Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սիցիլիա (այլ կիրառումներ)

Սիցիլիա (իտալ.՝ Sicilia), Միջերկրական ծովում գտնվող տարածքով ամենամեծ կղզին (25,708 կմ²)։ Համարվում է Իտալիայի վարչական տարածաշրջան, իսկ նրա մոտակայքում գտնվող մի քանի փոքր կղզյակները համարվում են Սիցիլիայի մասը։ Սիցիլիայի բնակչության թիվը շուրջ 5 միլիոն մարդ է։

Սիցիլիա
Տեսակկղզի
Երկիր Իտալիա
Վարչատարածքային միավորՍիցիլիա
Մակերես25 662 կմ²
Ամենաբարձր կետըԷտնա
Բնակչություն5 050 000 մարդ
Քարտեզ
Քարտեզ
Սիցիլիայի տեղագրությունը (տոպոգրաֆիա)
Եվրոպայի խոշորագույն ակտիվ հրաբուխը` Էտնա լեռը

Իր պատմության ընթացքում ունեցել է կարևոր ռազմավարական նշանակություն՝ Միջերկրական ծովի առևտրային ուղիների խաչմերուկի վրա բարենպաստ դիրքի շնորհիվ։ Ներկայումս Սիցիլիան հանդիսանում է Իտալիայի ինքնավար տարածաշրջաններից մեկը։

Աշխարհագրական դիրք խմբագրել

Սիցիլիան տարածքով Իտալիայի ամենամեծ տարածաշրջանն է։ Այն ամբողջությամբ գտնվում է կղզիների վրա և տարածքի 98 %-ը կազմում է միայն Սիցիլիա կղզին, որը մայրցամաքային Իտալիայից բաժանվում է Մեսինայի նեղուցով։ Սիցիլիայի ռելիեֆը լեռնային է։ Կան մի քանի լեռնաշղթաներ, որոնցից ամենամեծը Սիցիլիական Ապենիններն են։ Սարահարթերն ու դաշտերը կազմում են ընդհանուր մակերեսի միայն 14 %-ը։ Ափի երկարությունը կազմում է մոտ 1000 կմ և հյուսիսում ունի քարքարոտ բնույթ, իսկ հարավում՝ ավազոտ բնույթ։ Խոշոր գետերն են Սալսոն (144 կմ) և Սիմետոն (113 կմ)։

Կլիմա խմբագրել

Կլիման տիպիկ միջերկրածովային է՝ շոգ ամառներով և կարճ ու մեղմ ձմեռներով։ Արևային ժամերի թիվը տարվա ընթացքում հասնում է 2500, այն դեպքում երբ մայրցամաքային Իտալիայում 2000 է։ Տեղումների մեծ մասը թափվում է ձմռան ամիսներին՝ հոկտեմբերից մարտ ամիսների ընթացքում։ Ամենաբարձր ջերմաստիճանը հուլիս և օգոստոս ամիսներին է՝ միջինում +26 °C, իսկ ամենացածրը +10°-ից +14 °C՝ դեկտեմբերին և փետրվարին։ Ջրի ջերմաստիճանը +16 °C է ձմռանը և +27 °C ամռանը։

Տնտեսություն խմբագրել

Սիցիլիան Իտալիայի համեմատաբար քիչ զարգացած շրջաններից է։ Կղզու տնտեսությունը պահպանում է հետամնաց ագրարային վիճակը։ Սիցիլիայի համախառն ներքին արդյունքը կազմում է 5.6%` 82 միլիոն Եվրո։ Համախառն ներքին արդյունքը մեկ շնչի հաշվով կազմում է 16 500 Եվրո։ Համախառն ներքին արդյունքով Սիցիլիան զբաղեցնում է 17-րդ տեղը Իտալիայում։

Արդյունաբերություն խմբագրել

1950-70-ական թվականներին այստեղ առաջացան արդյունաբերական նշանակալի կենտրոններ։ 1973 թվականին արդյունաբերության մեջ զբաղված էր տնտեսապես ակտիվ բնակչության 30.6% - ը, իսկ գյուղատնտեսության մեջ` 27,2 % - ը։ Արդյունաբերության ավանդական ճյուղերն են՝ ծծմբի, շինարարական քարերի, ծովի աղի հանքարդյունաբերությունը։ Արդյունաբերության նոր ճյուղերից են՝ կալիումական աղերի, նավթի և բնական գազի արդյունաբերությունները։

Գյուղատնտեսություն խմբագրել

Սիցիլիայում 650,000 հա հող հատկացվել է գյուղատնտեսությանը։ Ջրամատակարարման անկայունությունը չի խանգարում գյուղատնտեսությանը լինել տարածաշրջանի ամենակարևոր տնտեսական ռեսուրսներից մեկը։ Շատ կարևոր է հացահատիկի արտադրությունը, հատկապես ցորենի, որը օգտագործվում է մակարոնեղենի պատրաստման մեջ։ Կղզին հայտնի էր մակարոնեղենի արտադրությամբ դեռևս հռոմեացիների ժամանակներից և այն անվանում էին «Հռոմեական ամբար»։ Մեծ քանակությամբ աճեցվում է ձիթապտուղ, որն ապահովում է բարձր որակի ձիթապտղի յուղի արտադրությունը։ Տնտեսապես կարևոր է էկզոտիկ մրգերի՝ հատկապես կիվիի և մանգոյի աճեցումը։ Բացի այդ, Սիցիլիայի կլիման հնարավորություն է տալիս աճեցնել բանան, պիստակներ և նուշ։

Ձկնորսություն խմբագրել

Ձկնորսությունը Սիցիլիայի արժեքավոր ռեսուրսներից է։ Կղզում կան բազմաթիվ խոշոր ձկնորսության կենտրոններ։ Ձկնորսական արդյունաբերության հիմքն են կազմում սարդինան, թյուննոսը, սկումբրիան, ավելի կոնկրետ տիպիկ Միջերկրածովյան կապույտ ձուկը։

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիցիլիա» հոդվածին։