Ուիլյամ Ջոն Քլիֆթոն Հեյլի (անգլ.՝ William John Clifton Haley, հուլիսի 6, 1925(1925-07-06)[1][2][3][…], Highland Park, Ուեյն շրջան, Միչիգան, ԱՄՆ - փետրվարի 9, 1981(1981-02-09)[1][2][3][…], Harlingen, Քեմերոն շրջան, Տեխաս, ԱՄՆ), ամերիկացի երաժիշտ, երգիչ, երգահան, ռոքնռոլի առաջին կատարողներից մեկը։ «Rock Around the Clock» (1954 թվական) երգը, որը ձայնագրել է իր «Comets» (անգլ.՝ The Comets) խմբի հետ, մեծ ազդեցություն է ունեցել ռոքնռոլի տարածման վրա։

Բիլ Հեյլի
Բնօրինակ անունանգլ.՝ Bill Haley
Ի ծնե անունանգլ.՝ William John Clifton Haley
Ծնվել էհուլիսի 6, 1925(1925-07-06)[1][2][3][…]
Highland Park, Ուեյն շրջան, Միչիգան, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Մահացել էփետրվարի 9, 1981(1981-02-09)[1][2][3][…] (55 տարեկան)
Harlingen, Քեմերոն շրջան, Տեխաս, ԱՄՆ
Ժանրերռոք և Քանթրի
Մասնագիտություներգիչ, բենդ-լիդեր, դիրիժոր, yodeler, կոմպոզիտոր, դերասան, կիթառահար, ռադիոհաղորդավար, երգերի հեղինակ և ստուդիական երաժիշտ
Գործիքներկիթառ և վոկալ
ԼեյբլԴեկա Ռեկորդս
ԱնդամակցությունBill Haley and The Saddlemen?, Bill Haley & Four Aces Of Western Swing? և Bill Haley & His Comets
Պարգևներ
Կայքbill-haley.com
 Bill Haley Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Վաղ տարիներ և կարիերայի սկիզբ խմբագրել

 
Բիլ Հեյլին և «Comets»-ը ելույթ են ունենում, 1974 թվական

Բիլ Հեյլիի ամբողջական անունն է Ուիլյամ Ջոն Քլիֆթոն Հեյլի։ Շատ հեղինակներ պնդում են, որ Հեյլին ծնվել է 1927 թվականին, բայց այս ամսաթիվը օգտագործվել է երաժշտի տարիքը կարիերայի նպատակներով փոքրացնելու համար անցյալ դարի 50-ականներին՝ փառքի գագաթնակետին։ Մի քանի աղբյուրներ սխալմամբ նշում են 1924 թվականը որպես Հեյլիի ծննդյան տարի։ Սակայն իրական ամսաթիվը 1925 թվականի հուլիսի 6-ն է։

Ծնվել է Հայլենդ Պարկում (Միչիգան), հայրը՝ Հեյլի Ուիլյամ Ալբերտ Հեյլին (1900-1956 թվականներ), Կենտուկիից էր, մայրը՝ Մոդ Գրինը (1895-1955 թվականներ)՝ Անգլիայից (Ալվերսթոն, Լանկաշիր)։ 1929 թվականին չորսամյա Հեյլին տարել է ներքին ականջի պտկաձև ելուստի բորբոքման վիրահատություն, որի ժամանակ պատահաբար կտրել են տեսողական նյարդը՝ տղային թողնելով կուրացած ձախ աչքով (կարծիք կա, որ ֆիրմային մազափունջը երաժշտի աջ աչքի վերևում արվել էր ուշադրությունը ձախ աչքից շեղելու համար, բայց արդյունքում դա դարձել է նրա կերպարի առանձնահատկությունը և ավելացրել նրա ժողովրդականությունը կարիերա կառուցելիս[4])։ Երբ Բիլը յոթ տարեկան էր, նրա ընտանիքը տեղափոխվել է Վեֆիլ (Փենսիլվանիա), որպեսզի փրկվի Միչիգանում Մեծ Դեպրեսիայի պատճառած տխուր հետևանքներից[5]։

