Թալինի քարավանատուն, քարավանատուն Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Արագածոտն գավառում։ Ավերակները պահպանվել են Հայաստանի Թալինի շրջանում, Թալին-Դաշտադեմ ավտոճանապարհի վրա։ Ունի քառանկյունի հատակագիծ, 73 մ երկարությամբ, 37 մ լայնությամբ։ Կառուցվել է 12-13-րդ դարերում սև, գորշ և կարմրավուն, սրբատաշ տուֆից, կրաշաղախով։ Իջևանատունը կառուցել են Զաքարյանները, որը նշանավոր տարանցիկ առևտրի կենտրոն է դառնում Դվինից Անի տանող ճանապարհին։ Իջևանատունը գտնվում էր նշանավոր Մետաքսի առևտրական ճանապարհի վրա։ Մետաքսի ճանապարհը ձգվում էր Չինաստանից, Հնդկաստանից մինչև Փոքր Ասիա ընկած հատվածը։ Այդ ճանապարհի մի մասն էլ անցնում էր Թալինով։ Թալինի իջևանատունը Մեծ Հայքի ամենամեծ իջևանատներից էր, գտնվում էր Անիից մեկ օրվա ճանապարհի վրա։ Թ. Թորամանյանը գրում է, որ քարավանատունը գտնվում էր «Հին և Նոր Թալինների ճանապարհի միջին կետի վրա»։ Այն ուներ երկու հյուրատուն-սրահների միջև մեծ բակ-վաճառանոց, կարող էր տեղավորել մինչև 300 ուղտերով քարավաններ։ Հենց իջևանատան բակում էլ եկած քարավանները կազմակերպում էին տոնավաճառներ։ Դա շուկա էր նաև Թալինի բնակիչների գյուղատնտեսական արտադրանքի համար։ Պահպանվել է շինության չնչին մասը միայն[2]։ Ժողովրդի շրջանում իջևանատունը կոչվել է Դևեքի քարվանսարա անունով, այսինքն ուղտերով վաճառականների հյուրանոց։ Այստեղ եղել են և ուղտերի, և մարդկանց համար նախատեսված սենյակներ։

Թալինի քարավանատուն
Տեսակիջևանատուն
Երկիր Հայաստան[1]
ՏեղագրությունԹալին[1]
Հիմնադրված է13-րդ դար
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 396 — 992 էջ։