Աստղային եղբայրներ

Գեորգի Ֆրանգուլյանի քանդակը

«Աստղային եղբայրներ» (ռուս.՝ «Звездные братья»), հայ քանդակագործ, ՌԴ ժողովրդական նկարիչ Գեորգի Ֆրանգուլյանի 1979 թվականին ստեղծված քանդակը, որը պահվում է Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում (գույքահամար՝ СКС-1600)։ Պատկերասրահ է բերվել ԽՍՀՄ մշակույթի նախարարությունից՝ 1985 թվականին, ձեռք է բերվել հեղինակից[1]։

Աստղային եղբայրներ
Տեսակքանդակ
ՔանդակագործԳեորգի Ֆրանգուլյան
Ստեղծում1979
Բարձրություն200 սանտիմետր
Լայնություն100 սանտիմետր
Երկիր Ռուսաստան
ՔաղաքՄոսկվա
Նյութպղինձ
կայք

Հեղինակի մասին խմբագրել

Գեորգի Վարդանի Ֆրանգուլյանը հայ խորհրդային և ռուսաստանցի քանդակագործ է, պրոֆեսոր, Ռուսաստանի արվեստի ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի Դաշնության ժողովրդական նկարիչ։ Ֆրանգուլյանը ստեղծագործական լայն դիապազոնով վառ նորարար քանդակագործ է՝ օժտված ստեղծագործելու անսպառ ուժով։ Նա աշխատում է հաստոցային և մոնումենտալ քանդակագործության մեջ՝ օգտագործելով ոչ միայն ավանդական նյութեր, այլև կերամիկա, մոմ, ապակի, հայելիներ և նույնիսկ՝ ջուր։ Ֆրանգուլյանը որպես քանդակի ստեղծման նախապատրաստական փուլ օգտագործում է գծանկարներն ու մոնումենտալ գրաֆիկան[1]։

Քանդակի նկարագրություն խմբագրել

«Աստղային եղբայրներ» կոմպոզիցիան նվիրված է տիեզերական ճամփորդությունների ռոմանտիկային։ Խոշոր երեսակված հարթությունները ֆիգուրներին տալիս են մոնումենտալություն, ծանրակշռություն, ընդհանրացված ուրվագծերն արտահայտում են տիեզերական ճամփորդների ֆիզիկական և բարոյական ուժը։ Կոմպոզիցիայի կառուցման հստակությունն ու համարձակությունը դրսևորվում են լիարժեք պլաստիկայի և քանդակի ձևի մեջ ակտիվորեն ներառված տարածության սինթեզում։ Քանդակն ինքնին կառուցողական է և առարկայական, բայց վարպետի ոգեշնչման հիմնական աղբյուրը մնում է մարդը՝ որպես գեղագիտական և էթիկական իդեալի չափանիշ[1]։

«Աստղային եղբայրներ» կոմպոզիցիան պատրաստված է կռածո պղնձից։ Բարձրությունը 2 մետր է, լայնությունը՝ 1 մետր, խորությունը՝ 0,5 մետր[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Звездные братья». my.tretyakov.ru. Վերցված է 2023 թ․ մայիսի 8-ին.