Հեյլիի ծնողները սիրում էին երաժշտություն. հայրը նվագում էր բանջո և մանդոլին, իսկ մայրը վարժ տիրապետում էր ստեղնաշարային գործիքների՝ իր դասական կրթության շնորհիվ[6]։ Հեյլին պատմել է, թե ինչպես է մանկուց ինքնուրույն պատրաստել ստվարաթղթե կիթառ, որից հետո ծնողները նրա համար իսկականն են գնել։ Նրա առաջին ելույթներից մեկը եղել է 1938 թվականին՝ «Bethel Junior» բեյսբոլի թիմի հանգստի միջոցառման ժամանակ, որտեղ տասներեքամյա Բիլը երգեր էր երգում և կիթառ նվագում[7]։

Բիլ Հեյլիի «Rock Around the Clock» ալբոմի անանուն գրառումները (Decca, 1956 թվական) նկարագրում են Հեյլիի վաղ կյանքն ու կարիերան այսպես. «Երբ Բիլ Հեյլին տասնհինգ տարեկան էր, նա գնաց տնից՝ վերցնելով միայն կիթառը, և գնաց դեպի փառքի ու հաջողության հասնելու դժվարին ճանապարհը։ Հաջորդ մի քանի տարիները, ըստ առասպելական բոլոր կանոնների, ծանր ու աղքատ էին, բայց լի էին օգտակար փորձով։ Բացի այն, որ նա սովորում էր, թե ինչպես գոյատևել՝  օրական մեկ անգամ ուտելով, այլ գեղարվեստական վարժություններ կատարելով, նա աշխատում էր բացօթյա զբոսայգու շոուում, երգում էր երգեր և յոդլներ (առանց բառերի երգելու հատուկ ձև) իրեն հրավիրող ցանկացած խմբի հետ, աշխատում էր շրջիկ բժշկական շոուի հետ։ Նա, ի վերջո, միացավ հանրաճանաչ խմբին, որը հայտնի է որպես «Down Homers», երբ նրանք գտնվում էին Կոնեկտիկուտ նահանգի Հարթֆորդ քաղաքում։ Դրանից անմիջապես հետո նա որոշեց, որ կրկին կդառնա իր շեֆը։

1940-ականներին Հեյլին համարվում էր Ամերիկայի լավագույն կովբոյ-յոդլերներից մեկը «Արծաթյա Յոդլեր Հեյլի» անվամբ[8]։ Աղբյուրներից մեկը պնդում է, որ Հեյլին իր կարիերան սկսել է որպես «ճամփորդող յոդլեր» «The Saddlemen» քանթրի խմբում[9]։

Գրառումներում վաղ կարիերայի նկարագրությունն ավարտվում է հետևյալով․ «Վեց տարի Բիլ Հեյլին եղել է Փենսիլվանիայի Չեստեր քաղաքում WPWA ռադիոկայանի երաժշտական տնօրենը, այդ ընթացքում ղեկավարել է իր սեփական վեսթերն խումբը։ Նրանք շարունակեցին նվագել Ֆիլադելֆիայի՝ Փենսիլվանիայի ամենամեծ քաղաքի շրջակայքի ակումբներում և ռադիոյով, իսկ Ֆիլադելֆիայում 1951 թվականին կատարեցին իրենց առաջին ձայնագրությունները Էդ Ուիլսոնի «Keystone Records»-ում։

«Bill Haley and His Comets» խմբագրել

1952 թվականին «The Saddlemen»-ը վերանվանվել է «Bill Haley with Haley's Comets»: Անունը ոգեշնչված էր Հալլիի գիսաստղի ենթադրյալ պաշտոնական արտասանությունից և առաջարկվել էր Բոբ Ջոնսոնի կողմից՝ WPWA ռադիոկայանի ծրագրերի տնօրենի կողմից, որտեղ Բիլ Հեյլին ուղիղ ռադիոհաղորդում ուներ 12:00-ից մինչև 13:00-ը: 1953 թվականին Հեյլիի «Crazy Man, Crazy» երգի ձայնագրությունը դարձել է առաջին ռոքնռոլ երգը, որը հայտնվել է ամերիկյան չարթերում՝ բարձրանալով 12-րդ հորիզոնական «Billboard»-ում և 11-րդ հորիզոնական «Cash Box»-ում։ Շուտով խմբի անունը վերանայվել և դարձել է «Bill Haley & His Comets»:

