաև «Վերդի-Վագներ» գալահամերգին՝ Դանիել Հարդինգի ղեկավարությամբ։ Հանդես է եկել «Օպերա սառւյցի վրա» համերգ-շոուում[1]։

2014 թվականին Վերոնայի Տեատրո Ֆիլհարմոնիկոյում կատարել է Պուչինիի «Մեսսա դի Գլորիա»-ն։ Ղեկավար` Ջիանլուկա Մարտինենգի։ Մասնակցել է Իտալիայի «Արենա դի Վերոնա 100+1» փառատոնին` հանդես գալով Վերդիի «Աիդա» օպերայում։ Ղեկավար` Յուլիան Կովաչև։ Մասնակցել է նաև Պիեռ Լուիջի Պիցցիի բեմադրած Վերդիի «Դիմակահանդես-պարահանդես» օպերային ներկայացմանը (ղեկավար՝ Անդրեա Բատտիստոնի), «Մադամ Բատերֆլայ» ներկայացմանը (ղեկավար՝ Մարկո Արմիլիատո)[1]։

2015 թվականին Վերոնայի Տեատրո Ֆիլհարմոնիկոյում մասնակցել է «Տրավիատա» ներկայացմանը (ռեժիսոր` Հեննինգ Բրոքկհաուս)։ Նույն թվականի ամռանը հրավիրվել է Սիցիլիա՝ «Պալերմո կլասսիկա» միջազգային փառատոնի բացման գալա համերգին[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Դավիթ Բաբայանց». opera.am (ամհարերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 5-ին.(չաշխատող հղում)