Տրետյակովյան պատկերասրահ

Տրետյակովյան պատկերասրահ (ռուս.՝ Государственная Третьяковская галерея), ռուսական և խորհրդային արվեստի խոշորագույն պատկերասրահ Մոսկվայում։ «Տրետյակովյան պատկերասրահ» անվանումը ստացել է հիմնադիր Պավել Տրետյակովի ազգանունից, որը նկարներ հավաքելով (1856 թվականից) նպատակադրվել էր ստեղծել ռուսական ազգային արվեստի հանրամատչելի թանգարան։

Տրետյակովյան պատկերասրահ
Տեսակպատկերասրահ, թանգարանի շենք, թանգարան և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՄոսկվայի կենտրոնական վարչական շրջան, Յակիմանկա, Մոսկվա և Ռուսաստան
ՎայրԶամոսկվորեչիե
ՀասցեLavrushinsky Ln, 10238318
Հիմնադրվել է1856[1]
ՀիմնադիրՊավել Տրետյակով[2]
Այցելուներ1 626 825 մարդ (2015)[3][4], 2 148 538 մարդ (2018)[5], 2 835 836 մարդ (2019)[6] և 1 580 819 մարդ (2021)[7]
ՏնօրենԶելֆիրա Տրեգուլովա[8][9] և Ելենա Պրոնիչևա[10]
Կայքtretyakovgallery.ru(ռուս.)
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

1892 թվականին Տրետյակովը իր, ինչպես նաև եղբորից՝ Ս․ Մ․ Տրետյակովից ժառանգած հավաքածուները նվիրել է Մոսկվային (մինչև 1918 թվականը թանգարանը կոչվել է Պ․ և Ս․ Տրետյակովների մոսկովյան քաղաքային գեղարվեստական պատկերասրահ)։ 1918 թվականին Վ․ Ի․ Լենինի ստորագրությամբ ժողկոմխորհի դեկրետով Տրետյակովյան պատկերասրահը ազգայնացվել է։ Խորհրդային տարիներին այն մեծապես ընդլայնվել է (1917 թվականին՝ մոտ 4, 000 ստեղծագործություն, 1975 թվականին՝ 55, 000)։ Տրետյակովյան պատկերասրահի հավաքածուին է միացվել Սրբանկարչության և գեղանկարչության թանգարանը (Ի․ Ս․ Օստրոուխովի նախկին հավաքածուն), Ցվետկովսկայա պատկերասրահը՝ ռուսական գծանկարի մեծարժեք ժողովածուով, Ռումյանցևի թանգարանից՝ ռուս նկարիչների գործերի հավաքածուն, ազգայնացված մի քանի մասնավոր հավաքածուներ։ Պատկերասրահը մշտապես հարստանում է պետական գնումների հաշվին։

Տրետյակովյան պատկերասրահի հավաքածուն ընդգրկում է գեղանկարչություն, գրաֆիկա, քանդակ, դեկորատիվ-կիրառական արվեստի առանձին գործեր, այնտեղ ներկայացված են 11-րդ դ․ - 20-րդ դ․ սկզբի ռուսական արվեստը և սովետական արվեստը։ Ամբողջական են ներկայացված հատկապես 19-րդ դ․ 2-րդ կեսի ռուսական գեղանկարչությունը, պերեդվիժնիկների լավագույն գործերը, XIX դարի վերջի և XX դարի սկզբի ռուս նկարիչները, «Միր իսկուստվայի», «Ռուս նկարիչների միության», «Գոլուբայա ռոզայի», «Բուբնովի վալետի» վարպետները։ Տրետյակովյան պատկերասրահում ըստ արժանվույն են ներկայացված սովետական արվեստի զարգացման բոլոր փուլերը։

Պատկերասրահը ԽՍՀՄ-ի խոշորագույն գիտագեղարվեստական հիմնարկություն է, մեծ աշխատանք է տանում իր հավաքածուն ժողովրդի լայն խավերին ծանոթացնելու բնագավառում (էքսկուրսիաներ, դասախոսություններ, մշտական և շարժական ցուցահանդեսներ և այլն)։ 1975 թվականին Տրետյակովյան պատկերասրահը հաճախել է 1, 623, 000 մարդ (1881 թվականին՝ մոտ 8, 000)։

Պատկերասրահի շենքը զբաղեցնում է Տրետյակովի վերակառուցված տունը և մի շարք տարբեր ժամանակների շինություններ։ Գլխավոր ճակատը կառուցվել է 1902 թվականին՝ նկարիչ Վիկտոր Վասնեցովի նախագծով։

Հայ արվեստագետները Տրետյակովյան պատկերասրահում խմբագրել

Տրետյակովյան պատկերասրահում տեղ են գտել հայ նկարիչներից Եղիշե Թադևոսյանի, Մարտիրոս Սարյանի, Հակոբ Կոջոյանի, Մինաս Ավետիսյանի, Մհեր Աբեղյանի, Հովհաննես Զարդարյանի, Մարիամ և Երանուհի Ասլամազյանների, Գրիգոր Խանջյանի, քանդակագործներից՝ Գ․ Քեպինովի, Արա Սարգսյանի, Նիկողայոս Նիկողոսյանի և ուրիշների աշխատանքները։

2016 թվականին պատկերասրահում բացվել է ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին նվիրված «Ճանապարհորդություն դեպի ծով» խորագիրը կրող նկարների ցուցադրությունը[11]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տրետյակովյան պատկերասրահ» հոդվածին։