1954 թվականին Հեյլին ձայնագրել է «Rock Around the Clock»[10]։ Սկզբում այն միջին հաջողություն է ունեցել՝ «Cash Box» փոփ սինգլների հիթ-շքերթում զբաղեցնելով 36-րդ տեղը և ընդամենը երկու շաբաթ մնալով չարթերում։ Կրկին թողարկվելիս ձայնագրությունը հասել է 1-ին հորիզոնականին 1955 թվականի հուլիսի 9-ին։

Հեյլին արդեն համաշխարհային հիթ ուներ՝ «Shake, Rattle and Roll»-ը․ «Big Joe Turner»-ի ռիթմ ընդ բլյուզ ոճի երգերից մեկի իրենց տարբերակը շարունակեց վաճառվել մեկ միլիոն օրինակով և դարձավ առաջին ռոքնռոլ երգը, որը 1954 թվականի դեկտեմբերին մուտք է գործել՝ դառնալով «ոսկե ձայնագրություն»։ Նա պահպանել էր բնօրինակի տարրերը (որը դանդաղ բլյուզ էր), բայց այն արագացրել էր՝ երգին քանթրի երաժշտության որոշ տարրեր ավելացնելով (մասնավորապես՝ western swing) և փոխեl բառերը։ Հեյլին և նրա խումբը կարևոր դեր են ունեցել «Ռոքնռոլ» անունով հայտնի երաժշտությունը ավելի լայն լսարանի համար ներկայացնելու գործում, այն ժամանակ, երբ այն համարվում էր ընդհատակյա ժանր։

Երբ «Rock Around the Clock»-ը հայտնվել էր որպես 1955 թվականի «Դպրոցական ջունգլիներ» ֆիլմի սաունդթրեքը՝ Գլեն Ֆորդի գլխավոր դերակատարմամբ, այն ութ շաբաթ շարունակ գտնվել էր ամերիկյան «Billboard» հիթ-շքերթում։ Սինգլը սովորաբար օգտագործվում է որպես «ռոքի դարաշրջանի» և դրան նախորդած երաժշտական ինդուստրիայի միջև սահմանազատման գիծ։ «Billboard»-ը բաժանեց իր վիճակագրական աղյուսակները «1890–1954» և «1955–ներկայիս» խմբերի։ Այն բանից հետո, երբ ռեկորդը բարձրացել էր առաջին հորիզոնական, Հեյլին լայն տարածում գտավ նրանց շրջանում, ովքեր եկել էին ընդունելու երաժշտության նոր ոճը։ Երգի հաջողության շնորհիվ ռոք երաժշտության դարաշրջանը սկսվեց մեկ գիշերվա ընթացքում և վերջ դրեց ջազ և փոփ երաժշտության ստանդարտների գերակայությանը՝ կատարվող Ֆրենկ Սինատրան, Ջո Սթաֆֆորդը, Պերի Կոմոն, Բինգ Քրոսբին, Էդի Ֆիշերը և Փաթի Փեյջը։ «Rock Around the Clock»-ը նաև առաջին ձայնասկավառակն էր, որը վաճառվել է ավելի քան մեկ միլիոն օրինակով ինչպես Մեծ Բրիտանիայում, այնպես էլ Գերմանիայում։

Անձնական կյանք խմբագրել

Ամուսնություններ խմբագրել

Հեյլին ամուսնացել է երեք անգամ.

