Քռայի կիկլոպյան ամրոց, Վարդաձոր գյուղից 2 կմ դեպի արևելք կա ոչ բարձր, հյուսիս-արևելքից դեպի հարավ-արևմուտք ձգվող մի բարձունք, որին տեղացիները Քռա անունն են տվել քարքարոտ լինելու պատճառով (մինչ ուրարտացիները այդ ամրոցը հավանորեն Թուլիխու է կոչվել)։ Ամրոցը գտնվում է բարձունքի գագաթին, բոլոր կողմերց շրջապատված է 4 մ լայնության պարիսպով։ Երևում են 2-րդ պարսպի հետքերը, որոնք ավելի թույլ են, անցնում են ամրոցի արևելյան մուտքից կիսաշրջանաձև դեպի հյուսիս, ապա, թեքվելով հյուսիս-արևմուտք ու արևմուտք, վերջանում համարյա նույն կետում, որտեղից սկսվում են։ Իրեն շրջապատող բնակատեղիով այն գրավում է ավելի քան 6 հա տարածություն, որից ավելի քան 1 հա-ն՝ ամրոցը։ Ամրոցն ունի 8 աշտարակ, բոլորը գրեթե հավասար մեծության։ Դրանցից 4-ը գտնվում են արևելյան և հարավարևմտյան մուտքերի աջ ու ձախ կողմերում, 2-ը՝ արևմտյան պարսպի, իսկ մյուս 2-ը՝ հյուսիսային պարսպամասերի վրա։ Մի խոշոր քառանկյունաձև աշտարակի հիմք գտնվում է 2-րդ պարսպի վրա, բարձրությունը պահպանվել է 3,7 մ, հավանաբար սա մի առանձին դիտակետ է եղել։ Ինչպես ամրոցի ներսում, նույնպես և նրանից դուրս երևում են բոլորաձև ու քառանկյունի բնակարանների պատերի հետքեր։ Ուրարտացիները, գրավելով այդ ամրոցը, ըստ երևույթին վերաշինություններ են կատարվել այնտեղ և օգտագործել իրենց նպատակներին։ Դա նկատվում է ամրոցի հարավարևմտյան և հյուսիսարևելյան պարիսպների կառուցման տեխնիկայից, որոնք ավելի կանոնավոր են շարված, ունեն ուղիղ գիծ։ Ամրոցի շրջակայքում գտնվել է ուրարտական սեպագիր արձանագրություն, որի մեջ հիշատակվում է, թե Ռուսան, Սարդուրի որդին գրավել է Լուերուխի երկիրը, որտեղից և մենք իմանում ենք այդ տերիտորիայի անունը։ Ամրոցը և բնակավայրը հարուստ են վերերկրյս զանազան հնագույն մշակույթի մնացորդներով, սակայն նրանք այնքան մանրացված են, որ դժվար է նրանց միջոցով որևէ բան ասել ամրոցի անցյալի վերաբերյալ։ Բնակավայրի արևմտյան կողմով հոսում է մի գետակ, որը կարող էր գոյություն ունենալ նաև հին ժամանակ և ջուր մատակարարել բնակիչներին։

Արտաքին հղումներ խմբագրել