Ֆիկոմիցետ (Phycomycetes), ստորակարգ սնկերի դաս։

Սովորաբար ունեն զարգացած, բազմակորիզ, ոչ բջջային սնկամարմին։ Հայտնի է շուրջ 800 տեսակ։ Բազմացումը սեռական է՝ գամետներով և անսեռ սպորներով։ Ըստ սեռական պրոցեսի ձևի ֆիկոմիցետները բաժանվում են 2 ենթադասի՝ օռմիցետներ և զիգոմիցետներ, որոնք հաճախ ինքնուրույն դասեր են համարվում։ Մարմնի և սեռական օրգանների կազմությամբ ֆիկոմիցետները հիշեցնում են կանաչ ջրիմուռներին։

Սակայն հնարավոր է, որ այդ նմանությունն արտաքին է, կոնվերգենցիայի արդյունք, և ֆիկոմիցետները ծագել են արքիմիցետ սնկերից։ Երբեմն ֆիկոմիցետները և արքիմիցետները միավորում են մեկ ստորակարգ սնկերի դասում։ Ֆիկոմիցետների մեծամասնությունը սապրոֆիտ է և ապրում է ջրում, ավելի բարձր կազմակերպվածները հարմարվել են ցամաքային կենսակերպին։

Որոշ ֆիկոմիցետներ բույսերի, կենդանիների և մարդու մակաբույծներ են։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։