Արմեն Տիգրանյան (երգահան)

հայ կոմպոզիտոր
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմեն Տիգրանյան (այլ կիրառումներ)

Արմեն Տիգրանյան (դեկտեմբերի 14 (26), 1879, Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - փետրվարի 10, 1950(1950-02-10)[1][2], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1])՝ հայ երգահան, խմբավար, ՀԽՍՀ և ՎԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, հայկական ազգային օպերայի հիմնադիրն է։ Նրա առավել հայտնի գործերն են «Անուշ» (1912 թվական) և «Դավիթ-Բեկ» (1950 թվական) օպերաները[3]։ Արմեն Տիգրանյանը վաղ տարիքից նվագել է ֆլեյտա, մասնակցել դպրոցական փողային նվագախմբի համերգներին։ Նրա երաժշտական ճաշակի ձևավորման վրա էապես ազդել է Շիրակի երաժշտարվեստի, հայկական ժողովրդական և գուսանական երաժշտության առանձնահատկությունների յուրացումը։ Նրանց տանը հաճախ են հավաքվել արվեստագետներ, բանաստեղծներ, կազմակերպվել գրական-երաժշտական երեկոներ։

Արմեն Տիգրանյան
Ծնվել էդեկտեմբերի 14 (26), 1879
Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Երկիր Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մահացել էփետրվարի 10, 1950(1950-02-10)[1][2] (70 տարեկան)
Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Ժանրերօպերա
Մասնագիտությունկոմպոզիտոր
ԳործիքներՖլեյտա
Պարգևներ
 Armen Tigranyan Վիքիպահեստում

Ստեղծագործական ուղի խմբագրել

1908 թվականին Տիգրանյանն սկսել է գրել իր առաջին՝ «Անուշ» օպերան (ըստ Հովհաննես Թումանյանի), որը հայկական երաժշտական թատրոնում հիմք է դրել ոճական նոր ուղղության։ Նույն թվականին օպերայի առանձին հատվածներ ներկայացվել են Թիֆլիսում։ «Անուշն» առաջին անգամ բեմադրվել է 1912 թվականին, Ալեքսանդրապոլում։ Հետագա 30 տարիների ընթացքում կոմպոզիտորը բազմիցս անդրադարձել է «Անուշ» օպերային. կատարել է որոշ փոփոխություններ, հավելումներ, վերանայել է գործիքավորումը։

Երևանի օպերայի և բալետի թատրոնում «Անուշն» առաջին անգամ բեմադրվել է 1935 թվականին, իսկ 1939 թվականին ներկայացվել է Մոսկվայում՝ հայ արվեստի և գրականության տասնօրյակին։ Օպերան աչքի է ընկնում ժողովրդական տոների և ծեսերի վառ ու գունեղ տեսարաններով, քնարական երգերով, զուգերգերով ու խմբերգերով։ Կոմպոզիտորի ստեղծած մեղեդիները տարածվել են և ըստ էության դարձել ժողովրդական։

 
Արմեն Տիգրանյանի հուշարձանը Երևանում

1913 թվականից Տիգրանյանը բնակվել է Թիֆլիսում. մասնակցել է Հայոց երաժշտական ընկերության (1912–1921 թվականներ) աշխատանքներին, դասավանդել Հովնանյան դպրոցում, հանդես եկել համերգներով։ Կոմպոզիտորը գրել է նոր ստեղծագործություններ. երաժշտություն՝ «Լեյլի և Մեջնուն» դրամայի (բեմադրվել է 1918 թվականին, Թիֆլիսում), «Արևելյան պար»՝ սիմֆոնիկ նվագախմբի համար, խմբերգեր, մշակել ժողովրդական երգեր։

1920–30-ական թվականներին Տիգրանյանն ստեղծել է մի շարք երգեր, կանտատներ, խմբերգային երկեր, դաշնամուրային պիեսներ՝ «Պարերգ», «Հայկական պարերի սյուիտ», «Արևելյան ֆանտազիա», «Շիրակ զմրուխտի», «Մանկական ալբոմ» («Իրիկնային», «Սրինգ», «Օրորոցի երգ» և այլն)։

Հայրենական մեծ պատերազմի (1941– 1945 թվականներ) տարիներին կոմպոզիտորը գրել է հայրենասիրական երկեր, «Պարային սյուիտ»՝ սիմֆոնիկ նվագախմբի համար, և պատմահայրենասիրական «Դավիթ Բեկ» օպերան (ըստ Րաֆֆու), որը գաղափարական հագեցվածությամբ, քաղաքացիական պաթոսով, երաժշտական լեզվի ժողովրդայնությամբ նոր քայլ էր ազգային օպերային արվեստում։ Օպերան հարուստ է գեղջկական, քաղաքային, գուսանական և հոգևոր երաժշտության տարրերով։ Տիգրանյանն օպերան ավարտել է 1949 թվականին, սակայն «Դավիթ Բեկի» առաջին ներկայացումը տեղի է ունեցել 1950 թվականին՝ կոմպոզիտորի մահվանից հետո՝ Երևանի օպերայի և բալետի թատրոնում։

Տիգրանյանը գրել է երաժշտություն նաև թատրոնի համար (Տիգրան Հախումյանի «Խավարի ճանկերում», Արմեն Գուլակյանի «Արշալույսին», «Գիքոր», «Մի կաթիլ մեղր» (երկուսն էլ՝ ըստ Հովհաննես Թումանյանի), «Անահիտ» (ըստ Ղազարոս Աղայանի), «Նամուս» (ըստ Ալեքսանդր Շիրվանզադեի), «Սամվել», «Դավիթ Բեկ» (երկուսն էլ՝ ըստ Րաֆֆու) և այլն), հայերեն է թարգմանել Ջուզեպպե Վերդիի «Ռիգոլետտո» և Ժորժ Բիզեի «Կարմեն» օպերաների լիբրետոները։

Տիգրանյանի անունով կոչվել են փողոցներ, երաժշտական դպրոցներ Երևանում և Գյումրիում, Երևանի օղակաձև զբոսայգում տեղադրվել է նրա հուշարձանը, Գյումրիում գործում է տուն-թանգարանը։

Արմեն Տիգրանյանը թաղված է Երևանի Կենտրոնական Գերեզմանոցում, ավելի հայտնի Թոխմախի գերեզմանոց անվամբ[4]։ Ըստ hush.am կայքի նա թաղված է Ելիզավետա Արիստակեսյանի և Վարդան Տիգրանյանի հարևանությամբ։

 
Արմեն Տիգրանյանի հուշատախտակը Երևանում

ւն Ա. Տիգրանյանի և նրա գործունեության մ խմբագրել

Տես նաև խմբագրել

ԾանոթագրություններԳրականությոասին խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Тигранян Армен Тигранович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. Opera Class
  4. Տիգրանյանի գերեզմանաքարը Թոխմախի գերեզմանոցում
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արմեն Տիգրանյան (երգահան)» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արմեն Տիգրանյան (երգահան)» հոդվածին։