  • Դորըթի Քրոուի (դեկտեմբերի 11, 1946 - նոյեմբերի 14, 1952) (բաժանված, երկու երեխա)
  • Բարբարա Ջոան Սոպչակ (նոյեմբերի 18, 1952 - 1960) (բաժանված, հինգ երեխա)
  • Մարթա Վալեսքո (1963 - փետրվարի 9, 1981) (մինչ մահը, երեք երեխա)[11]

Երեխաներ խմբագրել

Հեյլին առնվազն տասը երեխա ուներ։ Ջոն Վ. Հեյլին՝ նրա ավագ որդին, գրել է «Sound and Glory»-ը՝ Հեյլիի կենսագրությունը[12]։ Նրա կրտսեր դուստրը՝ Ջինա Հեյլին, պրոֆեսիոնալ երաժիշտ է, բնակվում է Տեխասում[13]։ Սքոթ Հեյլին մարզիկ է։ Նրա կրտսեր որդին՝ Պեդրոն, նույնպես երաժիշտ է[14]։

Նա նաև դուստր ուներ՝ Մարթա Մարիան, Մարթա Վելասկոյի հետ իր վերջին ամուսնությունից[14]։

Բիլ Հեյլի կրտսերը՝ Հեյլիի երկրորդ որդին և Ջոան Բարբարայի առաջին որդին՝ «Քափփի» Հեյլի-Հանը, հրատարակում է տարածաշրջանային բիզնես ամսագիր[15]։ 2011 թվականի փետրվարին նա ստեղծեց հարգանքի տուրքի խումբ, որը կատարում էր իր հոր երաժշտությունը և պատմում երգերի հիմքում ընկած պատմությունները[16]։

Վերջին տարիներ և մահ խմբագրել

Հայտնի հարբեցող[17][18][19] Հեյլին մինչ 1970-ականները պայքարել է ալկոհոլի դեմ։ Այնուամենայնիվ, նա և իր խումբը շարունակում էին լինել հանրաճանաչ հյուրախաղային խումբ՝ օգուտ քաղելով 1950-ականների նոստալգիայի շարժումից, որը սկսվել է 1960-ականների վերջին, և ձայնագրման շահավետ գործարք կնքելով եվրոպական «Sonet» լեյբլի հետ։ 1979 թվականի նոյեմբերի 26-ին թագուհի Եղիսաբեթ II-ի համար ելույթ ունենալով «Royal Variety Performance»-ում՝ Հեյլին իր վերջին ելույթները կատարել է Հարավային Աֆրիկայում 1980 թվականի մայիսին և հունիսին[20]։ Մինչ հարավաֆրիկյան շրջագայությունը, նրա մոտ ախտորոշեցին գլխուղեղի ուռուցք։ Այնուհետև, 1980 թվականի աշնանը Հեյլիի ծրագրած շրջագայությունը Գերմանիա ստիպված էր չեղարկել։

Չնայած իր հիվանդությանը՝ Հեյլին սկսել էր գրառումներ հավաքել, որը հնարավոր կլիներ օգտագործել որպես հիմք իր կյանքի վրա հիմնված կենսագրական ֆիլմի կամ հրապարակված ինքնակենսագրության համար։ Նախատեսել էր ալբոմ ձայնագրել Մեմֆիսում, երբ գլխուղեղի ուռուցքը սկսեց ազդել նրա վարքի վրա, և նա վերադարձավ Տեխաս նահանգի Հառլինգեն՝ իր տուն։

Հեյլին մահացել է Հառլինգենի իր տանը 1981 թվականի փետրվարի 9-ին 55 տարեկան հասակում[21]։ Նրան անշարժ պառկած անկողնու վրա հայտնաբերել է ընկերը, ով եկել էր նրան այցելելու։ Ընկերն անմիջապես ոստիկանություն է կանչել, դեպքի վայրում Հեյլին մահացած է եղել[18]։

Հեյլիի մահվան վկայականում որպես պատճառ նշվում է «բնական պատճառներ, ամենայն հավանականությամբ՝ սրտի կաթված»[22]։ Փոքրիկ թաղման արարողությունից հետո, որին մասնակցել է 75 մարդ[18], Հեյլին դիակիզվել է Տեխաս նահանգի Բրաունսվիլ քաղաքում[23]։

