Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դաշտադեմ (այլ կիրառումներ)
Դաշտադեմի ամրոց
Նկարագրություն
ՏեսակԲազա ռազմական և ամրոց
Հասցե2 կմ հվ-ամ[1]
Վարչական միավորԴաշտադեմ
Երկիր Հայաստան[1]
Քարտեզ
Քարտեզ
 Dashtadem fortress Վիքիպահեստում

Դաշտադեմի ամրոց, նախկինում՝ Ներքին Թալին, 11-20-րդ դարերի ամրոց Հայաստանի Արագածոտնի մարզի Դաշտադեմ գյուղում՝ նրա հարավային եզրին։ Տեղակայված է Արտենի լեռան հարավարևելյան կողմում տարածվող լայնարձակ սարահարթի վրա։

Պատմություն խմբագրել

Դաշտադեմի ամրոցը Հայաստանի ամրաշինական համակարգի եզակի համալիրներից մեկն է։ Բաղկացած է միջնադարյան դղյակից, որն, իր հերթին, պարփակված է 19-րդ դարի սկզբին կառուցված արտաքին մեծ պարսպով։ Ամրոցից դուրս՝ հարավային կողմում, տարածվում է միջնադարյան գյուղատեղին՝ բնակելի և արտադրական համալիրներով, գերեզմանոցներով և առանձին կանգնեցված խաչքարերով։

 
Դաշտադեմի միջնադարյան դղյակը

Ամրոցի հիմնադրման և պատմության վերաբերյալ գրավոր սկզբնաղբյուրները սակավաթիվ են։ Առաջին թվակիր աղբյուրը միջնաբերդի հարավարևմտյան աշտարակի վրա պահպանված արաբերեն արձանագրությունն է, որի համաձայն՝ Սուլթան իբն Մահմուդ իբն Շավուր Շադդադյանը 1174 թվականի սեպտեմբերին հիմնում է այս շինությունը[2]։

Երկրորդ առանցքային սկզբնաղբյուրը 1307 թ. հայերեն արձանագրությունն է, որի համաձայն՝ Աղպուղա Զաքարյանը ազատում է իր Թալին գյուղը գինու հարկից[3]։ Մեկ տասնյակից ավել վիմագրերի բեկորներ ի հայտ են եկել 2015 և 2018 թվականների պեղումներով[4]։

Երկար տարիներ հանրային լայն շրջանակներում տարածված է եղել այն տեսակետը, որ ամրոցը հիմնադրվել է ուրարտական ամրոցի տեղում, Կամսարականների օրոք[5]։ Ամրոցի միջնադարյան դղյակի տարածքում իրականացված լայնածավալ պեղումներով որևէ փաստական տվյալ չի հայտնաբերվել՝ ամրապնդելու այդ տեսակետը[3]։

Եվս մի շփոթմունք կապված է ամրոցի շուրջ տարածվող միջնադարյան բնակատեղիի անվան հետ։ Տարածված է ամրոցն անվանել նաև Քաղենիի ամրոց։ Սա հիմնված է 10-րդ դարի պատմիչ Հովհաննես Դրասխանակերտցու հիշատակած այն իրադարձության հետ, երբ 8-րդ դարի վերջին քառորդում արաբների կողմից իրականացվում է հայերի դաժան կոտորածը, որը պատմության մեջ հայտնի է որպես Թալինի կոտորած. "Յաւուրս սորա եղև կոտորումն Քաղինոյ և Արենոյ և գիւղաքաղաքին Թալնայ, յորում սպանան ոգիք իբրև եօթն հարիւր և գերեցան հազար երկերիւր"[6]։

