Անթառամ Ահարոնյան (ի ծնե՝ Գեղուհի, 1924, Մոնտեվիդեո, Ուրուգվայ - անհայտ), դաշնակահարուհի։

Անթառամ Ահարոնյան
Դիմանկար
Ծնվել է1924
ԾննդավայրՄոնտեվիդեո, Ուրուգվայ
Մահացել էանհայտ
Մասնագիտությունդաշնակահարուհի

Կրթություն խմբագրել

Աշակերտել է լեհ դաշնակահար Կոլիշերին, կատարելագործվել՝ գերմանացի դաշնակահար Վալտեր Գիզեքինգի ղեկավարությամբ։ 1952 թվականին տեղափոխվել է Բուենոս Այրես, հաճախել նշանավոր դաշնակահարներ Մալբուխի և Կոնսուելոյի, ապա՝ Լ. Սպենայի կոմպոզիցիայի դասընթացներին։

Կարիերա խմբագրել

Ֆերենց Լիստի, Ռոբերտ Շումանի,Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Քամիլ Սեն-Սանսի, Կլոդ Դեբյուսիի, Լյուդվիգ վան Բեթհովենի գործերից ընտրված երգացանկով հանդես է եկել մենահամերգներով։ Ելույթներ է ունեցել նաև Բուենոս Այրեսի նշանավոր «Պեսինա» լարային քառյակի, դուետով՝ իսպանացի դաշնակահարուհի Ն. Ջիակոսայի հետ։

Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի,Կարո Զաքարյանի տրիոների, Էդգար Հովհաննիսյանի ջութակի և դաշնամուրի սոնատների դաշնամուրի նվագամասերն է կատարել Արգենտինայում, Ուրուգվայում, Բրազիլիայում, հանդես է եկել համերգ-դասախոսություններով՝ նվիրված Կոմիտասին, Ալեքսանդր Սպենդիարյանին, Արմեն Տիգրանյանին, Սայաթ-Նովային, Արամ Խաչատրյանին, Առնո Բաբաջանյանին։

1960 թվականին Մոնտեվիդեոյի «Սոդրի» պետական թատերասրահի գարնանային համերգաշրջանը բացվել է հայկական երաժշտությանը նվիրված համերգով, որի կազմակերպիչն ու մասնակիցն էր Անթառամ Ահարոնյանը։ 1975 թվականին եղել է Ուրուգվայի երաժշտության խորհրդի և դաշնակահարների միջազգային մրցանակաբաշխության ընդհանուր քարտուղար, 1982, 1984, 1986, 1988 թվականներին՝ Հարավային Ամերիկայում կազմակերպված միջազգային փառատոների հանձնախմբերի անդամ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։