Ժառանգություն խմբագրել

2006 թվականի փետրվարին Միջազգային աստղագիտական միությունը 79896 աստղակերպն անվանեց Բիլ Հեյլիի անունով՝ ի պատիվ երաժշտի մահվան 25-րդ տարելիցի։

2007 թվականի մարտին «Original Comets»-ը բացեց Բիլ Հեյլիի թանգարանը Գերմանիայի Մյունխեն քաղաքում[24]։

Մրցանակներ խմբագրել

1982 թվականին Հեյլիի «Rock Around the Clock» երգն ընդգրկվել է Գրեմմիի փառքի սրահում՝ հատուկ «Գրեմմի» մրցանակ, որը ընդունվել է 1973 թվականին՝ հարգելու առնվազն 25 տարեկան և «որակական կամ պատմական նշանակություն ունեցող» ձայնագրությունները։

Բիլ Հեյլին հետմահու ընդգրկվել է Ռոքնռոլի փառքի սրահում 1987 թվականին։

2017 թվականի դեկտեմբերին Հեյլին ընդգրկվել է Ռիթմ ընդ բլյուզի փառքի սրահում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Morthland J. Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. Otto Fuchs Bill Haley: The Father of Rock & Roll. — Wagner, 2014. — С. 16. — ISBN 9783866839014
  5. George Walter Goodley Bethel Township Delaware County, Pennsylvania Thru Three Centuries. — 1987. — С. 97.
  6. «Bill Haley and his Comets». Classic Bands.
  7. Bill Haley: The Daddy of Rock and Roll. John Swenson. 1982. Stein and Day. pages 15, 17. 0-8128-2909-3
  8. «Bill Haley and the Saddlemen». Hillbilly-Music.com. 1981 թ․ փետրվարի 9. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 4-ին.
  9. Stuart Kallen The History of American Pop. — Greenhaven Publishing LLC, 2012. — ISBN 978-1420506723
  10. Dawson 2005
  11. «Bill Haley». IMDb.
  12. «Bill Haley 1925–1981». Rockabilly Hall of Fame. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 24-ին.
  13. Carman, Tim. "Rock and Roll Royalty" Արխիվացված Հոկտեմբեր 12, 2012 Wayback Machine, The Houston Press, Houston, May 18, 1995.
  14. 14,0 14,1 Bruce Lee Smith (2009 թ․ փետրվարի 6). «Pioneer Haley almost forgotten in Harlingen». AIM Media Texas. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 22-ին.
  15. «Route 422 Business Advisor – About Us». Route 422 Business Advisor. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 24-ին.
  16. [1] (չաշխատող հղում)
  17. 1974 radio interview for the BBC
  18. 18,0 18,1 18,2 «Falling Comet». Texas Monthly (անգլերեն). 2011 թ․ հունիսի 1. Վերցված է 2020 թ․ հունվարի 25-ին.
  19. Bronson, Fred (2003). The Billboard Book of Number One Hits (անգլերեն). Billboard Books. ISBN 978-0-8230-7677-2.
  20. «Performances :: 1979, London Theatre Royal | Royal Variety Charity». Royalvarietycharity.org. Վերցված է 2023 թ․ մայիսի 12-ին.
  21. "Obituary for Bill Haley", New York Times, February 10, 1981.
  22. Bill Haley: The Daddy of Rock and Roll, p. 164, by John Swenson (Pub. Stein and Day 1982). 0-8128-2909-3
  23. Bill Haley. ISBN 9783862795376.
  24. «Rockithydra» (գերմաներեն). Rockithydra.de. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 4-ին.

Գրականություն խմբագրել

  • Jim Dawson, Rock Around the Clock: The Record That Started the Rock Revolution! (San Francisco: Backbeat Books, 2005)
  • John W. Haley and John von Hoëlle, Sound and Glory (Wilmington, DE: Dyne-American, 1990)
  • John Swenson, Bill Haley (London: W.H. Allen, 1982)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիլ Հեյլի» հոդվածին։