Իրադարձությանը ականատես 8-րդ դարի պատմիչ Ղևոնդը, սակայն, տվյալ իրադարձությունը նկարագրելիս Թալինի հետ միասին հիշատակում է․ "Իսկ տաճկաց զորքերը, որոնք Դվին քաղաքում էին, դուրս գալով՝ ասպատակում էին շրջակա գավառները, ավարի էին տալիս և արյուն թափում Պտղունք, Թալին, Կողբ գյուղերում և այլ բազում տեղերում սուրը գործի դնելով շատերին դիաթավալ էին թողնում"[7]։ Դաշտադեմի ամրոցում հայտնաբերված երեք վիմագրերում[4], այդ թվում՝ Աղպուղա Զաքարյանի արձանագրության մեջ[3], ինչպես նաև Քրիստափորի վանքի պատերին պահպանված արձանագրություններում[8], բնակատեղին կոչվում է Թալին։

Պեղումները խմբագրել

Դաշտադեմի ամրոցը դեռևս 19-րդ դարից եղել է հայ ճարտարապետության պատմության ուսումնասիրողների ուշադրության կենտրոնում։ 19-րդ դարի վերջին այն այցելել և նկարագրել են Հովհաննես Շահխաթունեանցը[9] և ճարտարապետ Թորոս Թորամանյանը[10]։ Դաշտադեմի ամրոցը, նրանից հարավ գտնվող Սուրբ Քրիստափորի վանքը և շրջակա բնակատեղին նկարագրել է հնագետ Հովսեփ Եղիազարյանը դեպի Թալին կատարած գիտարշավի շրջանակներում[8]։ Դաշտադեմի դղյակում առաջին անգամ պեղումներն իրականացվել են 1989-1990 թթ․՝ հնագետ Եսայի Ասատրյանի ղեկավարությամբ[11]։ 2000-ական թթ․ որոշակի ընդհատումներով պեղումներ են կատարվել դղյակի վերականգնողական աշխատանքների շրջանակում։ 2015 թվականից սկսած դղյակի տարածքում սիստեմատիկ պեղումներ է իրականացնում Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախումբը։

Միջնադարյան դղյակը XII-XIV դարերում խմբագրել

 
Դաշտադեմի միջնադարյան դղյակի օդալուսանկարը

Դղյակում իրականացված պեղումների արդյունքում վավերացվել են 12-20-րդ դարերի ընդգրկող երեք մշակութային շերտեր՝ 12-14-րդ դարեր, 15-18-րդ դարեր՝ վերակառուցումների բազմաթիվ հետքերով, և 19-20-րդ դարեր[12]։ Զաքարյան իշխանական տան գործունեության շրջանը Դաշտադեմի ողջ համալիրի պատմության ու ճարտարապետության ամենաակնառու փուլն է, երբ այն, հավանաբար, եղել է Զաքարյանների նստավայրերից մեկը Արագածոտնում։ Գտնվելով Դվին-Անի ճանապարհի վրա՝ միաժամանակ վերահսկել է այդ ճանապարհի անվտանգությունը։ Դղյակից 3 կմ հյուսիս պահպանվել է 12-րդ դարի Թալինի քարավանատան ավերակները։

Մոնղոլական արշավանքների արդյունքում, թեև Զաքարյանները թողել են տարածքը, սակայն ամրոցի պատմության հաջորդ փուլում շարունակվել է ինտենսիվ բնակեցումը։

Ամրոցը 19-20-րդ դարերում խմբագրել

1812 թվականին Երևանի վերջին սարդար Հուսեյն Ղուլի խանը ձեռնարկել է արտաքին մեծ պարսպի և պետական պահանջմունքների համար այլ կառույցների ու ամբարների շինարարությունը[13]։ Ռազմական հենակետ դառնալով ռուս-պարսկական բախումների ժամանակ՝ 19-րդ դարում ամրոցն իրականացրել է դեպի Շիրակ գնացող ճանապարհի վերահսկողությունը։ 20-րդ դարի ամրոցի տեղում հաստատվել են Արևմտյան Հայաստանից Մեծ եղեռնի հետևանքով գաղթյալ բնակչությունը։ Ամրոցի տարածքում բնակեցումը շարունակվել է ընդհուպ մինչև 21-րդ դարի սկիզբ։

Համալիրի տարածքը ժամանակակից տներից վերջնականապես ազատվել է 2015 թվականին, երբ ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը ձեռնարկել է Դաշտադեմի ամրոցի պահպանության և վերականգնման նախագիծը։

Ճարտարապետություն խմբագրել

Միջնադարյան դղյակը բաղկացած է միջնաբերդից և շրջապարսպից, որոնց միջև ստեղծված ներքին բակի տարբեր հատվածներում տեղակայված են պալատական միանավ եկեղեցին, աշխարհիկ մոնումենտալ շենքերը, ստորգետնյա ջրամբարները, տնտեսական նշանակության այլ կառույցներ[14]։

Միջնաբերդ խմբագրել

 

Համալիրի կորիզը բազմանիստ և կիսակլոր աշտարակներով համալրված միջնաբերդն է, որի գլխավոր կառույցը ուղղանկյուն հատակագծով թաղակապ շինությունն է։ Միակ մուտքը հարավային կողմում է, որը փակվել է քարե դռնով։ Կառույցի ներսում՝ հարավարևելյան պատի կենտրոնում տեղադրված մուտքից սկսվող միջանցքը և նեղ ոլորապտույտ աստիճանները տանում են դեպի միջնաբերդի աստիճանաձև տանիք։ Տանիքի կենտրոնում՝ երկայնական ուղղությամբ երեք լուսահորեր են բացված՝ ներքին լուսավորությունն ապահովելու համար։ Թաղակապ կառույցի ներսում պահպանվել է գաղտնուղին։ Միջնաբերդի նիստավոր և պայտաձև աշտարակներում տեղակայվել են բնակելի հարկաբաժինները, որոնց մուտքերը բացվում են տանիքից, իսկ կիսակլորները ծառայել են պաշտպանական կամ օժանդակ նպատակների։

Շրջապարիսպ խմբագրել

Անկանոն բազմանկյուն հատակագծով շրջապարիսպը` 11 կիսակլոր աշտարակներով և 2 դարպասներով, ընդգրկում է 2500 քմ տարածք։ Աշտարակների մի մասն ունի միկողմանի կամ երկկողմանի սանդուղքներ։ Դղյակի գլխավոր կամարակապ դարպասը հարավային կողմում է։ Այն ներքուստ ունի փոքր թաղակապ սրահ։

 
Դաշտադեմ․ պալատական եկեղեցի

Պալատական եկեղեցի խմբագրել

Եկեղեցին 1989 թվականի պեղումներով բացվել է շրջապարսպի հյուսիսարևելյան կողմում։ Այն արտաքին պատերի մեջ ներգծված կիսաբոլորաձև աբսիդով միանավ թաղակապ կառույց է։ Ունի երկու մուտք՝ արևմտյան և հարավային ճակատներում։ Հարավային մուտքն արտաքին սրահաձև շքամուտք է ունեցել։

Աշխարհիկ շենքեր խմբագրել

13-14-րդ դարերին բնորոշ երկու մոնումենտալ շենքերից մեկը քառասյուն, մոտավորապես քառակուսի հատակագծով հանդիսավոր դահլիճ է, որի միայն հիմնապատերն են պահպանվել։

Հարավային շրջապարսպին կից երկրորդ աշխարհիկ կառույցը 15-18-րդ դարերի կառուցապատումների և վերաբնակեցումների հետևանքով բազմաթիվ փոփոխություններ է կրել։ Այն երկարաձգված ուղղանկյուն շենք է, որը հավանաբար ծառայել է որպես սեղանատուն։

 
Դաշտադեմ․ ստորգետնյա ջրամբար

Ջրամբար և ջրատար խմբագրել

Միջնադարյան դղյակի բնակչությանը խմելու ջրով ապահովելու համար կառուցվել է ջրամատակարարման համակարգ՝ ստորգետնյա ջրամբարներով և ջրատարով, որոնք տեղակայված են դղյակի հյուսիսարևելյան հատվածում։

Արտաքին պարիսպ խմբագրել

Բազմանկյուն հատակագծով պարսպապատը կառուցվել է կոպտատաշ տեղական կարծր տուֆով, մասամբ բազալտով և կավաբետոնի շաղախով։ Այն ուժեղացված է յոթ սրածայր, քառանիստ և մեկ կիսակլոր աշտարակներով։ Ամրոցի գլխավոր մուտքը հյուսիսից է։ Արտաքին պարսպապատն ունի գաղտնի միջանցք, որը դուրս է գալիս դեպի արևմտյան կողմի ձորակը։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

  Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 2.35/1


Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. Хачатрян, А.А․ (1987). Корпус арабских надписей Армении (VIII – XVI вв.). Ереван: Изд. АН АрмССР. էջ 46.
  3. 3,0 3,1 3,2 Babajanyan A., Aghaian S., Davtyan D., Melkonyan H. (2021). A View on Life in the Medieval Fortress at Dashtadem: Results of the 2015 and 2018 Excavation Campaigns, in Avetisyan P., Bobokhyan A. (eds), “Archaeology of Armenia in Regional Context”. Yerevan: Publishing House of the Institute of Archaeology and Ethnography. էջեր 374, fig. 5.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  4. 4,0 4,1 Melkonyan H., Babajanyan A., Harutyunyan A., Davtyan D., Aghaian S. (https://www.academia.edu/39862179/The_excavations_of_Dashtadem_fortress_preliminary_report_on_2015_fieldwork_activity). «The Excavations of Dashtadem Fortress: Preliminary Report of 2015 Fieldwork Activity». Aramazd: Armenian Journal of Near Eastern Studies, N11/1-2. {{cite journal}}: External link in |date= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  5. «Դաշտադեմի ամրոց-համալիր».
  6. Հովհաննես Դրասխանակերտցի (1996). Հայոց պատմություն. Երևան: Երևանի համալսարան. էջեր 110–111.
  7. Ղևոնդ (1982). Պատմություն. Երևան: Սովետական գրող. էջ 116.
  8. 8,0 8,1 Եղիազարյան Հ․ (https://arar.sci.am/dlibra/publication/265701). «Ներքին Թալին գյուղի Ս. Քրիստափորի վանքը, նրա վիմագիր արձանագրությունները և գյուղի մյուս հուշարձանները». Էջմիածին. {{cite journal}}: External link in |date= (օգնություն)
  9. Շահխաթունեանց Յ. եպս. (2014). Ստորագրութիւն Կաթուղիկէ Էջմիածնի եւ հինգ գաւառացն Արարատայ. Էջմիածին: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին. էջեր 240–243.
  10. Թորամանյան Թ. (1948). Նյութեր հայկական ճարտարապետության պատմության, հտ. 2. Երևան: ՀՍՍՌ ԳԱ հրատարակչություն. էջեր 130, 251–252.
  11. Ասատրյան Ե. (1991). Դաշտադեմի ամրոցի 1989 – 1990 թթ. պեղումների արդյունքները. Երևան: Դաշտային հնագիտական աաշխատանքների արդյունքներին նվիրված գիտական նստաշրջան 1989-1990. էջեր 113–114.
  12. Babajanyan A., Aghaian S., Davtyan D., Melkonyan H. (2021). A View on Life in the Medieval Fortress at Dashtadem: Results of the 2015 and 2018 Excavation Campaigns, in Avetisyan P., Bobokhyan A. (eds), “Archaeology of Armenia in Regional Context”. Yerevan: “Publishing House of the Institute of Archaeology and Ethnography”. էջեր 377–379.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  13. Շահխաթունեանց Յ. եպս. (2014). Ստորագրութիւն Կաթուղիկէ Էջմիածնի եւ հինգ գաւառացն Արարատայ. Էջմիածին: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին. էջ 242.
  14. Բաբաջանյան Ա., Աղայան Ս. (https://arar.sci.am/dlibra/publication/353168/edition/325393). «Դաշտադեմի միջնադարյան դղյակի ճարտարապետությունը». Լրաբեր հասարակական գիտությունների. {{cite journal}}: External link in |date= (օգնություն)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դաշտադեմի ամրոց» հոդվածին։